Ղևտացիների գիրք

14

ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆԻՑ ՄԱՔՐՈՒԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Այս թող լինի մաքրուելուց յետոյ բորոտի հետ վարուելու կարգը։ Նրան թող բերեն քահանայի մօտ։ 3Քահանան թող դուրս գայ բանակատեղիից, զննի նրան եւ համոզուելով, որ բորոտութեան ախտանշանը նրա վրայից վերացել է, 4թող հրաման տայ, որ ապաքինուածի համար բերեն երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։ 5Քահանայի հրամանով թռչուններից մէկը թող մորթեն խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։ 6Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղեւնու փայտը, կարմիր մանուածքն ու ծոթրինը եւ դրանք, ինչպէս նաեւ կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթուած թռչունի արեան մէջ։ 7Նա բորոտութիւնից ապաքինուածի վրայ դրանից եօթն անգամ թող ցանի եւ մաքրի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դէպի դաշտ։ 8Մաքրուածը թող լուանայ իր զգեստները, ածիլի իր մարմնի բոլոր մազերը, լուացուի ջրով եւ դրանից յետոյ թող մաքուր համարուի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր վրանից դուրս ապրի եօթը օր։ 9Եօթներորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը. ե՛ւ գլուխը, ե՛ւ մօրուքը, ե՛ւ յօնքերը. այո՛, պէտք է ածիլի մարմնի բոլոր մազերը։ Թող ջրով լուանայ իր զգեստները, մարմինը, որից յետոյ նա մաքուր թող համարուի։

10Ութերորդ օրը նա թող առնի մէկ տարեկան ոչ արատաւոր երկու գառ, մէկ տարեկան ոչ արատաւոր մի էգ գառ, իւղով հունցուած երեք տասներորդական ընտիր ալիւր անարիւն զոհաբերութեան համար եւ մէկ իւղ։ 11Մաքրող քահանան մաքրուող մարդուն եւ զոհաբերութեան ընծաները թող բերի վկայութեան խորանի առաջ։ 12Քահանան թող վերցնի մի գառը, այն թող զոհաբերի մեղքերի քաւութեան համար, վերցնի նաեւ մէկ բաժակ իւղը եւ այն որպէս ընծայ մատուցի Տիրոջ առաջ։ 13Միւս գառը թող մորթի այն վայրում, ուր մորթում են ողջակէզն ու մեղքերի քաւութեան զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Մեղքերի քաւութեան համար արուած զոհը, ինչպէս եւ յանցանքի քաւութեան համար արուած զոհը, պատկանում է քահանային, եւ դա սրբութիւնների սրբութիւն է։ 14Քահանան թող վերցնի յանցանքների քաւութեան համար արուած զոհի արիւնից եւ քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին։ 15Քահանան վերցնելով բաժակի միջի իւղից՝ այն թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ։ 16Քահանան իր ձախ ձեռքի ափի իւղի մէջ թող թաթախի աջ ձեռքի մատը եւ այդ մատով եօթն անգամ ցանի Տիրոջ առաջ։ 17Իր ձախ ձեռքի ափի մնացած իւղը քահանան թող քսի մաքրուածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։ 18Քահանան իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը թող քսի մաքրուողի գլխին։ 19Քահանան նրան թող քաւութիւն տայ Տիրոջ առաջ։ Քահանան մեղքերի քաւութեան զոհաբերութիւնը կատարելով՝ մաքրուողին քաւութիւն է տուած լինում իր մեղքերից։ Դրանից յետոյ քահանան թող մորթի ողջակէզը եւ ողջակիզուածն ու զոհաբերուածը դնի զոհասեղանին, Տիրոջ առաջ։ 20Քահանան թող այդպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողի մեղքերին, եւ այդ մարդը թող մաքրուի։

21Եթէ նա է եւ չունի այդ կարողութիւնը, իր կատարած յանցանքի քաւութեան համար թող զոհաբերի մէկ գառ, իւղով հունցուած մէկ տասներորդական գրիւ ընտիր ալիւր, մէկ բաժակ իւղ 22եւ երկու տատրակ կամ աղաւնու երկու ձագ՝ այն, ինչ կարող է։ Մէկը պիտի մատուցուի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը՝ որպէս ողջակէզ։ 23Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մօտ, որ նրան մաքրեն Տիրոջ առաջ, վկայութեան խորանի դռան մօտ։ 24Քահանան, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուելիք գառն ու իւղի բաժակը, թող մատուցի Տիրոջ առաջ»։ 25Քահանան թող մորթի յանցանքի քաւութեան գառը, ապա, վերցնելով յանցանքի քաւութեան համար զոհաբերուածի արիւնից, թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին ու նրա աջ ոտքի բթամատին։ 26Քահանան այդ իւղից թող լցնի իր ձախ ձեռքի ափի մէջ, 27եւ աջ ձեռքի մատով ձախ ձեռքի ափի մէջ եղած իւղից եօթն անգամ թող ցանի Տիրոջ առաջ։ 28Քահանան իր ձեռքում եղած իւղից թող քսի մաքրուողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի բթամատին եւ նրա աջ ոտքի բթամատին՝ այն տեղերը, որտեղ քսւում է յանցանքների համար զոհաբերուածի արիւնը։ 29Իր ձեռքի ափի մէջ մնացած իւղը քահանան թող քսի մաքրուողի գլխին եւ քաւութիւն տայ նրան Տիրոջ առաջ։ 30Իր կարողութեան չափով տատրակներից կամ աղաւնիների ձագերից մէկը 31թող մատուցի մեղքերի քաւութեան համար, իսկ միւսը անարիւն զոհաբերութեան հետ ողջակէզ անի Տիրոջ առաջ։ Քահանան թող այսպէ՛ս քաւութիւն տայ մաքրուողին Տիրոջ առաջ։ 32Այս է չափաւոր կարողութեան տէր բորոտի մաքրուելու կարգը»։

ԲՈՐՈՏՈՒԹԻՒՆ ՏՆԵՐԻ ՄԷՋ

33Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց. 34«Երբ դուք մտնէք Քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրեւ սեփականութիւն եմ տալու, եւ ձեր սեփականութիւնը հանդիսացող այդ երկրի տներում բորոտութեան վարակ տարածեմ, 35այն ժամանակ տանտէրը թող գայ եւ քահանային պատմի ու ասի, թէ՝ “Ինչ-որ ախտանշան երեւաց իմ տանը”։ 36Քահանայի հրամանով տունը կը դատարկեն, մինչ քահանան այդ տունը կը մտնի զննելու համար, որպէսզի տան մէջ գտնուող ոչ մի բան չլինի։ Դրանից յետոյ քահանան թող մտնի տունն ստուգելու։ 37Քահանան տան պատերին կը տեսնի ախտանշանը՝ տեղ-տեղ խորն ընկած կանաչաւուն կամ կարմրաւուն բծեր, որոնց մակերեսն աւելի խորն է, քան պատինը։ 38Քահանան, ելնելով տան դռնից դուրս, թող կարգադրի, որ տունը եօթն օր փակի տակ պահուի։ 39Քահանան եօթներորդ օրը նորից թող գայ եւ զննի տունը։ Եթէ տեսնի, որ ախտանշանները տարածուած են տան պատերին, 40հրաման թող տայ, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրայ ախտանշան կայ։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։ 41Թող ամբողջութեամբ քերեն տան ներսը եւ քերուածը հանեն քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։ 42Այնուհետեւ թող առնեն յղկուած այլ քարեր, դրանք տեղադրեն հանուած քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։ 43Եթէ քարերը տեղահանելուց, պատերը քերելուց եւ նորից ծեփելուց յետոյ տան մէջ վերստին երեւայ ախտանշանը, 44ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթէ ախտանշանը տարածուած է տան մէջ, ուրեմն տան մէջ իսկական բորոտութիւն կայ. այդ տունը անմաքուր է։ 45Պէտք է քանդել տունը եւ նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պէտք է հանել քաղաքից դուրս, մի անմաքուր տեղ։ 46Փակի տակ պահուած բոլոր օրերին ով որ մտնի այդ տունը, մինչեւ երեկոյ թող անմաքուր համարուի։ 47Ով որ քնի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։ Ով որ ուտի այդ տան մէջ, պէտք է լուանայ իր զգեստները։ Նա անմաքուր պէտք է համարուի մինչեւ երեկոյ։ 48Եթէ քահանան գայ մտնի, զննի ու տեսնի, որ այդ տունը ծեփուելուց յետոյ ախտանշանը չի տարածուել տան մէջ, թող այն մաքուր յայտարարի, քանի որ ախտը բուժուած է։ 49Տունը մաքրելու համար քահանան թող առնի երկու կենդանի մաքուր թռչուն, եղեւնու փայտ, կարմիր մանուածք եւ ծոթրին։ 50Քահանան թռչուններից մէկը թող մորթի խեցէ անօթի մէջ, ակնաղբիւրի հոսող ջրի վրայ։ 51Ապա քահանան թող վերցնի եղեւնու փայտը, կարմիր մանուածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը եւ դրանք թող թաթախի ակնաղբիւրի հոսող ջրի վրայ մորթած թռչունի արեան մէջ։ Նա այդ տան վրայ եօթն անգամ թող ցանի այն։ 52Տունը թող մաքրի թռչունի արեամբ, աղբիւրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղեւնու փայտով, ծոթրինով եւ կարմիր մանուածքով, 53իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դէպի դաշտ։ Երբ քահանան այդ տան համար քաւութեան զոհաբերութիւն կատարի, եւ տունը մաքրուի, այդ տունը մաքուր կը լինի։ 54Ահա ա՛յս թող լինի բորոտութեան ու գոնջութեան բոլոր ախտանշանների համար կիրառուող կարգը, 55նաեւ զգեստի ու տան բորոտութեան, 56սպիի, ուռուցքի ու բշտիկի, 57թէ ո՛ր օրը մարդն անմաքուր է եւ ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտութեան վերաբերեալ կարգը։

Էջմիածին · HYEJB1994