Հեսույի գիրք
2
ՅԵՍՈՒՆ ԼՐՏԵՍՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ ԵՐԻՔՈՎ
1Նաւէի որդի Յեսուն Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար եւ ասաց. «Գնացէք լրտեսեցէ՛ք այն երկիրը եւ Երիքովը»։ Գնացին երկու երիտասարդները եւ եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը, այնտեղ օթեւանեցին։ 2Երիքովի թագաւորին լուր տուեցին եւ ասացին. «Այս գիշեր այստեղ իսրայէացիներից մարդիկ են մտել երկիրը լրտեսելու»։ 3Երիքովի թագաւորը մարդ ուղարկեց, որ Ռահաբին ասի. «Գիշերը քեզ մօտ եկած եւ տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետեւ եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ 4Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինձ մօտ մարդիկ մտան, բայց ես չգիտէի, թէ որտեղից են։ 5Առաւօտեան աղջամուղջին, դարպասները փակուելու ժամանակ՝ այդ մարդիկ դուրս եկան, եւ չգիտեմ, թէ ո՛ւր գնացին։ Շուտ հետապնդեցէ՛ք նրանց, գուցէ հասնէք»։ 6Իսկ ինքը նրանց հանեց կտուրը եւ թաքցրեց վուշի խուրձերի տակ, որ դիզել էր կտուրի վրայ։ 7Մարդիկ Յորդանան գետի հունով մինչեւ գետանցը նրանց ետեւից ընկան, եւ դարպասը փակուեց, երբ հետապնդողներն ընկան նրանց ետեւից։ 8Նրանք դեռ չէին քնել, որ կինը նրանց մօտ՝ կտուրը ելաւ եւ ասաց. 9«Գիտեմ, որ Տէրն այս երկիրը ձեզ է տուել, որովհետեւ ձեր ահն ընկել է մեզ վրայ, եւ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել, 10քանի որ մենք լսել ենք, թէ ինչպէս Տէրը Կարմիր ծովը ցամաքեցրեց ձեր առաջ, երբ դուրս էիք գալիս Եգիպտոսից, եւ թէ ինչ արեցիք դուք ամորհացիների երկու թագաւորներին՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող Սեհոնին եւ Օգին, որոնց սպանեցիք։ 11Երբ մենք լսեցինք, զարհուրեցին մեր սրտերը, եւ մեզնից ոչ մէկի մէջ շունչ չի մնացել ձեր պատճառով, որովհետեւ ձեր Տէր Աստուածն Աստուած է երկնքում՝ վերեւում, եւ երկրի վրայ՝ ներքեւում։ 12Հիմա երդուեցէ՛ք ինձ Տէր Աստուծով, որ ինչպէս ես եմ ձեզ ողորմութիւն անում, այդպէս էլ դուք ողորմութիւն կ’անէք իմ հօր տան նկատմամբ։ 13Ինձ մի ճշմարիտ նշան տուէ՛ք, որ ողջ կը թողնէք իմ հօր ընտանիքը՝ իմ մօրը, իմ եղբայրներին եւ քոյրերին ու այն ամէնը, ինչ ունեն նրանք, եւ կ’ազատէք ինձ մահից»։ 14Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ձեր փոխարէն թող մեռնենք, միայն թէ մեր մասին այս բաները չպատմէք»։ Եւ կինն ասաց. «Երբ Տէրն այս քաղաքը ձեր ձեռքը յանձնի, ինձ ողորմութիւն արէ՛ք եւ ինձ հետ արդա՛ր վարուեցէք»։ 15Եւ պարանով կախեց-իջեցրեց նրանց պատուհանից, որովհետեւ նրա տունը պարսպի մէջ էր, եւ ինքն էլ բնակւում էր պարսպի մէջ։ 16Նա ասաց նրանց. «Լեռների վրայով գնացէ՛ք, որպէսզի խուսափէք ձեզ փնտռողներից։ Երեք օր թաքնուեցէ՛ք այնտեղ, մինչեւ որ ձեզ փնտռողները ետ դառնան, եւ յետոյ գնացէ՛ք ձեր ճանապարհով»։ 17Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք ազատ կը լինենք այդ երդումից, որով մեզ երդուեցրիր. 18երբ մենք մտնենք քաղաքը, դու այս կարմիր պարանը որպէս նշան կը դնես եւ կը կապես այն պատուհանից, որից մեզ իջեցրիր, եւ քո հօրը, մօրը, եղբայրներին եւ քո հօր ամբողջ ընտանիքը կը հաւաքես քեզ մօտ, այս տանը։ 19Ով որ քո տնից դուրս գայ, ինքը թող իր համար պատասխանատու լինի, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից։ Ով քեզ հետ քո տանը լինի, մենք պատասխանատու կը լինենք, եթէ մէկի ձեռքը դիպչի նրան։ 20Իսկ եթէ մէկը վնասի մեզ, կամ յայտնես մեր այս գործը, մենք ազատ կը լինենք քեզ տուած մեր երդումից»։ 21Եւ կինն ասաց. «Թող լինի ձեր ասածի պէս, թող այդպէս լինի»։ Արձակեց նրանց, եւ նրանք գնացին։ Եւ նա կարմիր նշանը կապեց պատուհանին։
22Նրանք գնացին եւ եկան լեռնակողմը եւ այնտեղ մնացին երեք օր, մինչեւ որ փնտռողները ետ դարձան։ Փնտռողները հետախուզեցին ամբողջ ճանապարհը, բայց չգտան նրանց։ 23Երկու երիտասարդները ետ դարձան, իջան սարից, անցնելով այն կողմ՝ հասան Նաւէի որդի Յեսուի մօտ եւ պատմեցին իրենց հետ պատահած բոլոր դէպքերը։ 24Նրանք ասացին Յեսուին, թէ՝ «Տէր Աստուածը այդ ամբողջ երկիրը մատնել է մեր ձեռքը, եւ այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։