Ղևտացիների գիրք
20
ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. “Եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ 3Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ 4Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, 5ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
6Վհուկներին ու ոգեհմաներին հետեւելով՝ նրանց հետ պոռնկացող մարդկանց պիտի հետապնդեմ ու վերացնեմ նրանց իրենց ժողովրդի միջից։ 7Սրբագործուեցէ՛ք ու սո՛ւրբ եղէք, քանզի ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ 8Պահպանեցէ՛ք ու կատարեցէ՛ք իմ հրամանները։ Ես ձեզ սրբագործող Տէր Աստուածն եմ։
9Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
10Եթէ որեւէ տղամարդ շնանայ ամուսնացած մի կնոջ կամ իր ընկերոջ կնոջ հետ, մահապատժի թող ենթարկուեն ե՛ւ շնացողը, ե՛ւ շնացեալը։
11Այն տղամարդը, որ կը պառկի իր հօր կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր հօրը ամօթոյքը։ Երկուսն էլ թող մահուան դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
12Եթէ որեւէ մէկը պառկի իր հարսի հետ, թող երկուսն էլ մահուն դատապարտուեն, քանի որ նրանք ամբարշտացել են եւ մահապարտ են։
13Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
14Եթէ որեւէ տղամարդ կին առնի մի աղջկայ ու նրա մօրը, դա անօրէնութիւն է։ Կրակի մէջ թող այրուեն նա եւ աղջիկն ու նրա մայրը, որպէսզի ձեր մէջ անօրէնութիւն չլինի։
15Կենդանու հետ կենակցող տղամարդը թող մահապատժի ենթարկուի, իսկ կենդանուն պէտք է սատկեցնել։ 16Խառնակուելու նպատակով որեւէ կենդանու մերձեցող կնոջն ու կենդանուն սպանեցէ՛ք։ Նրանք թող սպանուեն, քանի որ մահապարտ են։
17Եթէ տղամարդն ամուսնանայ իր հօրից կամ մօրից ծնուած խորթ քրոջ հետ եւ տեսնի նրա ամօթոյքը, իսկ խորթ քոյրն էլ տեսնի նրա ամօթոյքը, ապա դա նախատինք է. նրանք պէտք է վերանան իրենց ժողովրդի միջից, որովհետեւ նա իր խորթ քրոջ ամօթոյքն է բացած լինում։ Նրանք պիտի ընդունեն իրենց մեղքերի հատուցումը։
18Եթէ տղամարդը պառկի դաշտանի մէջ գտնուող կնոջ հետ եւ բանայ նրա ամօթոյքը, քանի որ բացել է նրա արեան աղբիւրը, իսկ սա էլ նրան ցոյց է տուել իր արեան աղբիւրը, ուրեմն երկուսն էլ թող վերանան իրենց ժողովրդի միջից։
19Քո հօրաքրոջ եւ մօրաքրոջ ամօթոյքը չբանաս, որովհետեւ բացած ես լինում մերձաւորներիդ ամօթոյքները։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
20Եթէ որեւէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, ուրեմն նա բացած է լինում իր քեռուն պատկանող ամօթոյքը։ Նրանք իրենց գործած մեղքի համար պատիժ թող կրեն եւ անժառանգ մեռնեն։
21Եթէ որեւէ տղամարդ պառկի իր եղբօր կնոջ հետ, դա պղծութիւն է. նա բացած է լինում իր եղբօրը պատկանող ամօթոյքը, ուրեմն նրանք անժառանգ թող մեռնեն։
22Կը պահպանէք իմ բոլոր հրամաններն ու իմ բոլոր պատուիրանները եւ կը կատարէք դրանք։ Թող ձեզ չմերժի այն երկիրը, ուր ես տանելու եմ ձեզ՝ այնտեղ բնակուելու համար։ 23Մի՛ հետեւէք այն ժողովուրդների օրէնքներին, որոնց ես վանելու եմ ձեր միջից, որովհետեւ նրանք կատարեցին բոլոր այդ վատ արարքները, եւ ես նողկանք զգացի նրանց հանդէպ։ 24Ես ձեզ ասացի. “Դուք կը ժառանգէք այդ երկիրը, եւ ես ձեզ այն կը տամ իբրեւ սեփականութիւն, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում”։ Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ առանձնացրեց բոլոր ժողովուրդներից։ 25Ինքնե՛րդ տարբերակեցէք մաքուր եւ անմաքուր անասունները, մաքուր եւ անմաքուր թռչունները, ձեզ մի՛ պղծէք անմաքուր անասուններով, թռչուններով ու երկրի ամէն տեսակ սողուններով, որոնց ես առանձնացրել եմ ձեզ համար իբրեւ անմաքուրների։ 26Ինձ համար սուրբ եղէք, որովհետեւ ես՝ ձեր Տէր Աստուածը, սուրբ եմ։ Ես ձեզ առանձնացրի բոլոր ժողովուրդներից, որպէսզի իմը լինէք։
27Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են”»։
Էջմիածին · HYEJB1994