Հոբի գիրք

2

ՅՈԲԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԸ

1Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց մէջ էր ու նրանց հետ Տիրոջ առաջ եկաւ կանգնեց նաեւ սատանան։ 2Եւ Տէրն ասաց սատանային. «Որտեղի՞ց ես գալիս»։ Այն ժամանակ սատանան Տիրոջն ասաց. «Եկել եմ՝ թափառելով անցնելով երկնքի ներքոյ եւ շրջելով ամէն տեղ»։ 3Եւ Տէրն ասաց սատանային. «Տեսա՞ր արդեօք իմ ծառայ Յոբին, որի նման ճշմարտախօս, անարատ, աստուածապաշտ, ամէն չար գործից հեռու մնացող մարդ չկայ երկրի վրայ. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղութեան մէջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստեան մատնեմ նրա ունեցուածքը»։ 4Պատասխան տուեց սատանան ու ասաց Տիրոջը. «Մորթի դէմ՝ մորթ. մարդն ինչ որ ունի՝ իր կեանքի համար կը տայ։ 5Բայց ահա մեկնի՛ր ձեռքդ, ձե՛ռք տուր նրա ոսկորին ու մարմնին, ու կը տեսնես, որ նա դէմառդէմ կ’անիծի քեզ»։ 6Տէրն ասաց սատանային. «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում, պայմանով որ նրա կեանքը պահես»։

7Եւ սատանան հեռացաւ Տիրոջ առաջից եւ ոտից գլուխ չարորակ վէրքերով պատեց Յոբին։ 8Եւ Յոբը խեցու մի կտոր առնելով՝ քերում էր թարախը. նստում էր աղբիւսում, քաղաքից դուրս։

9Ու երբ այս դէպքից շատ ժամանակ անցաւ, կինն ասաց նրան. «Մինչեւ ե՞րբ, դիմանալով, պիտի ասես, որ համբերելու ես դեռ մի որոշ ժամանակ՝ փրկութեան յոյս ակնկալելով։ Ահա ջնջուած է յիշատակդ երկրի երեսից, ոչնչացուած են տղաներդ ու աղջիկներդ՝ իմ որովայնի ծնունդները, որոնց ես իզուր վաստակեցի տառապանքով։ Դու ինքդ էլ զազրելի որդերի մէջ նստած ես բացօթեայ, իսկ ես, մոլորուած, ծառայի պէս տնից , տեղից տեղ ընկած՝ սպասում եմ, թէ ե՛րբ է արեգակը մտնելու, որ հանգստանամ իմ տառապանքներից ու ցաւերից, որոնք այժմ պատել են ինձ։ Արդ, մի խօ՛սք ասա Տիրոջն ու մեռի՛ր»։ 10Եւ Յոբը նրան նայելով՝ ասաց. «Խօսեցիր ինչպէս մի անզգամ . եթէ Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եւ իր հետ պատահած այս բոլոր դէպքերի ժամանակ Յոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամութիւն հանդէս բերեց Աստծու հանդէպ։

ԵՐԵՔ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԳԱԼՈՒՍՏԸ

11Երեք բարեկամներ՝ թեմնացիների արքայ Եղիփազը, սոքեցիների բռնակալ Բաղդատը եւ մինեցիների արքայ Սոփարը, լսելով այն բոլոր չարիքների մասին, որ հասել էին Յոբի վրայ, համաձայնելով եկան նրա մօտ, իւրաքանչիւրն իր աշխարհից՝ մխիթարելու եւ ամոքելու նրան։ 12Նրան հեռուից տեսնելով՝ չճանաչեցին. բարձրաղաղակ լաց եղան. իւրաքանչիւրն իր պատմուճանը պատառոտեց. երկինք նայելով՝ հող ցանեցին գլխներին։ 13Եօթն օր ու եօթը գիշեր նստեցին նրա շուրջը. նրանցից ոչ ոք մի բան չխօսեց հետը, որովհետեւ տեսնում էին նրան հասած սաստիկ մեծ հարուածները։

Էջմիածին · HYEJB1994