Հովնան մարգարեյի գիրք

1

ՅՈՎՆԱՆԻ ԿԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ

ՅՈՎՆԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՓԱԽՉԵԼ ՏԻՐՈՋԻՑ

1Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց. 2«Ելի՛ր եւ գնա՛ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»։ 3Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս։ Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու։

4Տէրը հողմ բարձրացրեց ծովում։ Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր։ 5Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն։ Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից։ Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում։ 6Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»։

7Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»։ Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին։ 8Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»։ 9Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։ 10Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց)։ 11Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ)։ 12Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»։

13Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ։ 14Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դո՛ւ, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար»։ 15Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից։ 16Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն