Երեմիայի մարգարեյի ողբերը
2
1Ինչպէ՜ս խաւարեցրեց Տէրը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկութեամբ, Իսրայէլի փառքը երկնքից երկիր նետեց եւ չյիշեց իր ոտների պատուանդանը։ 2Իր ցասման ու բարկութեան օրը Տէրն անխնայ խորտակեց Յակոբի տան գեղեցկութիւնը, քանդեց ու չխնայեց, կործանեց Յուդայի երկրի դստեր ամրոցները երկրի վրայ, անարգեց նրանց իշխաններին ու թագաւորներին։ 3Տէրն իր ցասման ու բարկութեան օրը փշրեց Իսրայէլի բոլոր եղջիւրները եւ նրան յետ շպրտեց իր թշնամիների առաջ։ Կրակը պատեց Յակոբի երկիրը, լափեց ու ոչնչացրեց ամէն բան, ինչ կար նրա շուրջը։ 4Նրա գիրկը մտաւ իբրեւ թշնամի, իր աջը հաստատեց նրա վրայ եւ սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկութիւնը կրակի պէս թափեց նրա վրայ։ 5Տէրը, իբրեւ թշնամի, կործանեց Իսրայէլը, կործանեց նրա թագաւորներին, կործանեց նրա բոլոր ամրոցները եւ Յուդայի երկրի դստեր տառապանքների վրայ տառապանքներ աւելացրեց։ 6Այգու պէս հատեց նրա խորանները, վերացրեց նրա տարեկան տօները. Տէրը մոռացութեան տուեց այն տարեկան տօներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկութեան պահին մռնչալիս՝ տագնապի մատնեց թագաւորներին, իշխաններին ու քահանաներին։ 7Տէրը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբարանները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մէջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպէս նրա տարեկան տօների օրերին։ 8Սիոնի դստեր պարիսպն ընկաւ ու կործանուեց. լարը քաշեցին եւ բաց չթողեցին իրենց ձեռքերից. աշտարակները սուգ մտան, եւ բոլոր պարիսպները ցնցուեցին ու կործանուեցին։ 9Նրա դռները գետին տապալեցին, խորտակեցին նրա նիգերը։ Նրանց թագաւորներն ու իշխանները հեթանոսների մէջ էին. օրէնք ու մարգարէներ չկային, չկային եւ նրանք, ովքեր տեսիլքներ էին տեսնում Տիրոջ կողմից։ 10Ամէն ինչ իջաւ ու գետնին հաւասարուեց։ Սիոնի դստեր ծերերը պապանձուեցին, հող ցանեցին իրենց գլխին, քուրձ հագան։ Երուսաղէմի իշխաններին գետին տապալեցին։ 11Իմ ժողովրդի դստեր կործանման համար արցունք թափելուց աչքերիս լոյսը խաւարեց, որովայնս տակնուվրայ եղաւ, փառքս լուծուեց հողի մէջ, քանզի քաղաքի բոլոր փողոցներում մեռնում են ծծկեր մանուկները։ 12Նրանք հաց ու գինի էին խնդրում իրենց մայրերից, մինչ քաղաքի մէջ ընկած ու ցրուած՝ մեռնում, իրենց հոգիներն էին աւանդում։ 13Քո մասին ի՞նչ վկայութիւն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղէմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛յս աղջիկ. ծանրացաւ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանայ բժշկել քեզ։ 14Մարգարէները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար եւ քեզ չյայտնեցին քո անիրաւութիւնները, որ կարողանայիր վերադառնալ քո գերութիւնից, այլ քեզ տուեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։ 15Բոլոր անցորդները ծափ զարկին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրայ. «Ա՞յս է այն քաղաքը, - ասում էին, - որ ամբողջ երկրի փառքի պսակն էր եւ ուրախութիւնը»։ 16Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրայ, սուլում էին [ կրճտում եւ իրենց ատամները՝ ասելով. «Եկէք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահաւասիկ տեսանք, գտանք ու հասանք մենք նրան»։ 17Տէրն ինչ խօսել էր՝ արեց, կատարեց իր ասածները, ինչ պատուիրել էր հին օրերում. քանդեց ու չխնայեց, քո թշնամիներին քեզ վրայ ծիծաղել տուեց եւ բարձրացրեց քեզ նեղողների եղջիւրը։ 18Նրանց սրտերը պիտի աղաղակեն դէպի Սիոնի դստեր պարիսպները, գիշեր ու ցերեկ հեղեղի պէս արցունք պիտի թափեն. մի՛ լռիր, մի՛ դադարիր, աչքդ արտասուքից թող հանգիստ չառնի։ 19Վե՛ր կաց խոստովանութեան,գիշերը, քո պահեցողութեան սկզբին, քո սիրտը, ինչպէս ջուր, թափի՛ր Տիրոջ առաջ, ձեռքդ վե՛ր կարկառիր քո մանուկների հոգիների համար, որոնք սովամահ էին լինում քո երթեւեկութեան բոլոր ճանապարհներին։ 20Տե՛ս, ո՛վ Տէր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպէս ճռաքաղ արիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արիր, ներս տարար, տուիր խոհարարներին, որ ներսում, Տիրոջ սրբարանի մէջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարէին։ 21Ծերն ու տղան միասին վախճանուեցին ճանապարհների գլխին, կոյսն ու երիտասարդը քշուեցին գերութեան. քո բարկութեան օրը սրի քաշեցիր, կոտորեցիր, մորթեցիր, կերակուր դարձրիր ու չխնայեցիր։ 22Պանդխտութեանս օրը, ինչպէս տարեկան տօներին, հրաւիրեցիր, որ նրանք իմ շուրջը հաւաքուեն, բայց ոչ ոք չգտնուեց, որ Տիրոջ ցասման ու բարկութեան ժամին փրկուած կամ կենդանի մնացած լինէր, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։
Էջմիածին · HYEJB1994