Հեսույի գիրք

6

ԵՐԻՔՈՎԻ ԳՐԱՒՈՒՄԸ

1Երիքովն ամուր փակուած եւ ամրացուած էր իսրայէլացիների պատճառով, ոչ ոք դուրս չէր գալիս այնտեղից եւ ոչ ոք չէր մտնում։ 2Տէրը Յեսուին ասաց. «Ահա ես քո ձեռքն եմ տալիս Երիքովը, նրա մէջ գտնուող թագաւորին եւ զօրաւոր քաջերին։ 3Բայց դուք, երբ լսէք եղջերափողի ձայնը, բոլոր մարտիկներդ շեփորներով շրջապատեցէ՛ք քաղաքը։ Երբ փողերը հնչեցնէք, բոլոր պատերազմող մարդիկդ քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք օրական մէկ անգամ։ Այսպէս արէ՛ք վեց օր։ 4Եօթը քահանայ թող առնեն տանեն տօնական եղջերափողերը տապանակի առջեւից։ Եօթներորդ օրը քաղաքի շուրջը պտոյտ տուէ՛ք եօթն անգամ, քահանաները թող հնչեցնեն եղջերափողերը, 5եւ առհասարակ ամբողջ ժողովուրդը թող աղաղակի։ Երբ նրանք աղաղակեն, քաղաքի պարիսպներն իրենք իրենց հիմնայատակ կը կործանուեն, ամբողջ ժողովուրդը կը մտնի ՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը»։ 6Նաւէի որդի Յեսուն գնաց քահանաների մօտ եւ ասաց նրանց. «Առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանաներ եօթը տօնական եղջերափողեր ՝ թող գնան Տիրոջ տապանակի առջեւից»։ 7Նա նրանց ասաց. «Կարգադրեցէ՛ք ժողովրդին, որ գնան, պտոյտ տան քաղաքի շուրջը։ Մարտիկները զինուած գնան Տիրոջ տապանակի առջեւից, 8եօթը նուիրական շեփորներ կրող քահանաները նոյնպէս թող անցնեն Տիրոջ ուխտի տապանակի առաջ եւ ուժգին հնչեցնեն փողերը։ Տիրոջ ուխտի տապանակը թող գնայ նրանց ետեւից, 9մարտիկները թող ընթանան առջեւից, իսկ քահանաները եւ եղջերափողերը հնչեցնողները, որպէս վերջապահներ, թող գնան Տիրոջ տապանակի ետեւից՝ հնչեցնելով եղջերափողերը»։

10Իսկ ժողովրդին Յեսուն պատուիրեց եւ ասաց. «Մի՛ աղաղակէք, թող ոչ ոք չլսի ձեր ձայնը, եւ ոչ մի դուրս չգայ ձեր բերանից մինչեւ այն օրը, երբ ես ինքս ազդարարեմ ձեզ աղաղակել, եւ ապա կ’աղաղակէք»։ 11Տիրոջ ուխտի տապանակը, պտտելով քաղաքի շուրջը, գնաց նորից բանակատեղի եւ իջեւանեց այնտեղ։

12Երկրորդ օրն առաւօտեան Յեսուն վեր կացաւ, քահանաները վերցրին Տիրոջ տապանակը, 13եօթը քահանաներն առան եօթը նուիրական փողերը եւ ընթացան Տիրոջ ուխտի տապանակի առջեւից։ Քահանաները հնչեցրին փողերն ու մնացեալ ամբողջ բազմութեան հետ վերադարձան բանակատեղի. ապա Տիրոջ ուխտի տապանակի ետեւից անցան մարտիկներն ու մնացած ամբոխը. գնում եւ հնչեցնում էին եղջերափողերը։ 14Երկրորդ օրն էլ մէկ անգամ մօտիկից պտտուեցին քաղաքի շուրջը եւ դարձեալ եկան բանակատեղի։ Այդպէս արեցին վեց օր։ 15Իսկ եօթներորդ օրը լուսաբացին վեր կացան եւ նոյն ձեւով քաղաքի շուրջը պտտուեցին եօթն անգամ։ 16Եօթներորդ անգամ պտտուելիս քահանաները հնչեցրին փողերը, եւ Յեսուն ասաց իսրայէլացիներին. «Հիմա աղաղակեցէ՛ք, որովհետեւ Տէրն այս քաղաքը մեր ձեռքը մատնեց։ 17Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ նզովուած պիտի լինի զօրութիւնների Տիրոջից։ Ազատեցէ՛ք միայն պոռնիկ Ռահաբին եւ այն ամէնը, ինչ նրա տանը կայ, որովհետեւ նա թաքցրեց մեր ուղարկած լրտեսներին։ 18Բայց դուք զգուշացէ՛ք նզովքից. չլինի, թէ ցանկանաք մի բան առնել այդ նզովուածից. իսրայէլացիների բանակատեղին նզովքի կ’ենթարկէք եւ կը կործանէք մեզ։ 19Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը եւ երկաթը Տիրոջ սրբութիւնը պիտի լինեն եւ Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։

20Եւ ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ եւ ուժգին աղաղակով, պարիսպն ընկաւ շուրջանակի, եւ ժողովուրդը բարձրացաւ մտաւ քաղաք՝ ամէն մէկն ընթանալով ուղիղ իր դիմացը։ Քաղաքը գրաւեցին եւ նզովեցին այն։ 21Ինչ որ կար քաղաքում՝ տղամարդ թէ , երիտասարդ թէ ծեր, արջառ, ոչխար եւ էշ, բոլորը սրի քաշեցին։

22Երկիրը լրտեսող երկու երիտասարդներին Յեսուն ասաց. «Մտէ՛ք այն պոռնիկ կնոջ տունը եւ, ինչպէս որ երդուել էք, հանէք այնտեղից նրան ու այն ամէնը, ինչ որ նա ունի»։ 23Եւ երկու երիտասարդները, որոնք լրտեսել էին քաղաքը, մտան այն կնոջ տունը, հանեցին պոռնիկ Ռահաբին, ինչպէս նաեւ նրա հօրը, մօրը, եղբայրներին, նրա ամբողջ ունեցուածքն ու նրա ամբողջ ազգատոհմին եւ կանգնեցրին նրանց Իսրայէլի բանակատեղիից դուրս։ 24Քաղաքն ու նրա մէջ եղած ամէն ինչ այրուեց հրով, բացի ոսկուց, արծաթից, պղնձից եւ երկաթից, որ Տիրոջ գանձարանը մտցրին։ 25Պոռնիկ Ռահաբին, նրա հօրենական տունը եւ նրա ամբողջ ունեցուածքը փրկեց Յեսուն։ Ռահաբը բնակւում է Իսրայէլի մէջ մինչեւ այսօր, որովհետեւ թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը լրտեսելու։

26Յեսուն այդ օրը նզովեց Երիքովը եւ ասաց. «Տիրոջ առաջ անիծեալ լինի այն մարդը, որ կը վերականգնի եւ կը շինի քաղաքը, իր անդրանիկ որդու վրայ նրա հիմքերը կը դնի ի գին իր անդրանիկ որդու եւ նրա պարսպի դարպասները կը կանգնեցնի ի գին իր կրտսեր որդու։ Այդպէս էլ արեց Ազան Բեթէլացին. իր անդրանկի՝ Աբիրոնի վրայ դրեց նրա հիմքերը եւ Ազատուածի՝ կրտսերի վրայ կանգնեցրեց նրա դարպասները։

27Տէրը Յեսուի հետ էր, եւ նրա անունը տարածուեց ամբողջ երկրում։

Էջմիածին · HYEJB1994