Հեսույի գիրք

20

ԱՊԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

1Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. «Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛. 2“Տուէ՛ք այն ապաստանի քաղաքները, որոնց մասին Մովսէսի միջոցով ձեզ ասել եմ, 3որպէս ապաստան այն սպանողի համար, որ մարդ է սպանել ակամայ, դիպուածաբար։ Դրանք ձեզ համար թող ապաստանի քաղաքներ լինեն, որպէսզի սպանողը սպանուածի արիւնակցի կողմից չսպանուի, մինչեւ որ ժողովրդի առաջ ատեանում չկանգնի։ 4Ակամայ սպանողը թող փախչի այդ քաղաքներից մէկը, կանգնի քաղաքի դռան մօտ եւ այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր խօսքը։ Ժողովուրդը թող նրան ընդունի իր մօտ, նրան տեղ տայ, եւ նա բնակուի նրանց հետ։ 5Եւ եթէ սպանուածի արիւնակիցը գնայ նրա ետեւից, սպանողին նրա ձեռքը թող չմատնեն, քանի որ նա իր ընկերոջը դիպուածաբար է սպանել եւ նրա դէմ նախկինում ատելութիւն չի ունեցել։ 6Թող նա այդ քաղաքում բնակուի, մինչեւ որ կանգնի ժողովրդի առաջ ատեանում, մինչեւ որ այն օրերին եղող մեծ քահանան վախճանուի։ Յետոյ սպանողը թող ետ դառնայ եւ գայ իր տեղը, իր տունը, այն քաղաքը, որտեղից փախել է”»։

7Եւ առանձնացրին Կադէսը Գալիլիայում, Նեփթաղիմի լերան վրայ, Սիւքէմը՝ Եփրեմի լերան վրայ, եւ Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ. 8Յորդանան գետի այն կողմում, Երիքովի արեւելքում Ռուբէնի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում, Մանասէի ցեղից՝ Գողանը Բասանաստանում։ 9Սրանք են բոլոր իսրայէլացիների եւ եկած, նրանց մէջ բնակուածների համար որոշուած հոյակապ քաղաքները, ուր կարող է փախչել ամէն ոք, որ ակամայ մարդ է սպանել, որպէսզի չսպանուի սպանուածի արիւնակցի ձեռքով, մինչեւ որ չկանգնի ժողովրդի առաջ ատեանում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն