Ղևտացիների գիրք
13
ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՇԿԱՅԻՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. 2«Եթէ որեւէ մէկի մարմնի մաշկի վրայ սպի, պալար, բշտիկ եւ կամ բորոտութեան ախտանշան երեւայ, թող դիմի Ահարոն քահանային կամ նրա քահանայ որդիներից մէկին։ 3Քահանան թող զննի նրա մաշկի վրայի վէրքը։ Եթէ վէրքի շուրջն եղած մազերն սպիտակել են, եւ վէրքն աւելի խորն է երեւում քան մաշկը, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Քահանան պէտք է զննի եւ նրան անմաքուր համարի։ 4Եթէ նրա մարմնի մաշկի վրայի վէրքը մաշկից սպիտակ է եւ նրանից խորը չի երեւում, ու մազի գույնն էլ սպիտակ չէ, այլ մուգ գույն ունի, ապա քահանան ախտակրին եօթն օր պէտք է մեկուսացնի։ 5Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի նրան, եւ եթէ վէրքը նոյն վիճակում է մնացել, մաշկի վրայ չի տարածուել, ապա քահանան նրան պէտք է մեկուսացնի եւս եօթը օր։ 6Քահանան եօթներորդ օրը պէտք է մի անգամ եւս զննի, եւ երբ տեսնի, որ վէրքը մգացել է, մաշկի գոյնը չի փոխուել, նրան պէտք է մաքուր համարի, որովհետեւ դա քոսի նշան է։ Նա թող լուանայ իր զգեստները եւ համարուի մաքուր։ 7Իսկ եթէ քահանայի զննելուց եւ մաքուր համարելուց յետոյ վէրքը տարածուի մաշկի վրայ, նա պէտք է վերստին դիմի քահանային, եւ սա եթէ նկատի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, 8նրան պէտք է անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան ախտանշան է։
9Ուրեմն, եթէ մարդը բորոտութեան վէրք ունենայ, ապա պէտք է գայ Ահարոն քահանայի մօտ։ 10Քահանան պէտք է զննի։ Եթէ մաշկի վրայ սպիտակ պալար կայ, դրա շուրջն եղած մազն սպիտակել է, բայց պալարի մէջ առողջ ու կենդանի միս կայ, 11ուրեմն բորոտութիւնը հնացել է նրա մարմնի մաշկի վրայ։ Քահանան պէտք է անմաքուր համարի եւ մեկուսացնի նրան, որովհետեւ նա անմաքուր է։
12Եթէ բորոտութիւնը գնալով տարածուի նրա մաշկի վրայ, բորոտութիւնը ծածկի մարմնի ամբողջ մաշկը՝ գլխից մինչեւ ոտքերը, եւ քահանան նկատի դա, 13տեսնի, որ բորոտութիւնը տարածուել է մարմնի ամբողջ մաշկի վրայ, ապա մաքուր թող համարի հիւանդին, որովհետեւ նրա մարմինն ամբողջութեամբ սպիտակել է։ Եւ նա մաքուր է։ 14Այն օրը, երբ այդ մարդու մաշկի վրայ գործող վէրք նկատուի, նա թող անմաքուր համարուի։ 15Քահանան տեսնելով մաշկի վրայ գործող վէրքը՝ թող նրա ամբողջ մարմինը անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութիւն է։ 16Եթէ մաշկի առողջ մասը դարձեալ փոփոխութեան ենթարկուի եւ սպիտակի, 17հիւանդը պէտք է գայ քահանայի մօտ, եւ քահանան պէտք է զննի նրան։ Եթէ նրա վէրքը սպիտակել է, քահանան թող հիւանդին մաքուր յայտարարի, որովհետեւ նա մաքուր է։
18Եթէ մարդ իր մարմնի մաշկի վրայ խոց ունենայ, եւ դա լաւանայ, 19բայց խոցի տեղում սպիտակ-փայլուն, լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետք առաջանայ, ապա նա պէտք է դիմի քահանային։ 20Քահանան պէտք է զննի նրան։ Եթէ վէրքն աւելի խորն է երեւում, քան մաշկը, իսկ վէրքի շուրջն եղած մազերն էլ սպիտակել են, ապա քահանան նրան թող անմաքուր համարի։ Դա լուսնասպիտակ կամ կարմրաւուն հետքով բորոտութիւն է բորբոքուած խոցով։ 21Եթէ քահանան նկատի, որ վէրքի շուրջն եղած մազերը սպիտակ չեն, այլ՝ մուգ, եւ վէրքն էլ մաշկից խորը չէ, ապա քահանան հիւանդին եօթն օր թող մեկուսացնի։ 22Իսկ եթէ խոցը տարածուի մաշկի վրայ, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։ 23Իսկ եթէ փայլ ունեցող վէրքը տեղում մնայ՝ չտարածուի, ապա դա սպի է. քահանան նրան թող մաքուր համարի։
24Եթէ մարմնի մաշկը կրակով այրուած լինի, նրա մաշկն այրուածքից ապաքինուի, իսկ այրուածքի տեղում փայլուն, սպիտակ, կարմրաւուն կամ լուսնասպիտակ բշտիկ առաջանայ, 25եւ քահանան տեսնի այն ու նկատի, որ մազն սպիտակ՝ փայլուն է դարձել, բշտիկի տեղն աւելի խորն է, քան մաշկը, ուրեմն դա այրուածքից առաջացած բորոտութիւն է։ Քահանան հիւանդին թող անմաքուր համարի, որովհետեւ դա բորոտութեան հիւանդութիւն է։ 26Իսկ եթէ քահանան տեսնի, որ դրա վրայ որեւէ փայլուն հետք կամ սպիտակ մազ չկայ, եւ բշտիկի տեղը մաշկից խորը չէ, գոյնը մուգ է, ապա քահանան նրան եօթը օր թող մեկուսացնի։ 27Եօթներորդ օրը քահանան թող զննի նրան. եթէ տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, ուրեմն նրան թող անմաքուր համարի, որովհետեւ դա վէրքից առաջացած բորոտութիւն է։ 28Եւ եթէ վէրքը նոյն տեղում մնայ՝ չտարածուի մաշկի վրայ, եւ գոյնն էլ մուգ լինի, ուրեմն դա այրուածքի սպի է։ Քահանան մաքուր թող համարի նրան, որովհետեւ դա այրուածքի հետք է միայն։
29Եթէ տղամարդու կամ կնոջ գլխի կամ կզակի վրայ բորոտութեան վէրք լինի, եւ քահանան զննի այն ու նկատի, 30որ վէրքի տեղն աւելի խորն է, քան մաշկը, դրա վրայի մազը վերածուել է խարտեաշ աղուամազի, ապա քահանան նրան թող անմաքուր համարի, քանի որ դա գոնջութիւն է՝ գլխի կամ կզակի բորոտութիւն։ 31Եթէ քահանան նկատի գոնջութեան նշանները, այն, որ վէրքի տեղն աւելի խորը չէ, քան մաշկը, եւ ոչ էլ մազն է խարտեաշ դարձել, ապա գոնջացածին թող մեկուսացնի եօթը օր։ 32Քահանան եօթներորդ օրը թող զննի գոնջութեան հետքերը եւ տեսնելով, որ այն չի տարածուել մաշկի վրայ, մազը խարտեաշ չի դարձրել, ոչ էլ վէրքի տեղն է աւելի խորը, քան մաշկը, 33թող սափրի մաշկի առողջ մասի մազերը, իսկ հիւանդ մասի մազերը թող չսափրի։ Քահանան հիւանդին թող մեկուսացնի եւս եօթը օր։ 34Քահանան եօթներորդ օրը վէրքը թող զննի եւ տեսնելով, որ սափրելուց յետոյ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, եւ վէրքի տեղն էլ աւելի խորը չէ, քան մաշկը, ուրեմն նրան մաքուր թող համարի, իսկ այդ մարդն իր զգեստները լուանալով՝ մաքուր թող համարուի։ 35Բայց եթէ նրան սափրելուց յետոյ վէրքը տարածուի նրա մաշկի վրայ, եւ քահանան տեսնի, որ վէրքը տարածուել է մաշկի վրայ, 36նա խարտեաշ մազերի համար թող դարմանուած չհամարի այն, քանի որ հիւանդը անմաքուր է։ 37Եթէ վէրքը մաշկի վրայ չի տարածուել, իսկ դրա շուրջը թուխ մազ է բուսել, ուրեմն հիւանդութիւնն անցել է, հիւանդը մաքուր է։ Քահանան թող մաքուր համարի նրան։
38Եթէ տղամարդու կամ կնոջ մարմնի մաշկի վրայ որեւէ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան լինի, 39եւ քահանան զննելով տեսնի, որ մարմնի մաշկի վրայ փայլուն, լուսնասպիտակ պսպղուն ախտանշան կայ, ապա դա մարմնի մաշկի վրայ տարածուած թեփուկ է, ուրեմն այդ մարդը մաքուր է։
40Եթէ որեւէ մէկի գլխի մազերը թափուեն, նա հերաթափ է լինում, բայց մաքուր է։ 41Իսկ եթէ նրա գլխի առջեւի մասի մազերը թափուեն, ուրեմն նա ճաղատ է, բայց մաքուր է։ 42Եթէ նրա հերաթափ կամ ճաղատ գլխի վրայ սպիտակ կամ կարմրաւուն վէրք լինի, ապա նրա հերաթափութեան կամ ճաղատութեան տակ բորոտութիւն է թաքնուած։ 43Երբ քահանան զննի այն եւ տեսնի, որ հիւանդի ճաղատութեան վէրքը մարմնի մաշկի բորոտութեան նման սպիտակ է կամ կարմրաւուն, ուրեմն մարդը բորոտ է։ Նա անմաքուր է։ Քահանան խիստ անմաքուր պէտք է համարի նրան, քանի որ ախտը հէնց նրա գլխի վրայ է։
44Ով բորոտ է, 45նա պէտք է պատռուած զգեստներ կրի, գլուխը բաց լինի, բերանը՝ ծածկուած, եւ նա անմաքուր պէտք է համարուի։ 46Քանի դեռ հիւանդութիւնը նրա վրայ է, նա անմաքուր պէտք է համարուի։ Նա անմաքուր է։ Նա պէտք է մեկուսացած մնայ, նրա բնակավայրը բանակատեղիից դուրս պէտք է լինի»։
ՕՐԷՆՔՆԵՐ ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆԻՑ ԱԽՏԱՒՈՐՈՒԱԾ ԶԳԵՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
47«Եթէ զգեստի վրայ բորոտութեան ախտանշան կայ, լինի այն բրդէ կամ կտաւէ զգեստ, 48լինի երկար գործուածք, թէ թեւքով, լինի կտաւից թէ բրդից գործուած, անմշակ կամ մշակուած կաշուից կարուած, 49եթէ այդ ախտանշանը կանաչաւուն կամ կարմրաւուն լինի անմշակ կաշուէ զգեստի, երկար գործուածքի կամ թեւքով զգեստի, ամէն տեսակի աշխատուած կաշուի կամ իրի վրայ, ուրեմն դա բորոտութեան ախտանշան է։ Այդ զգեստը պէտք է ցոյց տրուի քահանային։ 50Քահանան պէտք է զննի ախտանշանը եւ ախտաւորուած զգեստը եօթն օր պէտք է մեկուսացնի։ 51Քահանան եօթներորդ օրը պէտք է զննի ախտահարուած զգեստը։ Եթէ ախտանշանը տարածուել է զգեստի, երկար, թեւքով, կտաւէ, բրդէ կամ անմշակ ու մշակուած կաշուից պատրաստուած զգեստների, ամէն տեսակ առարկաների վրայ, ուրեմն դա իսկական բորոտութիւն է։ Դա անմաքուր է։ 52Քահանան պէտք է վառի ախտահարուած այդ զգեստները, դրանք լինեն երկար թէ թեւքով, բրդից թէ կտաւից պատրաստուած զգեստներ կամ ամէն տեսակ կաշուէ առարկաներ։ Քանի որ դա իսկական բորոտութիւն է, ուրեմն կրակով պէտք է այրուի։ 53Եթէ քահանան տեսնի, որ վարակը չի տարածուած զգեստի վրայ, դա լինի երկար թէ թեւքով, լինի բրդից կամ կտաւից պատրաստուած զգեստ կամ ամէն տեսակ կաշուէ առարկայ, 54թող նա հրամայի, որ լուանան ախտակիր զգեստը։ Այնուհետեւ քահանան ախտակիր զգեստը թող մեկուսացնի եւս եօթը օր։ 55Քահանան թող զննի լուացուած ախտակիր զգեստը։ Եթէ ախտանշանի տեսքը չի փոխուել, ուրեմն այն անմաքուր է, նոյնիսկ եթէ ախտը չի տարածուել։ Թող այն կրակով այրուի, քանզի ախտը բուն է դրել զգեստի՝ երկար կամ թեւքով հագուստի մէջ։ 56Իսկ եթէ քահանան տեսնի, որ ախտահարուածը լուացուելուց յետոյ մուգ գոյն է ստացել, ապա այդ մասը թող կտրի-անջատի զգեստից, կաշուէ առարկայից, երկար կամ թեւքով հագուստից։ 57Եթէ ախտանշանը նորից երեւայ երկար կամ թեւքով զգեստի, ամէն տեսակ կաշուէ առարկայի վրայ, ուրեմն դա սաստկացող բորոտութեան նշան է. ախտով վարակուածը կրակով թող այրուի, դա լինի երկար կամ թեւքով զգեստ, 58կաշուից պատրաստուած ամէն տեսակ առարկայ։ Եթէ լուացուելուց յետոյ ախտանշանը դուրս գայ դրանից, թող մի անգամ եւս լուացուի, ապա մաքուր համարուի»։ 59Ահա այս թող լինի բրդէ, կտաւէ հագուստի, երկար կամ թեւքով զգեստի կամ ամէն տեսակ կաշուէ առարկայի բորոտութեան մասին օրէնքը, որով այս կամ այն առարկան մաքուր կամ անմաքուր են համարում։
Էջմիածին · HYEJB1994