Հեսույի գիրք

9

ԴԱՇԻՆՔ ԻՍՐԱՅԷԼԻ ԵՒ ԳԱԲԱՒՈՆԻ ՄԻՋԵՒ

1Երբ Յորդանան գետի այն կողմի ամորհացիների բոլոր թագաւորները՝ լեռնայինները, դաշտայինները, ե՛ւ նրանք, որ մեծ ծովի ամբողջ եզերքին էին, ե՛ւ նրանք, որ Լեռնալիբանանի մօտ էին, նաեւ քետացիները, ամորհացիները, գերգեսացիները, քանանացիները, փերեզացիները, խեւացիները, յեբուսացիները լսեցին, 2ամէնքը միասին եկան մղելու Յեսուի եւ իսրայէլացիների դէմ։

3Բայց Գաբաւոնի բնակիչները լսելով, թէ ինչ է արել Յեսուն Երիքովին եւ Գայիին, 4իրենք էլ խորամանկութիւն արեցին. եկան պաշարով եւ պատրաստութեամբ, իրենց ուսերի վրայ հնացած քուրձեր, մաշուած, պատառոտուն եւ կարկատած գինու տիկեր դրած։ 5Նրանց կօշիկների կարերը քանդուած էին, նրանց ոտքերի հողաթափները հնացած եւ կարկատած էին, նրանց վրայի զգեստները հնացած էին, եւ նրանց հացի պաշարը չորացած եւ բորբոսնած էր։ 6Նրանք եկան Յեսուի մօտ, իսրայէլացիների բանակատեղին, Գաղգաղա եւ Յեսուին ու բոլոր իսրայէլացիներին ասացին. «Հեռու երկրից ենք եկել, արդ, մեզ հետ դաշի՛նք կնքեցէք»։ 7Իսկ իսրայէլացիներն ասացին քոռացիներին. «Գուցէ մեզ մօտիկ էք բնակւում, ձեզ հետ ինչպէ՞ս դաշինք կնքենք»։ 8Նրանք ասացին Յեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Յեսուն նրանց ասաց. «Ո՞վ էք եւ որտեղի՞ց էք եկել»։ 9Նրանք ասացին. «Շատ հեռու երկրից են եկել քո ծառաները յանուն քո Տէր Աստծու, որովհետեւ լսեցինք նրա անունը եւ այն, ինչ նա արել է Եգիպտոսում, 10եւ այն, ինչ նա արել է Յորդանան գետի այն կողմի ամորհացիների երկու թագաւորներին՝ Եսեբոնի Սեհոն թագաւորին եւ Բասանի Օգ թագաւորին, որ բնակւում էր Աստարոթում եւ Եդրայինում։ 11Մեր ծերերը եւ մեր երկրի բոլոր բնակիչները խօսեցին մեզ հետ եւ ասացին. “Ձեզ համար ճանապարհի պաշար առէ՛ք, գնացէ՛ք նրանց ընդառաջ եւ ասացէ՛ք նրանց. ՛՛Մենք ձեր ծառաներն ենք, արդ, մեզ հետ դաշինք կնքեցէք՛՛”։ 12Այն օրը, որ մենք ելանք մեր տներից եւ եկանք ձեզ մօտ, մեր այս հացի պաշարը դեռ տաք էր, իսկ հիմա չորացել եւ բորբոսնել է, 13այս տիկերը, որ լցրինք գինիով, նոր էին, բայց պատռուեցին, մեր շորերը եւ կօշիկները մաշուեցին շատ երկար ճանապարհից»։ 14Իսրայէլի իշխաններն առան նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։ 15Յեսուն նրանց հետ խաղաղութիւն հաստատեց եւ ուխտեց, որ ողջ կը պահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ երդուեցին նրանց։

16Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր յետոյ լսեցին, որ նրանք դրացիներ են եւ իրենց մօտ են բնակւում։ 17Իսրայէլացիները ճանապարհ ընկան եւ երրորդ օրը հասան նրանց քաղաքները։ Նրանց քաղաքներն էին՝ Գաբաւոնը, Կեփիրոնը, Բերոթը եւ Յարիմի քաղաքները։ 18Իսրայէլացիները չպատերազմեցին նրանց դէմ, որովհետեւ ժողովրդի բոլոր իշխանները Իսրայէլի Տէր Աստուծով երդուել էին նրանց. եւ ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դէմ։ 19Իշխաններն ասացին ժողովրդին. «Մենք Իսրայէլի Տէր Աստուծով երդուել ենք եւ չենք կարող խաբել նրանց։ 20Հիմա այսպէս անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրայ բարկութիւն չգայ այն երդման համար, որ տուեցինք նրանց»։ 21Իշխաններն ասացին նրանց. «Թող ապրեն եւ ամբողջ ժողովրդի համար լինեն փայտահատներ եւ ջրկիրներ»։ Եւ նրանք եղան փայտահատներ ու ջրկիրներ, ինչպէս որ իշխաններն ասացին նրանց։

22Յեսուն նրանց բոլորին կանչեց, խօսեց նրանց հետ եւ ասաց. «Ինչո՞ւ խաբեցիք ինձ եւ ասացիք՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, մինչդեռ դուք մեր գաւառի բնակիչներ էք։ 23Հիմա դուք անիծուած էք, եւ ինձ ու իմ Աստծու համար միշտ պիտի մնաք փայտահատ եւ ջրկիր ծառայ»։ 24Նրանք պատասխան տուին եւ ասացին Յեսուին. «Մեզ լուր հասաւ եւ յայտնի եղաւ, որ քո Տէր Աստուածը իր ծառայ Մովսէսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տայ եւ մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից եւ այդ բանն արեցինք։ 25Հիմա ձեր ձեռքի տակ ենք, վարուեցէ՛ք այնպէս, ինչպէս հաճելի է ձեզ եւ ինչպէս կամենում էք»։ 26Եւ նրանց հետ վարուեցին այսպէս. այն օրը Յեսուն նրանց ազատեց իսրայէլացիների ձեռքից, եւ չկոտորեցին նրանց։ 27Այն օրը նրանց փայտահատներ ու ջրկիրներ կարգեց ամբողջ ժողովրդի եւ Տիրոջ զոհասեղանի համար, եւ մինչեւ այսօր նրանք ծառայում են այդպէս այն տեղում, որ Տէրը կ’ընտրի։

Էջմիածին · HYEJB1994