Հեսույի գիրք
8
ԳԱՅԻԻ ԳՐԱՒՈՒՄԸ ԵՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
1Տէրը Յեսուին ասաց. «Մի՛ վախեցիր եւ մի՛ զարհուրիր, քեզ հետ վերցրո՛ւ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց գնա՛ դէպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագաւորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը։ 2Գայիի եւ նրա թագաւորի հետ վարուի՛ր այնպէս, ինչպէս վարուեցիր Երիքովի եւ նրա թագաւորի հետ. կողոպտի՛ր նրա աւարը եւ անասունները։ Քաղաքի ետեւի կողմից դարանակալներ կարգի՛ր»։ 3Յեսուն եւ ամբողջ պատերազմող ժողովուրդը վեր կացան, որ գնան Գայիի վրայ։ Յեսուն երեսուն հազար զօրաւոր մարդ ընտրեց եւ նրանց ուղարկեց գիշերով։ 4Նա նրանց պատուիրեց՝ ասելով. «Տեսէ՛ք, դուք դարանամուտ պիտի լինէք քաղաքի ետեւի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացէք, եւ ամէնքդ պատրա՛ստ եղէք։ 5Ես եւ ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կը մօտենանք քաղաքին, եւ երբ Գայիի բնակիչները մեր դէմ դուրս գան, ինչպէս առաջին անգամ, կը փախչենք նրանց առաջից։ 6Երբ ելնեն մեր ետեւից, կը հեռացնենք նրանց այդ քաղաքից, եւ նրանք կ’ասեն՝ “Փախան մեր առջեւից ինչպէս առաջին անգամ”։ 7Երբ փախչենք նրանց առջեւից, դուք ելէ՛ք դարանից, մտէ՛ք քաղաք եւ հարուածեցէ՛ք քաղաքին, եւ Իսրայէլի Տէր Աստուածը նրանց մեր ձեռքը կը յանձնի։ 8Երբ առնէք քաղաքը, այրեցէ՛ք այն կրակով։ Կ’անէք այնպէս, ինչպէս ձեզ պատուիրեցի»։ 9Յեսուն նրանց ուղարկեց, նրանք գնացին դէպի դարանը, մտան թաքնուեցին Բեթէլի եւ Դանի միջեւ, Գայիի ծովահայեաց կողմից։ Այն գիշեր Յեսուն ժողովրդի մէջ մնաց։
10Առաւօտը վաղ վեր կենալով՝ Յեսուն աչքի անցկացրեց ժողովրդին, եւ ինքն ու Իսրայէլի ծերերը ժողովրդի առաջից դուրս ելան Գայիի դէմ։ 11Ամբողջ պատերազմող զօրքը ելաւ նրանց հետ։ Նրանք եկան քաղաքի դիմաց արեւելեան կողմից, իսկ քաղաքի դարանակալները ծովի կողմում էին, եւ բանակ դրին Գայիի հիւսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջեւ մի ձոր կար։ 12Եւ Յեսուն առնելով հինգ հազար մարդ՝ նրանց դարան մտցրեց Բեթաւի եւ Գայիի ծովի միջեւ, 13իսկ ժողովրդին ու ամբողջ բանակը տեղաւորեց քաղաքի հիւսիսային կողմում։ Նրանց վերջապահ զօրքը քաղաքի ծովահայեաց կողմում էր։ Յեսուն այդ գիշերն անցկացրեց ձորում։
14Երբ Գայիի թագաւորն այս տեսաւ, առաւօտեան շտապ վեր կացաւ եւ ելաւ նրանց դէմ։ Քաղաքի մարդիկ, ինքը եւ ամբողջ ժողովուրդն այն ժամանակ պատերազմի գնացին Արաբի դիմաց գտնուող ձորը Իսրայէլի դէմ։ Բայց Գայի թագաւորը չգիտէր, որ իր համար քաղաքի ետեւի կողմում դարան են պատրաստել։ 15Երբ Յեսուն տեսաւ, կրկին ետ դարձաւ, եւ բոլոր իսրայէլացիները նրանց առաջից փախան անապատի ճանապարհով։ 16Գայիի թագաւորը երկրի ամբողջ ժողովրդին շտապեցրեց, որ հետապնդեն նրանց. եւ նրանք, հետապնդելով, գնացին իսրայէլացիների ետեւից ու հեռացան քաղաքից։ 17Գայիում ու Բեթէլում մարդ չմնաց, որ իսրայէլացիներին հետապնդելու գնացած չլինէր. քաղաքը թողեցին բաց եւ յարձակուեցին իսրայէլացիների վրայ։
18Տէրը Յեսուին ասաց. «Մեկնի՛ր ձեռքիդ նիզակը դէպի քաղաքը, որովհետեւ քո ձեռքն եմ մատնել այն, եւ դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Յեսուն մեկնեց իր ձեռքում եղած նիզակը դէպի քաղաքը։ 19Դարանակալները վեր կացան իրենց տեղից, եւ հէնց որ նա ձեռքը մեկնեց, ելան, մտան քաղաքը, գրաւեցին այն եւ քաղաքն անմիջապէս այրեցին հրով։ 20Գայիի բնակիչները ետ նայելով՝ տեսան, որ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է ելնում։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնուած էր անապատում, յարձակուեց հետապնդողների վրայ։ 21Երբ Յեսուն եւ ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրաւեցին քաղաքը, եւ քաղաքի ծուխը մինչեւ երկինք է հասնում, նորից կրնկի վրայ ետ դարձան եւ հարուածեցին Գայիի մարդկանց։ 22Միւսները քաղաքից դուրս եկան նրանց ընդառաջ, եւ Գայիի մարդիկ մնացին բանակի մէջտեղը։ Իսրայէլացիների մի մասը այն կողմից, միւսները այս կողմից, այնքան հարուածեցին Գայիի զինուորներին, մինչեւ որ նրանցից ազատուող եւ փախչող չմնաց։ 23Իսկ Գայիի թագաւորին ձերբակալեցին եւ բերեցին Յեսուի մօտ։
24Երբ իսրայէլացիները դադարեցին բոլոր գայիցիներին կոտորելուց, ոմանց դաշտերում, ոմանց լեռներում՝ զառիվայրի վրայ, մինչեւ այնտեղ, ուր հալածել էին նրանց, եւ ամէնքը սրակոտոր եղան իսպառ, Յեսուն շրջուեց դէպի Գայի եւ սրի քաշեց նրա բոլոր բնակիչներին։ 25Այդ օրն ընկածները, տղամարդ եւ կին, տասներկու հազար էին՝ Գայիի բոլոր բնակիչները։ 26Յեսուն նիզակ մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչեւ որ բնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին, 27բացի անասուններից եւ քաղաքի աւարից, որ կողոպտեցին իսրայէլացիները՝ Յեսուին տուած Տիրոջ հրամանի համաձայն։ 28Յեսուն քաղաքը կրակով այրեց եւ այն դարձրեց հողաբլուր, որ յաւիտեան անշէն մնաց մինչեւ այսօր։ 29Իսկ Գայիի թագաւորին կախեց երկճիւղ ծառից, եւ նա մնաց ծառից կախուած մինչեւ երեկոյ։ Եւ արեւը մայր մտնելու ժամանակ Յեսուն հրամայեց, նրան իջեցրին ծառից, գցեցին մի փոսի մէջ, քաղաքի դարպասի մօտ եւ նրա վրայ քարերի կոյտ դիզեցին, որ կայ մինչեւ այսօր։
ՕՐԷՆՔԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ԳԵԲԱՂ ԼԵՐԱՆ ՎՐԱՅ
30Այն ժամանակ Յեսուն Իսրայէլի Տէր Աստծու համար զոհասեղան շինեց Գեբաղ լերան վրայ, 31ինչպէս պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը իսրայէլացիներին, որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում, - զոհասեղան ամբողջական քարերից, որոնց երկաթ չէր դիպել, եւ այնտեղ Տիրոջ համար ողջակէզ եւ փրկութեան զոհ մատուցեց։ 32Իսրայէլացիների առաջ այդ քարերի վրայ Յեսուն գրեց Մովսէսի Երկրորդ օրէնքը։ 33Բոլոր իսրայէլացիները, նրանց ծերերը, դատաւորները եւ օրէնսգէտները գնում էին տապանակի դիմացից՝ այս ու այն կողմից, թէ՛ օտարականը եւ թէ՛ բնիկը։ Ղեւտացի քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը։ Ուղեկցողների կէսը Գարիզին լերան մօտ էր, կէսը՝ Գեբաղ լերան մօտ, ինչպէս առաջ պատուիրել էր Տիրոջ ծառայ Մովսէսը, որ ժողովրդին օրհնեն։ 34Ապա Յեսուն կարդաց այս օրէնքի բոլոր խօսքերը, օրհնութիւններն ու անէծքները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքի գրքում։ 35Այն բոլորից, որ Մովսէսը պատուիրել էր Յեսուին, չկար մի խօսք, որ Յեսուն չկարդար Իսրայէլի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, մանուկների եւ Իսրայէլի մէջ եղած օտարականների առաջ։
Էջմիածին · HYEJB1994