Երեմիայի մարգարեյի ողբերը

5

1Յիշի՛ր, Տէ՛ր, թէ ինչե՜ր կատարուեցին մեզ հետ, նայի՛ր եւ տե՛ս մեր կրած նախատինքները։ 2Մեր ժառանգութիւնն անցաւ օտար ազգերին, մեր տները՝ օտարականներին։ 3Որբ մնացինք մենք, չկար մեզ համար, մեր մայրերը մեր աչքի առաջ այրիացան։ 4Մեր ջուրը փողով խմեցինք, եւ մեր փայտը գնելու հոգսը միշտ մեր վզին է ծանրացած։ 5Հալածական եղանք եւ հանգստութիւն չգտանք։ 6Եգիպտացիներն ու ասորաստանցիները ձեռք մեկնեցին՝ մեզ հացով կշտացնելու համար։ 7Մեր հայրերը գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկայ, եւ հայրերի մեղքը մենք ենք քաշում։ 8Մեզ վրայ տիրեցին ծառաները, եւ այլեւս նրանց ձեռքից մեզ փրկող չկայ։ 9Անապատի սրի ահից եկէք մեր պաշարները ներս տանենք։ 10Սոսկալի սովի երեսից մեր կաշին հնացած թոնրի նման ճաք է տուել։ 11Կանանց խայտառակեցին Սիոնում, իսկ կոյսերին՝ Յուդայի երկրի քաղաքներում։ 12Ծերերին կախեցին իրենց բութ մատներից, չխնայեցին նաեւ պառաւներին։ 13Ընտիր ու պատուական մարդիկ ողբում էին բարձրաձայն, իսկ երիտասարդները, փայտածեծ արուելով, ուժասպառ եղան։ 14Ծերերն այլեւս չէին նստում դարպասների մօտ, իսկ ընտրեալ մարդիկ դադարեցին օրհնութիւններ երգելուց։ 15Մեր սրտերը զրկուեցին ուրախութիւնից, եւ մեր օրհներգութիւններն ու պարերը փոխուեցին սգի։ 16Պսակը վայր ընկաւ մեր գլուխներից. վա՜յ մեզ, վա՜յ մեզ, քանզի մենք մեղք գործեցինք։ 17Ահա թէ ինչու ցաւն առաւ մեր սրտերը, ահա թէ ինչու մեր աչքերին խաւարը պատեց Սիոնի լերան վրայ, 18որն աւերակ է դարձել, եւ աղուէսներն են ելումուտ անում նրա սրահներում։ 19Տէ՛ր, դու կաս յաւիտեան, եւ քո աթոռը մնում է սերնդից սերունդ։ 20Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ։ 21Ե՛տ դարձրու մեզ, ո՛վ Տէր, եւ մենք կը վերադառնանք, նորոգի՛ր մեզ, Տէ՛ր, ինչպէս վաղնջական ժամանակներում։ 22Դու մերժելով մերժեցիր մեզ, քո ցասումն ու բարկութիւնն անչափ բորբոքուեց մեզ վրայ։

Էջմիածին · HYEJB1994