Հեսույի գիրք

7

ԱՔԱՐԻ ՄԵՂՔԸ ԵՒ ՊԱՏԻԺԸ

1Բայց իսրայէլացիները յանցանք գործեցին եւ գողացան նզովուած բաներից։ Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քարմիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի, առաւ նզովուած բաներից, եւ Տէրը սաստիկ բարկացաւ իսրայէլացիների վրայ։

2Յեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որ Բեթէլի դիմացն է, եւ ասաց նրանց. «Լրտեսեցէ՛ք Գային»։ Այդ մարդիկ գնացին, լրտեսեցին Գային, 3ետ դարձան Յեսուի մօտ ու ասացին. «Այս ամբողջ ժողովուրդը թող չգնայ, այլ երկու կամ երեք հազարի չափ մարդիկ թող գնան եւ պաշարեն քաղաքը։ Մի՛ տար այնտեղ ամբողջ ժողովրդին, որովհետեւ նրանք քիչ են»։ 4Եւ ժողովրդից մօտ երեք հազար մարդ գնացին այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջեւից։ 5Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին եւ նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրաւորեցին զառիվայրի վրայ, մինչեւ որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, եւ նրանք ասես դարձան։

6Յեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրայ ընկաւ գետին Տիրոջ տապանակի առաջ, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը այդպէս մնացին մինչեւ երեկոյ եւ իրենց գլխի վրայ հող ցանեցին։ 7Յեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, Տէ՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Յորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին եւ կործանես մեզ։ Երանի թէ այնտեղ, Յորդանան գետի եզերքին մնացած ու բնակուած լինէինք։ 8Օ՜հ, Տէ՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայէլն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ։ 9Քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչներն այդ լսելով՝ կը պաշարեն եւ կը ջնջեն մեզ երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անուան համար»։

10Եւ Տէրը Յեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես ընկել երեսիդ վրայ։ 11Ժողովուրդը գործեց, դրժեց իմ ուխտը, որ ուխտեցի նրանց, նրանք գողացան առան նզովուած բաներից, ստեցին եւ դրին իրենց ամանների մէջ։ 12Իսրայէլացիներն այլեւս չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ, այլ թիկունք կը դարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետեւ դարձան։ Այլեւս ձեզ հետ չեմ լինի, քանի այդ նզովուածը չէք վերացնի ձեր միջից։ 13Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին. սրբագործել կը առաւօտեան։ Այսպէս է ասում Տէր Աստուածն իսրայէլացիներին. “Իսրայէլացինե՛ր, նզովք կայ ձեր մէջ, դուք չէք կարող կանգնել ձեր թշնամիների առաջ, մինչեւ որ նզովքը ձեր միջից չվերացնէք։ 14Առաւօտեան հաւաքուեցէ՛ք ամէնքդ ձեր ցեղերով. այն ցեղը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տոհմերով, այն տոհմը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք տներով, եւ այն տունը, որին ցոյց կը տայ Տէրը, մօտեցրէ՛ք իր մարդկանցով, 15եւ ով որ մեղադրուի նզովուածը գողանալու մէջ, թող հրով այրուի ինքը, իր ամբողջ տունը եւ այն ամէնը, ինչ որ նա ունի, որովհետեւ նա դրժել է Տիրոջ ուխտը եւ անիրաւութիւն է արել Իսրայէլի մէջ”»։

16Եւ Յեսուն առաւօտը կանուխ վեր կացաւ, ներկայացրեց ժողովրդին ըստ իրենց ցեղերի, եւ մեղադրուեց Յուդայի ցեղը։ 17Յուդայի ցեղը ներկայացաւ տոհմերով, եւ մեղադրուեց Զարայի տոհմը։ Զարայի տոհմը ներկայացաւ տներով, եւ մեղադրուեց Զամբրիի տունը։ 18Նրա տունը ներկայացաւ իր մարդկանցով, եւ մեղադրուեց Յուդայի ցեղից Աքարը, որը որդին էր Քամրիի, եւ սա՝ որդին Զամբրիի, իսկ սա՝ որդին Զարայի։ 19Յեսուն Աքարին ասաց. «Որդեա՛կ իմ, փա՛ռք տուր այսօր Իսրայէլի Տէր Աստծուն, խոստովանի՛ր եւ պատմի՛ր ինձ, ինչ որ արեցիր, եւ մի՛ թաքցրու ինձնից»։ 20Աքարը պատասխան տուեց եւ ասաց Յեսուին. «Արդարեւ, ես մեղք գործեցի Իսրայէլի Տէր Աստծու առաջ եւ այս բանը արեցի. 21աւարի մէջ տեսայ մի գեղեցիկ նկարազարդ վերարկու, երկու հարիւր սիկղ արծաթ եւ մի ձուլակտոր , որի ծանրութիւնը յիսուն սիկղ էր, սաստիկ ցանկացայ եւ առայ դրանք։ Ահա դրանք թաքցուած են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը թաքցուած է դրանց տակ»։ 22Յեսուն պատգամաւորներ ուղարկեց, նրանք գնացին բանակատեղի՝ դէպի վրանը. դրանք պահուած էին այնտեղ, նրա վրանում, իսկ արծաթը դրանց տակ էր։ 23Նրանք հանեցին դրանք վրանից, բերին Յեսուի եւ Իսրայէլի ծերերի մօտ եւ դրին Տիրոջ առաջ։

24Յեսուն, նրա հետ եւ բոլոր իսրայէլացիները վերցրին Զարայի որդի Աքարին, նրա որդիներին եւ դուստրերին, նրա արջառը, էշը, նրա բոլոր ոչխարները, բոլոր վրանները, նրա ամբողջ ունեցուածքը եւ բերեցին Աքորի ձորը։ 25Յեսուն ասաց. «Ինչո՞ւ մեզ կործանեցիր, Տէրն այսօր քեզ կը կործանի»։ Եւ բոլոր իսրայէլացիները նրան քարկոծեցին քարերով ու նրա ունեցուածքը այրեցին հրով, քարկոծեցին նրա իւրայիններին եւ դիզեցին նրանց վրայ մեծ քարակոյտ, որ կայ մինչեւ այսօր։ Եւ իջաւ Տիրոջ սաստիկ բարկութիւնը։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքորի ձոր, եւ այդպէս է կոչւում մինչեւ այսօր։

Էջմիածին · HYEJB1994