Հովնան մարգարեյի գիրք
2
ՅՈՎՆԱՆԻ ԱՂՕԹՔԸ
1Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին։ Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր։
2Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց.
3«Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից։ Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը։
4Ինձ գցեցիր ծովի խորքերը, եւ ջրի հոսանքները պաշարեցին ինձ։
5Քո կոհակներն ու ալիքները թափուեցին ինձ վրայ, եւ ես մտածեցի, թէ մերժուել եմ քո ներկայութիւնից. արդեօք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը։
6Ջրերը թափուեցին ինձ վրայ շունչս կտրելու աստիճան։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ։
7Գլուխս մտաւ լեռների փապարների մէջ, իջայ մի երկիր, որի նիգերը փակ են յաւիտեան։ Ես կը փրկուեմ ապականութիւնից։
8Երբ հոգիս տկարացաւ, քե՛զ դիմեցի, Տէ՛ր իմ Աստուած. մտաբերեցի Տիրոջը, եւ թող իմ աղօթքները հասնեն քո սուրբ տաճարը։
9Նրանք, որ ունայն ու սուտ աստուածներ էին պաշտում, 10թողեցին իրենց երկիւղածութիւնը։ Իսկ ես օրհնության եւ խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կ’արժանանամ Տիրոջ փրկութեան»։
11Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց։