Հեսույի գիրք

14

ՅՈՐԴԱՆԱՆ ԳԵՏԻ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԿՈՂՄԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

1Սրանք են այն տեղերը, որ քանանացիների երկրում իսրայէլացիներին ժառանգութիւն տուին Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ իսրայէլացիների ցեղերի նահապետութեան իշխանները։ 2Վիճակով տուին ժառանգութիւնը այն ինը ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին, ինչպէս որ պատուիրել էր Տէրը միջոցով, 3որովհետեւ Մովսէսը երկու ցեղերին եւ Մանասէի կէս ցեղին ժառանգութիւն տուել էր Յորդանան գետի այն կողմում։ Ղեւտացիներին ժառանգութիւն չէր տուել նրանց մէջ։ 4Քանի որ երկու ցեղ էին Յովսէփի որդիները՝ Մանասէն եւ Եփրեմը, ղեւտացիներին երկրի մէջ բաժին չտուին, այլ միայն քաղաքներ՝ բնակուելու համար եւ դրանց արուարձանները նրանց ոչխարների համար։ 5Ինչպէս Տէրը պատուիրել էր Մովսէսին, այդպէս արեցին իսրայէլացիները եւ բաժանեցին երկիրը։

ՔԵԲՐՈՆԸ ՏՐՒՈՒՄ Է ՔԱՂԷԲԻՆ

6Յուդայի որդիները Գաղգաղայում մօտեցան Յեսուին, եւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբն ասաց նրան. «Դու ինքդ գիտես, թէ ինչ խօսեց Տէրը Կադէսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսէսի հետ իմ եւ քո մասին։ 7Ես քառասուն տարեկան էի, երբ Տիրոջ ծառայ Մովսէսն ինձ Կադէսբառնեայից ուղարկեց երկիրը լրտեսելու, եւ նրան մենք լուր բերինք նրա ուզածի պէս։ 8Բայց ինձ հետ գնացող իմ եղբայրները ժողովրդի միտքը շեղեցին. իսկ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն»։ Այն օրը Մովսէսը երդուեց եւ ասաց. 9«Այն երկիրը, ուր դու հասար, յաւիտեան քոնը եւ քո որդիներինը թող լինի որպէս ժառանգութիւն, քանի որ ես շարունակեցի հետեւել իմ Տէր Աստծուն։ 10Եւ արդ, սնուցել է ինձ Տէրը, ինչպէս որ ասել էր. սա քառասունհինգերորդ տարին է, ինչ Տէրն ասել է այս խօսքը Մովսէսին, երբ իսրայէլացիները թափառում էին անապատում։ Այժմ ահա ես այսօր ութսունհինգ տարեկան եմ 11եւ ուժեղ եմ այսօր, ինչպէս այն ժամանակ, երբ Մովսէսն ինձ ուղարկեց։ Այժմ նոյնպէս կարող եմ պատերազմի մէջ մտնել եւ դուրս գալ։ 12Այժմ խնդրում եմ քեզնից ինձ տալ այն լեռը, ինչպէս որ Տէրն ասաց այն օրը։ Դու ինքդ այս բանը լսեցիր այն օրը։ Հիմա այնտեղ ենակիմներն են, եւ նրանց քաղաքներն ամրացուած են եւ մեծ։ Հիմա եթէ Տէրն ինձ հետ լինի, կը բնաջնջեմ նրանց, ինչպէս Տէրն ինձ ասաց»։ 13Եւ Յեսուն օրհնեց նրան եւ Քեբրոնը որպէս ժառանգութիւն տուեց կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբին։ 14Դրա համար Քեբրոնը եղաւ կենեզացի Յեփոնէի որդի Քաղէբի ժառանգութիւնը, որովհետեւ նա հետեւեց Իսրայէլի Տէր Աստծու պատուիրանին։ 15Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա ենակիմների մայրաքաղաքն էր։ Եւ երկիրը հանգստացաւ պատերազմից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն