Հեսույի գիրք
16
ԵՓՐԵՄԻՆ ԵՒ ՄԱՆԱՍԷԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
1Յովսէփի որդիների սահմանները եղան. Յորդանան գետից, Երիքովի դիմացից՝ Երիքովի դիմացի ջրի արեւելեան կողմից դէպի անապատ։ Երիքովից սահմանները բարձրանում են անապատի լեռնակողմը՝ Բեթէղղուզ. 2Բեթէղղուզից բարձրանում եւ անցնում են Արքիատարոթի սահմանների մօտով, 3դուրս են գալիս ծովի կողմը, Յեփաղթիի սահմանները, մինչեւ Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչեւ Գազեր եւ վերջանում են ծովի կողմում։ 4Սա ժառանգութիւն ստացան Յովսէփի որդիները՝ Եփրեմը եւ Մանասէն։
ԵՓՐԵՄ
5Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի. այսինքն՝ նրանց ժառանգութեան սահմաններն եղան արեւելքից Աստարոթ Ադարը մինչեւ Վերին Բեթորոնը եւ Գազերը. 6սահմաններն անցնում են հիւսիսից դէպի ծովի կողմը՝ Մաքոթ եւ պտտւում են արեւելեան կողմից Թենաթսելով, անցնում են արեւելքից Յանովի մօտով։ 7Յանովից իջնում են Աստարոթ եւ Նաարաթա, նրանց աւաններն անցնում են Երիքովի մօտով ու հասնում Յորդանան գետը. 8Թափուայից սահմաններն անցնում են արեւմուտք՝ Կանայի հեղեղատը եւ վերջանում են ծովակողմում։ Այս է Եփրեմի ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։ 9Եփրեմի որդիների համար առանձնացուած քաղաքները Մանասէի որդիների ժառանգութեան մէջ են, բոլոր քաղաքներն իրենց աւաններով։
10Եփրեմեանները չհալածեցին Գազերում բնակուող քանանացիներին, եւ քանանացիները բնակուեցին եփրեմեանների մէջ, ու այդպէս է այսօր էլ, մինչեւ որ եգիպտացիների փարաւոն արքան ելաւ գրաւեց քաղաքը, այրեց այն հրով, ջարդեց Գազերում բնակուող քանանացիներին ու փերեզացիներին, այն օժիտ տուեց իր դստերը, եւ նրանք դարձան հարկատու ծառաներ։
Էջմիածին · HYEJB1994