Հեսույի գիրք

21

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔՆԵՐԸ

1Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ Իսրայէլի որդիների ցեղերի ու տոհմերի նահապետներին, 2խօսեցին նրանց հետ Սելովում, քանանացիների երկրում եւ ասացին. «Տէրը Մովսէսի միջոցով հրամայել է, որ մեզ բնակուելու համար քաղաքներ եւ մեր անասունների համար նրանց արտերը տրուեն»։ 3Եւ իսրայէացիները Տիրոջ հրամանով ղեւտացիներին ժառանգութիւն տուին այս քաղաքներն ու դրանց արտերը։

4Վիճակը դուրս եկաւ Կահաթի տոհմին. եւ Ահարոնի որդիներին՝ ղեւտացի քահանաներին վիճակով հասան տասներեք քաղաքներ Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից եւ Բենիամինի ցեղից։ 5Իսկ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմից, Դանի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից վիճակով բաժին հասան տասը քաղաքներ։ 6Գեթսոնի որդիներին Իսաքարի ցեղի ազգատոհմից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղից վիճակով հասան տասներեք քաղաքներ։ 7Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակով հասան տասներկու քաղաքներ։ 8Իսրայէլացիները վիճակով ղեւտացիներին տուին այս քաղաքները եւ դրանց արտերը, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսին։

9Յուդայի, Շմաւոնի եւ Բենիամինի որդիների ցեղերը իրենց անունով կոչուած այս քաղաքները տուին 10Ահարոնի որդիներին, որոնք Ղեւիի որդիներից՝ Կահաթի տոհմից էին, քանի որ առաջին վիճակը նրանց էր դուրս եկել։ 11Նրանց տուին Ենակի քաղաքամայր Կարիաթարբոկը, այսինքն՝ Քեբրոնը Յուդայի լերան վրայ, նրա շուրջը եղած արտերը, 12նրա ագարակները եւ աւանները։ Դրանք Յեսուն որպէս կալուածք տուեց Յեփոնիի որդի Քաղէբին։ 13Ահարոնի որդիներին՝ քահանաներին տուին նաեւ սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Քեբրոնը եւ նրա արուարձանները, Ղեբնան եւ նրա արուարձանները, 14Յեթերը եւ նրա արուարձանները, Յեսթեմովը եւ նրա արուարձանները, 15Աղոնը եւ նրա արուարձանները, Դաբիրը եւ նրա արուարձանները, 16Այինը եւ նրա արուարձանները, Յետտան եւ նրա արուարձանները, Բեթսամիւսը եւ նրա արուարձանները՝ ինը քաղաքներ այդ երկու ցեղից։ 17Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբաւոնը եւ նրա արուարձանները, 18Անաթոթը եւ նրա արուարձանները, Սաղմոնը եւ նրա արուարձանները, Գաբեէն եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։ 19Ահարոնի որդիների՝ քահանաների բոլոր քաղաքները տասներեքն էին իրենց արտերով։

20Կահաթի որդիների տոհմի ղեւտացիներին՝ Կահաթի մնացած որդիներին, քաղաքներ բաժին հասան Եփրեմի ցեղից։ 21Նրանց տուին սպանողի համար ապաստանի քաղաքներ՝ Սիւքէմը եւ նրա արուարձանները Եփրեմի լերան վրայ, Գազերը եւ նրա արուարձանները, 22Կաբսեմը եւ նրա արուարձանները, Վերին Բեթորոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։ 23Դանի ցեղից՝ Եղթեկովը եւ նրա արուարձանները, Գեբեթոնը եւ նրա արուարձանները, 24Յաղոնը եւ նրա արուարձանները, Գեթրեմոնը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։ 25Մանասէի կէս ցեղից՝ Թանաքը եւ նրա արուարձանները, Բեթսանը եւ նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։ 26Կահաթի որդիների մնացած տոհմերի բոլոր քաղաքներն իրենց արուարձաններով թուով տասն էին։

27Գեթսոնի որդիներին՝ Ղեւտացիների ազգականներին, Մանասէի կէս ցեղից տուին սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ Գողանը Բասանաստանում ու նրա արուարձանները եւ Բէեստարան ու նրա արուարձանները՝ երկու քաղաքներ։ 28Իսաքարի ցեղից՝ Կեսիոնը եւ նրա արուարձանները, Դաբրաթը եւ նրա արուարձանները, 29Երիմոթը եւ նրա արուարձանները, Նամակաց աղբիւրը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։ 30Ասերի ցեղից՝ Մասաաղը եւ նրա արուարձանները, Աբդոնը եւ նրա արուարձանները, 31Քեղկաթը եւ նրա արուարձանները, Ռոբը եւ նրա արուարձանները՝ չորս քաղաքներ։ 32Նեփթաղիմի ցեղից՝ սպանողի համար առանձնացուած ապաստանի քաղաքներ՝ Կադէսը Գալիլիայում եւ նրա արուարձանները, Եմաթդորը եւ նրա արուարձանները, Նոյեմոնը եւ նրա արուարձանները՝ երեք քաղաքներ։ 33Գեթսոնի բոլոր քաղաքներն ըստ իրենց տոհմերի տասներեքն էին՝ իրենց արուարձաններով հանդերձ։

34Մերարիի որդիների տոհմին, այսինքն՝ մնացած ղեւտացիներին տուին Զաբուղոնի որդիների ցեղից՝ Յեկնամը եւ նրա արտերը, Կադէսը եւ նրա արտերը, Կարթան եւ նրա արտերը, 35Դեմնան եւ նրա արտերը, Նաաղողը եւ նրա արտերը՝ հինգ ։ 36Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, Ռուբէնի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Բոսորը Միսորի անապատում եւ նրա արտերը, Յազերը եւ նրա արտերը, 37Կեդսոնը եւ նրա արտերը, Մասփան եւ նրա արտերը՝ չորս քաղաք։ 38Գադի ցեղից, որպէս ապաստանի քաղաքներ, սպանողի համար տուին Ռամոթը Գաղաադում եւ նրա արտերը, Մանայամը եւ նրա արտերը, 39Եսեբոնը եւ նրա արտերը, Ազերը եւ նրա արտերը՝ ընդամէնը չորս քաղաք։ 40Ղեւիի ցեղից մնացած Մերարիի որդիների բոլոր քաղաքները, ըստ իրենց տոհմերի, եղան տասներկուսը։

41Իսրայէլացիների կալուածքների մէջ ղեւտացիների բոլոր քաղաքներն ընդամէնը քառասունութն էին՝ այդ քաղաքների շուրջը եղած իրենց արտերով հանդերձ։ 42Այդ քաղաքներն իրենց շուրջն ունէին արտեր. այդպէս էին այդ բոլոր քաղաքները։ Եւ Յեսուն աւարտեց երկրի բաժանումն իր սահմաններով։ Իսրայէլացիները Տիրոջ հրամանի համաձայն Յեսուին բաժին տուին այն քաղաքը, որ նա խնդրեց՝ Թամնասաքարը Եփրեմի լերան վրայ։ Յեսուն շինեց քաղաքը եւ բնակուեց նրա մէջ։ Եւ Յեսուն վերցրեց այն քարէ սրերը, որոնցով թլփատել էր անապատի ճանապարհին ծնուած իսրայէլացիներին, քանի որ նրանք չէին թլփատուել անապատում։ Յեսուն այդ քարերը վար դրեց Թամնասաքարում։ 43Եւ Տէրն իսրայէլացիներին տուեց այն ամբողջ երկիրը, որ երդուել էր տալ նրանց հայրերին. եւ նրանք ժառանգեցին այն ու բնակուեցին նրա մէջ։ 44Տէրը նրանց հանգիստ տուեց երկրի բոլոր սահմաններում, ինչպէս երդուել էր նրանց հայրերին. եւ նրանց թշնամիներից ոչ ոք դուրս չեկաւ նրանց դէմ, որովհետեւ նրանց բոլոր թշնամիներին Տէրը մատնել էր նրանց ձեռքը։ 45Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր խօսքերից, որ ասել էր Տէրն իսրայէլացիներին, այլ ամէն բան կատարուեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն