Հեսույի գիրք

13

ԴԵՌ ՉԳՐԱՒՈՒԱԾ ԵՐԿՐՆԵՐ

1Յեսուն ծերացել էր եւ տարիքն առել։ Տէրը ասաց Յեսուին. «Դու ծերացել ես եւ օրերդ անց ես կացրել, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։ 2Մնացած երկրները սրանք են. փղշտացիների բոլոր սահմանները, Գեսուրը եւ Քանանը. 3Եգիպտոսի դիմացի անշէն վայրից մինչեւ Ակկարոնի սահմանները աջ կողմում. քանանացիներին են պատկանում փղշտացիների հինգ թագաւորութիւնները՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը, ակկարոնացիներինը եւ խեւացիներինը. 4Թեմանից՝ քանանացիների ամբողջ երկիրը, Գազան, Սիդոնը, մինչեւ Յափեկա, մինչեւ ամորհացիների սահմանները, 5եւ փղշտացիներից՝ ամբողջ Արաբա երկիրը եւ ամբողջ Լիբանանը արեւելքից, Ահերմոն լերան ստորոտի Գաղգաղայից մինչեւ Եմաթի մուտքը։ 6Բոլոր լեռնաբնակներին, Լիբանանից մինչեւ Մասերեփոթմայիմ, եւ բոլոր սիդոնացիներին ես կը կոտորեմ իսրայէլացիների առաջ։ Բայց դու դրանք բաժանի՛ր իսրայէլացիներին որպէս ժառանգութիւն, ինչպէս որ քեզ պատուիրեցի»։

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒԵԼԵԱՆ ԿՈՂՄԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

7Հիմա այս երկիրը որպէս ժառանգութիւն բաժանի՛ր ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին. Յորդանան գետից մինչեւ Մեծ ծովը դէպի արեւմուտք կը տաս նրանց, եւ Մեծ ծովը սահման կը դառնայ։ 8Իսկ երկու ցեղերը՝ Ռուբէնի եւ Գադի ցեղերը, Մանասէի կէս ցեղի հետ ստացան իրենց ժառանգութիւնը, որ տուել էր Մովսէսը Յորդանան գետի այն կողմում, արեւելքում. Տիրոջ ծառայ Մովսէսը նրանց մէջ բաժանեց 9Առնոն հեղեղատի եզերքին գտնուող Արոյերից եւ ձորի մէջ գտնուող քաղաքից մինչեւ Դեբոն, նաեւ ամբողջ Միսորը, Մեդաբան, 10Եսեբոնում թագաւորող ամորհացիների արքայ Սեհոնի բոլոր քաղաքները, մինչեւ ամոնացիների սահմանները, 11Գաղաադը եւ Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանաստանը, մինչեւ Սելքա, 12Բասանի մէջ ամբողջ թագաւորութիւնն , որ թագաւորում էր Աստարոթում եւ Եդրայինում։ Հսկաների մնացորդներից միայն սա էր մնացել, եւ Մովսէսը հարուածեց ու սպանեց նրան։ 13Բայց իսրայէլացիները չբնաջնջեցին գեսուրացիներին, մաքաթացիներին եւ քանանացիներին. եւ գեսուրացիներն ու մաքաթացիները բնակւում են Իսրայէլի մէջ մինչեւ այսօր։ 14Բայց Ղեւիի ցեղին բաժին եւ ժառանգութիւն չտրուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս նրանց ասել էր Տէրը։ Սրանք այն բաժիններն են, որ Մովսէսը բաժանեց իսրայէլացիներին Ռաբոթ Մովաբում, Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։

ՌՈՒԲԷՆԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ

15Մովսէսը Ռուբէնի ցեղին ժառանգութիւն տուեց ըստ նրա տոհմերի, 16եւ նրանց սահմանները եղան Առնոն ձորի դիմացը գտնուող Արոյերը, Առնոն ձորում գտնուող քաղաքը, ամբողջ Միսորը 17եւ Մեդաբան մինչեւ Եսեբոնը. նրանց բոլոր քաղաքները, որ Միսորում են, Դեբոնը, Բամոթբահաղը, Բաելմոթի տունը, 18Յասան, Կեդմոթը, Մեփայաթը, 19Կարիաթեմը, Սեբաման, Սարեթը եւ Սիորը Ենակ լերան վրայ, 20Բեթփագորը, Ասեդոթփասգան, Բեթսիմոթը եւ Միսորի բոլոր քաղաքները, 21ամբողջ թագաւորութիւնն ամորհացիների Սեհոն թագաւորի, որ թագաւորում էր Եսեբոնում։ Սրան, ինչպէս նաեւ Մադիամի իշխաններին՝ Եւիին, Րոկոմին, Սուրին, Ուրին, Ռոբէին եւ այդ երկրում բնակուող Սեհոնի մերձակայքի իշխաններին, ջարդեց Մովսէսը։ 22Նաեւ Բէորեան Բաղաամ վհուկին մի վայրկեանում սրով սպանեցին իսրայէլացիները։ 23Ռուբէնի սահմանը եղաւ Յորդանան գետը։ Այս է Ռուբէնի որդիների ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի, սրանք են նրանց քաղաքներն ու աւանները։

ԳԱԴԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ

24Մովսէսը բաժին տուեց նաեւ Գադի որդիներին ըստ իրենց տոհմերի։ 25Նրանց սահմանները եղան Յազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, ամոնացիների երկրի կէսը մինչեւ Արոյեր, որը Արաբայի դիմացն է, 26Եսեբոնից մինչեւ Մասփայի մօտի Հռամոթը, Բոտանիմը, Մանայիմը մինչեւ Դաբիրի սահմանները 27եւ Եմակում Բեթարամը, Բեթնամրան, Սոքովն ու Սափոնը եւ Եսեբոնի արքայ Սեհոնի մնացած թագաւորութիւնը։ Սահմանը Յորդանան գետն է մինչեւ Քեներեթի ծովեզերքը, Յորդանան գետի այն կողմը, դէպի արեւելք։ 28Այս է Գադի որդիների ժառանգութիւնը ըստ իրենց տոհմերի, նրանց քաղաքները եւ ագարակները։

ՄԱՆԱՍԷԻ ԿԷՍ ՑԵՂԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ

29Մովսէսը բաժին տուեց նաեւ Մանասէի կէս ցեղին, որը եղաւ Մանասէի որդիների կէս ցեղի կալուածքը ըստ իրենց տոհմերի։ 30Նրանց սահմանները եղան. Մանայէմից սկսած ամբողջ Բասանը, Բասանի արքայ Օգի ամբողջ թագաւորութիւնը, Յայիրի բոլոր աւանները, որոնք Բասանաստանում են, ընդամէնը վաթսուն ։ 31Իսկ Գաղաադի կէսը, Աստարոթը, Եդրայինը, Բասանաստանում Օգի թագաւորութեան քաղաքները տրուեցին Մանասէի որդի Մաքիրի որդիներին եւ Մանասէի կէս ցեղի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։

32Սրանք են այն տեղերը, որ Մովսէսը ժառանգութիւն տուեց Յորդանան գետի այն կողմում, Մովաբի Ռաբոթ բնակավայրում, Երիքովի դիմաց՝ արեւելքում։ 33Ղեւիի ցեղին Մովսէսը ժառանգութիւն չտուեց, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածն ինքն է նրանց ժառանգութիւնը, ինչպէս ասել էր նրանց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն