Ղևտացիների գիրք

26

ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐ

(, )

1Ես եմ ձեր Տէր Աստուածը։ «Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակուած կուռքեր մի՛ ստեղծէք, ձեզ համար արձան մի՛ կանգնեցրէք եւ ձեր երկրում քարակոթող մի՛ դնէք դրան երկրպագելու համար։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։

2Իմ օրերը պիտի պահէք եւ իմ սրբարաններից երկիւղածութիւն պիտի զգաք, քանզի ես եմ Տէրը։ 3Եթէ ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատուիրանները պահպանէք ու կատարէք դրանք, ապա անձրեւ կ’ուղարկեմ ձեզ իր ժամանակին։ 4Հողն իր բերքը կը տայ, իսկ դաշտերի ծառերը կը տան իրենց պտուղները։ 5Ձեր կալերում աշխատանքը կը տեւի մինչեւ այգեկութ, իսկ ձեր այգեկութները կը տեւեն մինչեւ նոր ցանքսի ժամանակը։ Դուք կուշտ կ’ուտէք եւ ձեր երկրում անհոգ կ’ապրէք։ 6Ձեր երկրին խաղաղութիւն կը պարգեւեմ, եւ ձեր երկրում չի լինի։ Կը քնէք, եւ չի լինի մէկը, որ ձեզ վախեցնի։ Ձեր երկրից կը վերացնեմ չարիք պատճառող գազաններին։ 7Դուք հալածական կ’անէք ձեր թշնամիներին, եւ նրանք սպանուած կ’ընկնեն ձեր առաջ։ 8Ձեր հինգ հոգին հալածական կ’անի հարիւր հոգու, իսկ ձեր հարիւրը՝ բիւրաւորների, ձեր թշնամիները սրի հարուածներից կ’ընկնեն ձեր առաջ։ 9Ես աչքով կը նայեմ ձեզ, կ’աճեցնեմ ու կը բազմացնեմ ձեզ եւ կը կատարեմ ձեզ տուած իմ խոստումը։ 10Այնքան բերք կը ստանաք, որ նախորդ ու դրանից էլ առաջ ստացած բերքը կը բաւարարի ձեզ, բայց հին բերքը շտեմարանից միշտ պիտի հանէք նոր բերքով լցնելու համար։ 11Ես իմ ուխտատեղին պիտի հաստատեմ ձեր մէջ, եւ ես ձեզնից չեմ խորշելու։ 12Ես պիտի քայլեմ ձեր մէջ եւ պիտի լինեմ ձեր Աստուածը, իսկ դուք պիտի լինէք իմ ժողովուրդը։ 13Ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեց Եգիպտացիների երկրից, երբ դեռ ստրուկ էիք, քանդեց ձեր ստրկական լծի կապանքները եւ ձեզ համարձակ այստեղ բերեց»։

ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

()

14«Բայց եթէ չլսէք ինձ եւ չկատարէք իմ այս բոլոր հրամանները, 15արհամարհէք դրանք, իմ կարգադրութիւններից ձանձրանալով չկատարէք իմ պատուիրանները, վերացնէք իմ հաստատած ուխտը, 16ապա ես նոյնը կ’անեմ ձեր նկատմամբ. տագնապալից տառապանքների կը մատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կը հիւանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լոյսը, եւ դուք հալումաշ լինէք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանէք ձեր սերմերը, եւ ձեր արտերի բերքը ձեր հակառակորդները պիտի ուտեն։ 17Ես իմ զայրացած հայեացքը ձեզ վրայ պիտի յառեմ, եւ դուք պիտի ընկնէք ձեր թշնամիների առաջ։ Ձեզ ատողները ձեզ հալածական պիտի անեն, եւ դուք փախստական պիտի լինէք, եթէ անգամ որեւէ մէկը չհալածի ձեզ։ 18Եթէ նման պատիժներից յետոյ էլ ինձ չլսէք, ձեր գործած մեղքերի համար եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ։ 19Ես պիտի խորտակեմ ձեր ամբարտաւան պարծենկոտութիւնը, երկինքը ձեզ վրայ երկաթի պէս ծանր պիտի դարձնեմ, իսկ ձեր հողը՝ պղնձի պէս կարծր։ 20Ձեր զօրութիւնը ի չիք պիտի դառնայ, հողը ձեր ցանած սերմի չափով իսկ բերք պիտի չտայ, ոչ էլ երկրի ծառերը պիտի տան։

21Իսկ եթէ դուք շարունակէք շեղուել ուղիղ ճանապարհից ու չկամենաք լսել ինձ, ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։ 22Ձեզ վրայ պիտի ուղարկեմ երկրի վայրի գազաններ, նրանք պիտի լափեն ձեզ ու պիտի յօշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիւը, եւ ձեր ճանապարհները ամայի պիտի դառնան։ 23Իսկ եթէ դրանից յետոյ էլ չխրատուէք ու հակառակուէք ինձ, 24ես դարձեալ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։ 25Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ լուծելու համար իմ ուխտի վրէժը։ Եւ եթէ ամրանաք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, եւ դուք պիտի մատնուէք թշնամիների ձեռքը։ 26Երբ ձեզ նեղեմ հացի պակասութեամբ, տասը ձեզ հաց պիտի եփեն մէկ թոնրի մէջ եւ ձեզ հաց պիտի բաժանեն հաշուած կշռով։ Պիտի ուտէք ու չպիտի կշտանաք։ 27Եթէ դրանից յետոյ էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ, 28ես էլ, զայրանալով, պիտի հակառակուեմ ձեզ եւ ձեր գործած մեղքերի համեմատ եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ ձեզ։ 29Դուք պիտի ուտէք ձեր տղաների ու ձեր աղջիկների միսը։ 30Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտեայ ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրայ, եւ իմ հոգին պիտի խորշի ձեզնից։ 31Ձեր քաղաքները աւերակ պիտի դարձնեմ, պիտի ամայացնեմ ձեր սրբարանները եւ ձեր զոհաբերութիւնների անուշ բոյրը այլեւս չպիտի հոտոտեմ։ 32Պիտի աւերեմ ձեր երկիրը, եւ նրա մէջ ապրող ձեր թշնամիները պիտի զարմանան դրա վրայ։ 33Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մէջ, եւ ձեզ վրայ իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրը աւերակ պիտի դառնայ, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։ 34Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, 35իսկ դուք պիտի լինէք ձեր թշնամիների երկրում՝ օտար երկրում։ Այնքան ժամանակ, որ երկիրը աւերակ պիտի մնայ, պիտի վայելի իր հանգստեան օրերը, պիտի հանգստանայ այն շաբաթ օրերի փոխարէն, որ չհանգստացաւ ձեր այնտեղ բնակուելու ժամանակ։ 36Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերեւների սօսափիւնից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպէս փախչում են ռազմի դաշտից, եւ պիտի ընկնեն առանց որեւէ մէկից հալածուած լինելու։ 37Եղբայրը պիտի լքի իր եղբօրը, ինչպէս ռազմի դաշտում, առանց որեւէ մէկից հետապնդուած լինելու։ Դուք չպիտի կարողանաք դիմադրել ձեր թշնամիներին։ 38Դուք պիտի կորչէք ժողովուրդների մէջ, եւ ձեր թշնամիների երկիրը ձեզ կուլ պիտի տայ։ 39Ձեզնից վերապրածները իրենց գործած մեղքերի համար պիտի կոտորուեն իրենց թշնամիների երկրում եւ իրենց հայրերի մեղքերի համար նրանց հետ միասին հալումաշ պիտի լինեն։ 40Այդ ժամանակ է, որ նրանք պիտի խոստովանեն իրենց ու իրենց հայրերի գործած մեղքերը, պիտի համոզուեն, որ յանցանք են գործել եւ արհամարհել են ինձ. 41նրանք հակառակուեցին ինձ, ես էլ նրանց հակառակուեցի բարկութեամբ եւ ոչնչացրի նրանց իրենց թշնամիների երկրում։ Այնժամ պիտի ամաչի նրանց հեթանոս սիրտը, եւ իրենք պիտի զգան իրենց գործած մեղքերի ծանրութիւնը։ 42Ես պիտի յիշեմ Յակոբին, Իսահակին եւ Աբրահամին տուած իմ խոստումը, պիտի յիշեմ նաեւ այն երկիրը, 43որը լքուելով նրանց կողմից, պիտի վայելի իր հանգստեան օրերը, քանի որ այն աւերակ էր դարձել իր բնակիչների պատճառով։ Նրանք պիտի պատժուեն իրենց կատարած անօրէնութիւնների համար, այն բանի փոխարէն, որ արհամարհեցին իմ պատուիրանները, եւ իմ հրամանները նրանց համար տաղտկալի դարձան։

44Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի եւ ոչ էլ զզուեցի նրանցից նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, որպէսզի չոչնչացնեմ նրանց, քանզի ես եմ նրանց Տէր Աստուածը։ 45Ես պիտի յիշեմ նրանց հետ կապած իմ նախկին ուխտը, երբ բոլոր հեթանոս ժողովուրդների աչքի առաջ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան բնակավայրից, որպէսզի լինեմ նրանց Աստուածը, քանզի ես եմ Տէրը»։ Սրանք են այն պատգամները, հրամաններն ու օրէնքները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաստատեց իր եւ Իսրայէլի որդիների միջեւ։

Էջմիածին · HYEJB1994