Ղևտացիների գիրք

22

ԶՈՀԵՐԻ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Ահարոնին ու նրա որդիներին ասա՛, որ զգուշութեամբ վարուեն իսրայէլացիների ինձ մատուցած սրբութիւնների հետ, որպէսզի իրենց մատուցած զոհերով չարատաւորեն իմ սուրբ անունը, քանզի ես եմ Տէրը։ 3Նրանց կ’ասես. “Ձեր յետնորդներից մի մարդ, ինչ սերնդի էլ պատկանի, եթէ վիճակում մօտենայ վկայութեան խորանին, որպէսզի մատուցի այն, ինչ իսրայէլացիներն են մատուցում Տիրոջը, ապա ես նրան կ’ոչնչացնեմ, քանզի ես եմ Տէրը։ 4Եթէ քահանայի որդիներից մէկը բորոտ է կամ սերմնահոսութիւն ունի, չունի զոհաբերութիւնների մսից ուտելու, մինչեւ որ չմաքրուի։ Ով որ դիպչի մեռելից պղծուած որեւէ բանի, ով որ առնական սերմի կորուստ ունենայ, 5ով որ մօտենայ մի պիղծ սողունի կամ մի մարդու, որը պղծուած է ամէն տեսակ պղծութիւններով, 6ով որ դիպչի դրանց, թող անմաքուր համարուի մինչեւ երեկոյ։ Նա մատուցուած զոհաբերութիւններից չպէտք է ուտի, մինչեւ որ իր մարմինը չլուայ ջրով։ 7Արեւը մտնելուց յետոյ նա մաքուր թող համարուի եւ դրանից յետոյ միայն նա կարող է ուտել մատուցուած սրբութիւններից, որովհետեւ դա է նրա ուտելիքը։ 8Քահանան սատկած կամ գազանից յօշոտուած կենդանու միս չպէտք է ուտի, որպէսզի անմաքուր չդառնայ։ Ես եմ Տէրը։ 9Նրանք պէտք է կատարեն իմ կարգադրութիւնները, որպէսզի գործած չլինեն եւ իմ պատգամները զանց առնելու պատճառով մահապատժի չենթարկուեն։ Ես եմ քահանաներին սրբագործող Տէրը։

10Որեւէ օտարազգի այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտի։ Ո՛չ քահանայի մօտ եկած պանդուխտը, ո՛չ էլ վարձկանը այդ սրբագործուած ուտելիքից չպէտք է ուտեն։ 11Իսկ եթէ քահանան դրամով մարդ է գնել, այդ մարդը կարող է ուտել այդ ուտելիքից։ Նրա աղախիններից ծնուածները եւս կարող են ուտել նրա ուտելիքից։

12Եթէ քահանայի դուստրը ամուսնանայ քահանայական ընտանիքից չսերած մի տղամարդու հետ, ապա նա չի կարող ուտել սրբութիւններից։ 13Իսկ եթէ քահանայի դուստրը այրիանայ կամ ամուսնալուծուած լինի եւ առանց զաւակ ունենալու վերադառնայ հայրական տունը, ապա, ինչպէս իր մանկութեան օրերին, կարող է ուտել իր հօր ուտելիքներից։ Քահանայական ընտանիքին չպատկանող մարդը իրաւունք չունի դրանից ուտելու։

14Եթէ որեւէ մէկն անգիտակցաբար ուտի սրբութիւններից, թող իր կերածի արժէքի վրայ աւելացնի դրա մէկ հինգերորդը եւ վերադարձնի քահանային։ 15Թող նրանք չպղծեն այն սրբութիւնների սրբութիւնները, որ Իսրայէլի որդիներն առանձնացրել են Տիրոջ համար։ 16Նրանք սրբութիւնների սրբութիւնն ուտելով՝ իրենց վրայ բերում են մեղքեր ու յանցանքներ։ Ես եմ դրանք սրբագործող Տէրը”»։

17Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 18«Խօսի՛ր Ահարոնի, նրա որդիների ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի հետ եւ ասա՛ նրանց. “Եթէ Իսրայէլի որդիներից կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած եկուորներից մէկը ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան բերի իր նուէրը, որ պիտի մատուցուի Տիրոջը որպէս ողջակէզ, 19ապա դա թող ընդունելի լինի ձեր կողմից, եթէ այն նախրից բերուած արու եւ ոչ արատաւոր արջառ է, ոչխար կամ այծ։ 20Արատաւոր անասուն չմատուցէք Տիրոջը, որովհետեւ ձեր արածը ընդունելի չի լինի։ 21Եթէ որեւէ մէկը Տիրոջը փրկութեան զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկութեան, լինի դա արուած ուխտ թէ կամաւոր զոհաբերութիւն եւ կամ տօնի առթիւ արուած զոհաբերութիւն, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերուած կենդանին ընդունելի կը լինի, եթէ այն արատաւոր չէ։ Այն ոչ մի արատ չպէտք է ունենայ։ 22Կոյր, կաղ, ջարդուածք ունեցող, լեզուն կտրած կամ ուռուցք ունեցող, քոսոտ կամ քոր ունեցող անասուն թող չմատուցեն Տիրոջը. դրանցից Տիրոջ զոհասեղանին ողջակէզ չբերէք։ 23Ականջը կտրած կամ պոչատ արջառն ու ոչխարը կարող ես իբրեւ կամաւոր ընծայ մորթել, բայց դա քո արած ուխտի համար ընդունելի չէ։ 24Ամորձիքը ճմլուած, ճզմուած, կռտած կամ կտրած կենդանին Տիրոջը չմատուցէք եւ ձեր բնակած երկրում նման բաներ չանէք։ 25Այլազգի մարդուց նման չառնէք ձեր Աստծուն զոհաբերելու համար, որովհետեւ դրանք թերութիւններ եւ արատներ ունեն։ Ձեր կողմից արուած այդ զոհերը ընդունելի չեն լինի ինձ համար”»։

26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27«Նորածին հորթը, գառը կամ ուլը եօթը օր պէտք է մնայ մօր մօտ։ Ութերորդ օրից սկսած եւ դրանից յետոյ այն կարող է ընդունելի լինել՝ Տիրոջը զոհաբերուելու համար։ 28Կովը, ոչխարը եւ դրանցից ծնուածները միեւնոյն օրը մի՛ մորթէք։

29Եթէ Տիրոջը գոհութեան զոհ ես մատուցում, ապա այն մատուցի՛ր այնպէս, որ քո զոհածը ընդունելի լինի։ 30Զոհի միսը պէտք է ուտուի նոյն օրը. այդ մսից յաջորդ օրուան չթողնէք։ Ես եմ Տէրը։

31Կը պահպանէք իմ պատուիրանները եւ կը կատարէք դրանք, քանզի ես եմ Տէրը։ 32Իմ սուրբ անունը մի՛ արատաւորէք, քանզի ես եմ Տէրը։ Ես սուրբ կը լինեմ Իսրայէլի որդիների մէջ։ Ես եմ ձեզ սրբագործող Տէրը, 33որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինի։ Ես եմ Տէրը»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն