Հեսույի գիրք
19
1Երկրորդ վիճակն ընկաւ Շմաւոնին, Շմաւոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների ժառանգութեան մէջ։ 2Նրանց բաժինը եղան. Բերսաբէէն, Սաբէէն, Մողադան, 3Ասերսուաղը, Բաթուղը, Բողան, Ասոմը, 4Եղթուղաադը, Երման, 5Սիկեղան, Բեթմարքաբոթը, Ասերսուսիմը, 6Բեթղաբաթը եւ նրանց ագարակները. տասներկու քաղաքներ ու նրանց աւանները, 7Այինը, Ռեմոնը, Եթերը եւ Ասանը. չորս քաղաքներ եւ նրանց աւանները, 8այդ քաղաքների շուրջը եղած բոլոր ագարակները մինչեւ Բաաղեթ Բերամմոթ, հարաւային Ռամաթայի մուտքի մօտ։ Այս է Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի։ 9Շմաւոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ընկած էր Յուդայի որդիների բաժնի մէջ, որովհետեւ Յուդայի որդիների բաժինն աւելի մեծ էր, քան նրանցը, ուստի Շմաւոնի որդիները ժառանգութիւն ստացան նրանց բաժնի մէջ։
ԶԱԲՈՒՂՈՆԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
10Երրորդ վիճակը դուրս եկաւ Զաբուղոնի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգութեան սահմանները եղան մինչեւ Սարիդ։ 11Նրանց սահմանները ելնում են դէպի ծովը եւ Մարաղա, հասնում են մինչեւ Դաբասթէ, հանդիպում Եկնամի դիմացը գտնուող ձորին, 12Սարիդից ետ են դառնում Բեթսամէի արեւելեան կողմը, դէպի Քասաղոթ Թաբորի սահմանները, անցնում Դաբարաթ եւ բարձրանում Յաբագայի մօտով. 13այնտեղից անցնում են արեւելք՝ ձգուելով դէպի Կատասիմ քաղաքը, անցնում են Ռեմմոն, Ամաթարիմ Աննուա, 14շրջւում են հիւսիսային սահմաններով մինչեւ Եկանթով եւ վերջանում Գայիում՝ Եփթայեղում. 15նաեւ՝ Կատտամաթը, Նաաղողը, Սեմրոնը, Յադեղան եւ Բեթղեհէմը՝ տասներկու քաղաքներ եւ նրանց աւանները։ 16Այս է Զաբուղոնի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։
ԻՍԱՔԱՐԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
17Չորրորդ վիճակը դուրս եկաւ Իսաքարին, Իսաքարի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ 18Նրանց սահմանները եղան՝ Յեզրայէլը, Աքասեղոթը, Սունամը, 19Ափերեմը, Սիանը, 20Ռամաթը, Ենդանիմը, Ռենաթը, Անարեթը, 21Ռաբբոթը, Կէսիոնը, Այեմէսը, Ռենաթը, Ենգադիսը, Ենգադդան եւ Բեթմասեմը։ 22Այս սահմանները ծովային կողմից յարում են Թաբոթին եւ Կասիմին ու Բեթսամիւսին. նրանց սահմանները վերջանում են Յորդանան գետում՝ տասնվեց քաղաքներ ու նրանց աւանները։ 23Այս է Իսաքարի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
ԱՍԵՐԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
24Հինգերորդ վիճակը դուրս եկաւ Ասերի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի։ 25Նրանց սահմանները եղան՝ Քեղկաթը, Ոողին, Բատնէն, Աքսափը, 26Ամաթը եւ Մասաղը։ Ծովային կողմից սահմանները յարում են Կարմեղին, Սիորին եւ Բաղանայէին 27եւ արեւելեան կողմից ետ են դառնում դէպի Բեթդագոն, հիւսիսից յարում են Զաբուղոնին, Գայիին, Եփթայէղին, մտնում են Սափաթա Բեթամեկ, գնում են Անայէլի սահմաններով եւ ձախ կողմից անցնում են Քաբող, 28Աքրան, Ռոբ, Ամմոն եւ Կանայի, մինչեւ մեծ Սիդոն։ 29Ապա սահմանները ետ են դառնում Ռամա, մինչեւ ամրացուած Տիւրոս քաղաքը, շրջւում են դէպի Սոսա եւ վերջանում են ծովում, Ակզիփի կալուածքում. 30ապա՝ Ամման, Ափեկան, եւ Ռաւոբան՝ քսաներկու քաղաքներ ու նրանց աւանները։ 31Այս է Ասերի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
ՆԵՓԹԱՂԻՄԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
32Վեցերորդ վիճակը դուրս եկաւ Նեփթաղիմին, Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։ 33Նրանց սահմանները եղան՝ Մէեղէփը, Մայեղոմը, Բերսանայիմը, Արմէն, Նագեբը եւ Յաբնեղը մինչեւ Ղակու. սահմանները վերջանում են Յորդանան գետում։ 34Այս սահմանները ետ են դառնում դէպի Ազանոթ Թաբորի ծովը, այնտեղից անցնում են Կոկ, հարաւից հատում են Զաբուղոնը, ծովային կողմից՝ Ասերը, արեւելեան կողմից՝ Յուդայի երկիրը եւ Յորդանան գետը. 35նաեւ՝ տիւրացիների պարսպապատ քաղաքները՝ Տիւրոսը, Ամաթը, Ռեկկաթը, Քեներեթը, 36Ադամին, Ռամման, Ասորը, 37Կադէսը, Եդրայինը, Ակնասորը, 38Յարոնը, Մակդաղիէլը, Օրամը, Բեթանաթը եւ Թասմուսը՝ տասնինը քաղաքներ եւ նրանց աւանները։ 39Այս է Նեփթաղիմի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով ու աւաններով հանդերձ։
ԴԱՆԻՆ ՅԱՏԿԱՑՈՒԱԾ ԵՐԿԻՐԸ
40Դանի որդիների ցեղին, ըստ իրենց տոհմերի, դուրս եկաւ եօթներորդ վիճակը։ 41Նրանց ժառանգութեան սահմանները եղան՝ Սարաան, Եսթաւուլը, 42Սաղաբինը, Յեթղան, Թամնան, 43Եղթեկովը, Բաաղոթը, 44Բանեբարակը եւ Սամես, Յաաղոն, 45Եղոն, Ակկարոն, Գաբաթոն, Յութ եւ Գեթրեմոն քաղաքները, 46Բազէից ծովը եւ Բակրոնան՝ Յոպպէի մօտի սահմանի հետ։ 47Դանի որդիների սահմանը նրանց ժառանգութիւնից դուրս մնաց։ Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ նրանց քաղաքներով եւ աւաններով հանդերձ։ Դանի որդիները չբնաջնջեցին ամորհացիներին՝ լերան վրայի իրենց նեղողներին, իսկ ամորհացիները նրանց չէին թողնում իջնել հովիտները եւ նրանցից խլում էին նրանց բաժնի սահմանները։ Դանի որդիները գնացին եւ պատերազմեցին Ղեսէմի դէմ, առան այն եւ սրի քաշեցին բնակիչներին, ժառանգեցին այն եւ բնակուեցին նրա մէջ ու իրենց հօր անունով Ղեսէմն անուանեցին Դան։ 48Այս է Դանի որդիների ցեղի ժառանգութիւնն ըստ իրենց տոհմերի՝ այս քաղաքներով եւ նրանց աւաններով հանդերձ։
ԵՐԿՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ԱՒԱՐՏԸ
49Եւ վերջացրին երկրի բաժանումն իրենց սահմաններով։ Ամորհացիները շարունակեցին ապրել Եղովում եւ Սաղամիմում, բայց Եփրեմի ձեռքը ծանրացաւ նրանց վրայ, եւ նրանք Եփրեմին հարկատու դարձան։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրն իր սահմաններով։ Իսրայէլացիները Նաւէի որդի Յեսուին ժառանգութիւն տուին իրենց տարածքի մէջ. 50Տիրոջ հրամանով նրան տուին նրա ուզած Թամնաթսարա քաղաքը, որ Եփրեմի լերան վրայ է, եւ նա շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։
51Սրանք են այն հողաբաժինները, որ Եղիազար քահանան, Նաւէի որդի Յեսուն եւ Իսրայէլի ցեղերի նահապետները Սելովում, Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռանը, վիճակով բաժանեցին։ Եւ գնացին աչքի անցկացնելու երկիրը։