Ղևտացիների գիրք
23
ԻՍՐԱՅԷԼԻ ԿՐՕՆԱԿԱՆ ՏՕՆԵՐԸ
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Տիրոջը նուիրուած այն տօները, որ սուրբ պիտի կոչէք, հետեւեալներն են.
3Վեց օր պիտի աշխատես, իսկ եօթներորդ՝ շաբաթ օրը հանգստեան օր է եւ սուրբ՝ Տիրոջը նուիրուած։ Այդ օրը ոչ մի աշխատանք չէք կատարի, որովհետեւ այն Տիրոջը նուիրուած շաբաթ օրն է, երբ հանգստանում են բոլոր տներում։
ԲԱՂԱՐՋԱԿԵՐԱՑ ՏՕՆԸ
()
4Տիրոջը նուիրուած տօները, որոնք սուրբ են հռչակուած եւ որոնք պիտի նշէք, հետեւեալներն են.
5Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։ 6Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ հաց պիտի ուտէք։ 7Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։ 8Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք”»։
9Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 10«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Երբ կը մտնէք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, եւ կը հնձէք նրա հունձը, առաջին խուրձը՝ ձեր հնձի բերքը, կը բերէք քահանային։ 11Նա խուրձը պէտք է ընծայաբերի Տիրոջը իբրեւ ձեր կողմից արուած ընդունելի նուէր։ Քահանան այն պէտք է ընծայաբերի շաբաթին յաջորդող առաջին օրուայ առաւօտեան։ 12Խուրձը ընծայաբերելու օրը նաեւ մէկ տարեկան ոչ արատաւոր ոչխար պէտք է ողջակիզէք Տիրոջ համար։ 13Նաեւ զոհաբերուածը՝ իւղով հունցուած երկու տասներորդ գրիւ ընտիր ալիւր պիտի մատուցէք։ Դա Տիրոջը մատուցուող զոհաբերութիւն է՝ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտ զոհ։ Իբրեւ նուէր՝ նաեւ մէկ քառորդ դորակ գինի։ 14Մինչեւ այդ նուէրները ձեր Աստծուն չընծայէք, բաղարջ կարկանդակ, աղացած աղանձ չուտէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
ՀՆՁԻ ՏՕՆԸ
()
15Հաշուեցէ՛ք. ուխտի խուրձ մատուցելու շաբաթ օրուայ յաջորդ օրուանից ամբողջ եօթը շաբաթ, 16մինչեւ վերջին շաբաթուայ յաջորդ օրն անում է յիսուն օր։ Այդ յաջորդ օրն էլ Տիրոջը նոր զոհ կը մատուցէք։ 17Ձեր տներից կ’ընծայաբերէք ձեր նուէրը՝ երկու բաղարջ կարկանդակ։ Իւրաքանչիւր կարկանդակը պիտի հունցուած լինի երկու տասներորդական գրիւ ընտիր ալիւրով։ Թթխմորով պիտի եփուեն դրանք, Տիրոջը տրուող առաջին բերքից։ 18Հացերի հետ պիտի մատուցէք մէկ տարեկան ոչ արատաւոր եօթը գառ, նախրից՝ մէկ հորթ եւ ոչ արատաւոր երկու խոյ։ Դրանք ողջակէզ պիտի լինեն Տիրոջը։ Անարիւն զոհաբերութիւններն ու գինին Տիրոջը մատուցուած անուշահոտ բուրմունք են։ 19Առաջին հնձից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ կը մատուցէք մեղքերի քաւութեան համար մէկ նոխազ եւ մէկ տարեկան երկու գառ՝ իբրեւ փրկութեան զոհաբերութիւն։ 20Քահանան դրանք առաջին բերքից պատրաստուած բաղարջ կարկանդակների հետ որպէս նուէր պիտի ընծայաբերի Տիրոջ առաջ։ Դրանք երկու գառների հետ պէտք է ընծայաբերուեն Տիրոջը եւ պատկանեն մատուցող քահանային։ 21Այդ օրը կը համարէք անուանի օր, դա սուրբ թող լինի ձեզ համար։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։
22Ձեր արտերը հնձելիս կրկին չվերադառնաք չհնձուածը հնձելու կամ հնձի ժամանակ ընկած հասկերը հաւաքելու համար, այլ դրանք աղքատին ու պանդխտին կը թողնէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը”»։
ՓՈՂ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՕՐ
()
23Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 24«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. “Եօթներորդ ամսի առաջին օրը ձեզ համար հանգստեան օր թող լինի՝ Տիրոջը նուիրաբերուած մի սուրբ տօն, որ շեփորներով է ազդարարւում։ 25Այդ օրը ոչ մի առտնին գործ չպիտի անէք, այլ Տիրոջը ողջակէզ պիտի մատուցէք”»։
ՔԱՒՈՒԹԵԱՆ ՕՐ
()
26Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 27«Եօթներորդ ամսի տասներորդ օրը Քաւութեան օր է։ Այն ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից սկսած ձեր անձը զրկեցէ՛ք եւ Տիրոջը ողջակէզներ մատուցեցէ՛ք։ 28Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք, քանզի դա Քաւութեան օր է ձեզ համար, որպէսզի դուք ձեր մեղքերը քաւէք ձեր Տէր Աստծու առաջ։ 29Ով այդ օրը իր մարմինը չի զրկի, կը վերանայ իր ժողովրդի միջից։ 30Ով այդ օրը գործ կ’անի, կը վերանայ իր ժողովրդի միջից։ 31Ոչ մի առտնին գործ չանէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ, ձեր բոլոր տներում։ 32Դա շաբաթների շաբաթ թող լինի ձեզ համար։ Ամսի իններորդ օրուայ երեկոյից մինչեւ յաջորդ օրուայ երեկոն զրկեցէ՛ք ձեր մարմինը եւ հանգստացէ՛ք»։
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆ
()
33Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 34«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիւ Տիրոջը եօթը օր պիտի նշէք Տաղաւարահարաց տօնը։ 35Առաջին օրը թող սուրբ համարուի, այդ օրը ոչ մի առտնին գործ չանէք։ 36Այդ եօթը օրերին ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը ձեզ համար անուանի եւ սուրբ օր թող լինի։ Ողջակէզ կը մատուցէք Տիրոջը, որովհետեւ դա տօնի վերջին օրն է։ Այդ օրը ոչ մի առտնին գործ չանէ՛ք։ 37Սրանք են Տիրոջ պատուին կատարուող տօները, որ դուք պիտի նշէք եւ դրանք սուրբ պիտի համարէք, որպէսզի ամէն օր Տիրոջը ընծայ մատուցէք ձեր ողջակէզները, անարիւն զոհաբերութիւններն ու գինին։ 38Սրանք պիտի մատուցուեն բացի այն ընծաներից, որոնք ընծայաբերւում են Տիրոջը շաբաթ օրերը, բացի ձեր ուխտի ընծաներից եւ ձեր միւս կամաւոր զոհաբերութիւններից, որոնք մատուցւում են Տիրոջը։ 39Եօթներորդ ամսի տասնհինգերորդ օրը, երբ հաւաքէք արտերի բերքը, Տիրոջ պատուին եօթը օր տօն պիտի կատարէք։ Առաջին եւ ութերորդ օրը պիտի հանգստանաք։ 40Առաջին օրը կ’առնէք ծառերի գեղեցիկ պտուղներ, արմաւենու ճիւղեր, տերեւախիտ ծառերի եւ ուռենիների ճիւղեր, ձորի բարդիների ճիւղեր, որպէսզի Տիրոջ առաջ եօթը օր ուրախանաք։ 41Տարուայ այդ եօթը օրը որպէս Տիրոջ տօն կը տօնէք։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեր սերունդների մէջ։ Եօթներորդ ամսին կը կատարէք այդ տօնը։ 42Եօթը օր վրանների մէջ կ’ապրէք։ Իսրայէլացի բոլոր տեղաբնակները վրանների մէջ թող ապրեն, 43որպէսզի ձեր բոլոր սերունդներն իմանան, որ, երբ ես իսրայէլացիներին հանում էի Եգիպտացիների երկրից, վրանների մէջ էի բնակեցրել նրանց։ Ես եմ ձեր Տէր Աստուածը”»։ 44Եւ Մովսէսը իսրայէլացիներին պատմեց Տիրոջ տօների մասին։
Էջմիածին · HYEJB1994