Հոբի գիրք

4

ԵՂԻՓԱԶ. ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ

(4. 1 -1 4. 2 2 )

1Եղիփազ Թեմնացին ասաց.

2«Մի՞թէ շատ անգամներ են ասուել քեզ խօսքեր տանջալից. եւ ո՞վ կը դիմանայ խօսքերիդ զօրութեան։

3Որովհետեւ եթէ խրատել ես դու շատերին, բռնել ես ձեռքը տկարի ու մխիթարել,

4խօսքովդ կանգնեցրել ոտքի անզօրին, եղել քաջալեր ծնկին կթոտած, - 5արդ քեզ վրայ են հասել տանջանքներ։ Բայց տագնապել ես։

6Չէ՞ որ երկիւղդ անզգամութիւն է, ինչպէս կասկածդ՝ ճամփի վրայ անչար։

7Յիշի՛ր դու արդ. այն ո՞ր անմեղն է կորել-գնացել, կամ երբեւէ արդարները եղե՞լ են արմատախիլ։

8Ինչպէս որ ես եմ տեսել միշտ. ով որ վարել է ու անպատշաճ սերմեր ցանել, փոխարէնը ցաւ է հնձելու։

9Կորչելու են Տիրոջ հրամանով, ոչնչացուելու զայրալից շնչից։

10Հանգել են զօրութիւնն առիւծի, գոչիւնը էգ եւ պերճութիւնը վիշապների։

11Սատկել է մրջնառիւծը՝ կեր չլինելուց. իրար են լքել կորիւններն առիւծի։

12Եթէ քո խօսքերում դեռ ճշմարիտ բան գոյութիւն ունենար, այդպիսի չար բաներ քեզ չէին պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելու հրաշակերտ բաներ նրանից։

13Գիշերային արհաւիրքներ ու դղրդիւններ ահ են գցել մարդկանց սրտում.

14դողումն ու սոսկումն են պատել ինձ եւ սաստիկ ցնցել ոսկորներն իմ։

15Մի շունչ դիպաւ իմ երեսին. քստմնեցին մազերս ու մարմինն իմ։

16Կանգնեցի, բայց չհասկացայ. տեսայ, բայց կերպարանք չկար աչքերիս առաջ։ Միայն շունչ ու մի շշնջիւն էի լսում։

17Մահկանացուն միթէ Տիրոջ մօտ աւելի մաքո՞ւր է, կամ մի մարդ աւելի անարա՞տ է քան գործերը Նրա,

18եթէ չի հաւատում իր ծառաներին, իսկ հրեշտակների վրայ խոտոր բաներ է նկատում։

19Արդ, գալով կաւէ տներում բնակուածներին ցեցի պէս կերաւ նրանց,

(մենք էլ միեւնոյն կաւից ենք),

20եւ առաւօտից մինչեւ երեկոյ նրանք գոյութիւն չեն ունենայ։ Քանի որ իրենք իրենց չէին կարող օգնել՝ կորան։

21Փչեց նրանց վրայ, ու չորացան, ոչնչացան նրանք, զի չունէին իմաստութիւն։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն