Հեսույի գիրք
5
ԹԼՓԱՏՈՒԹԻՒՆ ԳԱՂԳԱՂԱՅՈՒՄ
1Ամորհացիների բոլոր թագաւորները, որոնք Յորդանան գետի այն կողմում էին, ծովեզերքին, եւ փիւնիկեցիների թագաւորները, որոնք ծովեզերքին էին, երբ լսեցին, թէ Տէր Աստուածը նրանց գետանցման ժամանակ իսրայէլացիների առաջ ցամաքեցրել է Յորդանան գետը, նրանք սրտամաշ եղան, զարհուրեցին, եւ նրանց մէջ խոհականութիւն չմնաց իսրայէլացիների պատճառով։
2Այն ժամանակ Տէրը Յեսուին ասաց. «Գայլախազ քարից դանակ շինի՛ր եւ նստի՛ր կրկին թլփատիր իսրայէլացիներին»։ 3Եւ Յեսուն գալախազէ դանակներ շինեց եւ թլփատեց իսրայէլացիներին այն վայրում, որ կոչւում էր Անթլփատների բլուր։ 4Եւ այդպէս Յեսուն թլփատեց այն իսրայէլացիներին, որոնք ճանապարհին էին ծնուել Եգիպտոսից դուրս գալուց յետոյ եւ բնաւ չէին թլփատուել. բոլորին էլ թլփատեց Յեսուն։ Ահա ա՛յս բազմութեանն է, որ թլփատեց Յեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։ 5Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատուած էր։ Եգիպտոսից դուրս գալուց յետոյ ճանապարհին ծնուած բազմութիւնը 6(քանի որ իսրայէլացիները քառասուներկու տարի շրջել էին Աբդարի անապատում), այդ բազմութիւնից շատերը՝ Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկներ, որոնք չէին հնազանդուել Աստծու պատուիրաններին, անթլփատ էին։ Նրանց համար Տէրը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդուել էր նրանց հայրերին, թէ կը տայ նրանց, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում։ 7Եւ նրանց փոխարէն տարաւ նրանց որդիներին, որոնց թլփատեց Յեսուն։ Նրանք անթլփատ էին, քանի որ ճանապարհին չէին թլփատուել։ 8Երբ ամբողջ ժողովուրդը թլփատուեց, հանգիստ առնելով մնացին բանակատեղիում, մինչեւ որ ապաքինուեցին։ 9Եւ Տէրն ասաց Յեսուին. «Այսօր ձեր վրայից վերացրի եգիպտացիների նախատինքը»։ Եւ այդ տեղի անունը կոչեց Գաղգաղա. այդպէս է կոչւում մինչեւ այսօր։ 10Այնտեղ իջեւանեցին իսրայէլացիները։ Իսրայէլացիները Երիքովի արեւելեան կողմում գտնուող դաշտում, ամսի տասնչորսերորդ օրը, իրիկնադէմին, զատիկ արեցին։ 11Եւ առաւօտեան այդ երկրի ցորենից բաղարջ եւ աղանձ կերան։
12Այդ օրը, այդ երկրի ցորենից ուտելուց յետոյ, մանանան դադարեց, եւ իսրայէլացիները այլեւս մանանայ չգտան։ Եւ այդ տարի նրանք հաւաքեցին փիւնիկեցիների երկրի պտուղը։
ՏԻՐՈՋ ԲԱՆԱԿԻ ԶՕՐԱՊԵՏԸ
13Եւ մինչ Յեսուն Երիքովում էր, նա, բարձրացնելով իր աչքերը, տեսաւ իր առաջ կանգնած մի մարդու, որի ձեռքին մերկացրած սուր կար։ Յեսուն մօտեցաւ եւ ասաց նրան. «Մեզնի՞ց ես, թէ մեր թշնամիներից»։ 14Նա ասաց. «Ես Տիրոջ զօրքի զօրավարն եմ եւ հիմա եկայ»։ 15Յեսուն երեսնիվայր գետին ընկաւ, երկրպագեց եւ ասաց նրան. «Տէ՛ր, ի՞նչ հրաման կը տաս քո ծառային»։ 16Տիրոջ զօրավարն ասաց Յեսուին. «Հանի՛ր կօշիկները քո ոտքերից, որովհետեւ քո կանգնած տեղը սուրբ է»։ Եւ Յեսուն այդպէս արեց։
Էջմիածին · HYEJB1994