Ղևտացիների գիրք
24
ՍՐԲԱՐԱՆԻ ԱՇՏԱՆԱԿԸ
()
1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Իսրայէլի որդիներին պատուիրի՛ր, որ լուսաւորութեան համար ձիթապտղի նոր ճզմած մաքուր ձիթաիւղ բերեն քեզ, 3որպէսզի կանթեղը միշտ վառ մնայ վկայութեան խորանի մէջ, վարագոյրի դրսի կողմը։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչեւ առաւօտ այն տեւապէս թող վառ պահեն Տիրոջ առաջ։ Դա յաւիտենական օրէնք թող լինի ձեզ համար ձեր սերունդների մէջ։ 4Տիրոջ առաջ, սուրբ աշտանակի վրայ մինչեւ առաւօտ վա՛ռ պահեցէք կանթեղները։
ԱՍՏԾՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ ՀԱՑԸ
5Կը վերցնէք ընտիր ալիւր եւ դրանից տասներկու բաղարջ կարկանդակ կը պատրաստէք։ Ամէն մի կարկանդակի քաշը երկու տասներորդական հիմէն թող լինի։ 6Տիրոջ առաջ, սուրբ սեղանի վրայ դրանք կը դնէք երկու շարքով. ամէն մի շարքի վրայ՝ վեց կարկանդակ։ 7Իւրաքանչիւր շարքի վրայ կը դնես մաքուր կնդրուկ եւ աղ։ Դրանք Տիրոջն ընծայաբերուող հացեր են ի յիշատակ Իսրայէլի տասներկու ցեղերի։ 8Իբրեւ իսրայէլացիների կողմից յաւիտենական ուխտ, իւրաքանչիւր շաբաթ այդ տասներկու հացերը միշտ Տիրոջ առաջ կը դնէք։ 9Այդ հացերը պատկանում են Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք թող այդ հացերը ուտեն մի սուրբ տեղում, քանի որ դա Տիրոջն ընծայաբերուող նուէրների մէջ ամենասուրբն է։ Դա յաւիտենական օրէնք է»։
ԱՐԴԱՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՊԱՏԺԻ ՕՐԻՆԱԿ
10Իսրայէլացիների մէջ մի մարդ էր ապրում, որը որդին էր եգիպտացի մի տղամարդու, բայց մայրը իսրայէլացի էր։ Բանակատեղիում կռիւ արեցին իսրայէլացի կնոջից ծնուած այս մարդն ու մի ուրիշ իսրայէլացի։ 11Իսրայէլացի կնոջ որդին տուեց Տիրոջ անունը եւ հայհոյեց։ Նրան բերեցին Մովսէսի մօտ։ Նրա մօր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։ 12Այդ մարդուն հսկողութեան տակ պահեցին, որպէսզի Աստծու հրամանով դատեն նրան։ 13Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 14«Հայհոյող այդ մարդուն հանեցէ՛ք բանակատեղիից դուրս, եւ նրանք, ովքեր լսել են նրա հայհոյանքը, որպէս վկայ թող իրենց ձեռքերը դնեն նրա գլխին, եւ ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ 15Կը խօսես Իսրայէլի որդիների հետ եւ նրանց կ’ասես. “Ով որ կը հայհոյի Աստծուն, իր մեղքի պատիժը կը կրի։ 16Ով որ կը հայհոյի Տիրոջ անուան, թող մահապատժի ենթարկուի։ Ամբողջ ժողովուրդը թող քարկոծի նրան։ Աստծուն հայհոյողը, օտարական լինի նա թէ տեղաբնակ, մահապատժի թող ենթարկուի։ 17Եթէ որեւէ մէկը մարդ ծեծի, եւ սա մեռնի, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։ 18Ով անասուն կը սպանի, անասունի տիրոջը նոյնպիսի անասունով թող հատուցի։ 19Եթէ որեւէ մէկը խեղանդամ դարձնի իր մերձաւորին, ինչ որ արել է, նոյնն էլ թող անեն իրեն։ 20Ջարդուածքի դիմաց՝ ջարդուածք, աչքի դիմաց՝ աչք, ատամի դիմաց՝ ատամ։ Ինչ խեղուածք որ մէկը միւսին պատճառի, նոյնով թող պատժուի։ 21Եթէ մարդ է ծեծել, եւ սա մահացել է, ծեծողը մահապատժի թող ենթարկուի։ 22Միեւնոյն օրէնքը թող կիրառուի ե՛ւ օտարականի, ե՛ւ տեղաբնակի նկատմամբ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը”»։
23Մովսէսը խօսեց իսրայէլացիների հետ, եւ բանակատեղիից դուրս հանեցին այն մարդուն, որ հայհոյել էր։ Ամբողջ ժողովուրդը քարկոծեց նրան։ Իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր պատուիրել Մովսէսին։
Էջմիածին · HYEJB1994