Հեսույի գիրք

1

ՆԱՒԷԻ ՈՐԴԻ ՅԵՍՈՒԻ ԳԻՐՔԸ

ՅԵՍՈՒՆ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՄՈՎՍԷՍԻՆ

1Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց. 2«Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին։ 3Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կը կոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին. 4անապատը եւ Լեռնալիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կը լինեն։ 5Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում։ Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի։ 6Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին։ 7Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց։ Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես։ 8Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կը լինես, ուղիղ ճանապարհով կ’ընթանաս եւ խելամտօրէն կը գործես։ 9Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»։

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

10Յեսուն պատուիրեց ժողովրդի վերակացուներին եւ ասաց. «Մտէ՛ք ժողովրդի բազմութեան մէջ եւ հրաման տալով ժողովրդին՝ ասացէ՛ք. 11“Ձեզ համար պաշար պատրաստեցէ՛ք, որովհետեւ երեք օրից յետոյ դուք պիտի անցնէք Յորդանան գետով, որպէսզի մտնէք ու գրաւէք այն երկիրը, որ ձեր հայրերի Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն”»։

12Յեսուն խօսեց նաեւ Ռուբէնի, Գադի եւ Մանասէի կէս ցեղի հետ եւ ասաց. 13«Յիշեցէ՛ք Տիրոջ խօսքը, որ պատուիրեց ձեզ նրա ծառայ Մովսէսը՝ ասելով. “Ձեր Տէր Աստուածը տեղաւորեց ձեզ եւ տուեց ձեզ այս երկիրը։ 14Ձեր կանայք, ձեր մանուկները եւ ձեր անասունները թող ապրեն այն երկրում, որ Մովսէսը Յորդանան գետի այս կողմում տուեց ձեզ։ Բայց դուք զինուած՝ ձեր եղբայրների առա՛ջն անցէք եւ ամբողջ զօրութեամբ նրանց մարտակի՛ց եղէք, 15մինչեւ որ ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին էլ ձեզ պէս տեղաւորի, եւ նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց։ Ապա իւրաքանչիւրդ ե՛տ դարձէք ձեր ժառանգութեան երկիրը եւ ժառանգեցէ՛ք այն, որ Տիրոջ ծառայ Մովսէսը տուեց ձեզ Յորդանան գետի արեւելեան կողմում”»։

16Նրանք պատասխան տալով՝ Յեսուին ասացին. «Ամէն ինչ, որ պատուիրում ես մեզ, կ’անենք եւ 17կը գնանք այն բոլոր տեղերը, ուր ուղարկում ես մեզ, ամէն բանում ինչպէս լսում էինք Մովսէսին, այդպէս կը լսենք եւ քեզ, միայն թէ մեր Տէր Աստուածը քեզ հետ լինի, ինչպէս որ Մովսէսի հետ էր։ 18Այն մարդը, որ անհնազանդ կը լինի քեզ եւ չի լսի քո խօսքերը, ինչ էլ որ հրամայես նրան, նա կը սպանուի. միայն թէ դու զօրացի՛ր եւ արիացի՛ր»։

Էջմիածին · HYEJB1994