Ղևտացիների գիրք
21
ՔԱՀԱՆԱՅՈՒԹԵԱՆ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. «Խօսի՛ր Ահարոնի որդիների՝ քահանաների հետ եւ նրանց ասա՛. “Թող նրանք անմաքուր չհամարուեն իրենց ազգականի, բարեկամի կամ իրենց հարեւանի դիակներին դիպչելով՝ 2բացառութեամբ երբ կը դիպչեն հօր կամ մօր, որդու կամ աղջկայ, եղբօր կամ քրոջ, չամուսնացած եւ իրենց մօտ ապրող քրոջ դիակներին։ Եթէ սրանց դիպչեն, անմաքուր կը համարուեն։ 4Քահանան գլխաւոր դէմք լինելով՝ թող անմաքուր չլինի չթոյլատրուող դիակի դիպչելով։ 5Քահանաները ի նշան սգի իրենց գլուխը թող չածիլեն, մօրուքների ծայրերը չկտրեն եւ իրենց մարմնի վրայ դաջուածքներ չանեն։ 6Թող սուրբ լինեն իրենց Աստծու առաջ եւ չարատաւորեն իրենց Աստծու անունը, որովհետեւ իրենք՝ քահանաներն են, որ զոհ են մատուցում իրենց Տէր Աստծուն։ Նրանք սուրբ պէտք է լինեն։
7Քահանաները պոռնիկ կամ պղծուած կին չպէտք է առնեն։ Չպէտք է առնեն նաեւ ամուսնուց բաժանուած կին, որովհետեւ քահանան սուրբ պէտք է լինի իր Տէր Աստծու համար եւ պիտի մաքրի իրեն։ 8Սրբագործուած քահանան է, որ պիտի մատուցի ձեր Տէր Աստծու պատարագը։ Նա սուրբ պէտք է լինի, քանզի ես՝ Տէրս, որ սրբագործում եմ քահանաներին, սուրբ եմ։ 9Եթէ քահանայի դուստրը պոռնկութեամբ պղծուի, նա արատաւորած կը լինի իր հօր անունը. նա պէտք է հրով այրուի։
10Գլխին օծութեան իւղ ունեցող, պատմուճան հագնելու արժանացած եւ իր եղբայրների մէջ աւագ եղող քահանան ի նշան սգոյ գլխարկը թող չհանի, իր հագուստները չպատառոտի, 11վախճանուած մարդուն չդիպչի, - եթէ նոյնիսկ դա իր հայրը կամ մայրն է, - եւ իրեն չպղծի։ 12Յուղարկաւորութեանը մասնակցելու համար սրբարաններից թող դուրս չգայ, որպէսզի իր Աստծու սրբարանը չպղծի, որովհետեւ նա իր վրայ կրում է Աստծու օծութեան սուրբ իւղը։ Այո՛, ես եմ Տէրը։ 13Աւագ քահանան իր ժողովրդի միջից կոյս աղջիկ պիտի առնի։ 14Այրի, ամուսնալուծուած կամ պոռնիկ կին չպիտի առնի, այլ իր ժողովրդի միջից մի կոյս աղջիկ պիտի առնի որպէս կին։ 15Նա իր սերմը չպիտի պղծի իր ժողովրդի մէջ, որովհետեւ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրան”»։
16Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց ասաց. 17«Խօսի՛ր Ահարոնի հետ եւ նրան ասա՛. “Եթէ քո գալիք սերունդներից որեւէ մէկը մարմնական արատ ունենայ, ուրեմն իր Աստծուն նա թող պատարագ չմատուցի։ 18Արատ ունեցող որեւէ մարդ, լինի նա կաղ կամ կոյր, կարճ քթով կամ ականջատ, 19ձեռքը կամ ոտքը կոտրած, 20կուզ կամ շիլ, աչքը վնասուած, քոս, քաղցկեղ կամ մէկ ամորձիք ունեցող, 21մի խօսքով՝ Ահարոն քահանայի սերնդի մէջ մարմնական արատ ունեցող որեւէ մարդ թող չմօտենայ քո Աստծուն զոհ մատուցելու, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Աստծուն զոհ մատուցելու համար նա չպէտք է մօտենայ զոհասեղանին, որովհետեւ Աստծու ընծաները սրբութիւն սրբոց են։ 22Այդ սրբութիւններից նա կարող է ուտել, 23բայց վարագոյրին թող չմօտենայ եւ զոհասեղանին չդիպչի, որովհետեւ նա մարմնական արատ ունի։ Իր Աստծու սրբարանը նա չպէտք է պղծի, քանզի ես եմ Տէրը, որ սրբագործում եմ քահանաներին”»։
24Մովսէսը Ահարոնին, նրա որդիներին ու բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Աստծու այս պատգամները։