Ղևտացիների գիրք

27

ՕՐԷՆՔՆԵՐ ԱՍՏԾՈՒՆ ՏՐՈՒԵԼԻՔ ՆՈՒԷՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ նրանց ասա՛. “Եթէ մէկը ուխտ անի Տիրոջը նուէր մատուցելու մի անձի արժէքի չափով, գները հետեւեալը թող լինեն. տղամարդու դէպքում՝ 3քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկանը՝ սրբարանում գտնուող կշեռքով կշռուած յիսուն երկդրամեան արծաթ։ 4Կնոջ դէպքում՝ երեսուն երկդրամեան։ 5Հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան մանչ զաւակի դէպքում՝ քսան երկդրամեան, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ տասը երկդրամեան։ 6Մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան մանչ զաւակի դէպքում՝ հինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի աղջկայ դէպքում՝ երեք երկդրամեան արծաթ։ 7Եթէ վաթսուն տարեկանից բարձր է տղամարդը, նրա գինն է տասնհինգ երկդրամեան արծաթ, իսկ նոյն տարիքի կնոջը՝ տասը երկդրամեան։ 8Եթէ որեւէ մէկը լինի եւ ի վիճակի չլինի վճարելու այդ գինը, նա պէտք է կանգնի քահանայի առաջ, եւ քահանան նրա համար գին պիտի նշանակի։ Ինչ կարողութիւն որ ունի ուխտ անողը, ըստ այդմ էլ նրա համար գին թող նշանակի քահանան։

9Եթէ մէկը Տիրոջը ուխտ անի զոհուելու սահմանուած անասուններից մատուցելու, ինչ էլ որ լինի դա, Տիրոջ համար ընդունելի է։ 10Միայն թէ լաւը վատի տեղ չպիտի մատուցի, ոչ էլ վատը՝ լաւի։ Եթէ իր ուխտած կենդանու փոխարէն մի այլ կենդանի բերի, ապա ուխտած կենդանու նման թող սուրբ համարուի նաեւ դրա փոխարէն բերուածը։ 11Եթէ ուխտած կենդանին զոհաբերութեան ենթակայ անասուններից չէ, որոնք չի կարելի Տիրոջը զոհ մատուցել, այդ կենդանին թող կանգնեցուի քահանայի առաջ, 12քահանան, ըստ լաւի ու վատի, թող գին սահմանի. ըստ քահանայի սահմանած արժէքի պէտք է գնահատուի այդ կենդանին։ 13Եթէ ուխտ անողը ցանկանայ վճարել իր ուխտած կենդանու արժէքը, ապա դրա վրայ պէտք է աւելացնի նաեւ որոշուած արժէքի մէկ հինգերորդ մասը։

14Եթէ մէկը ցանկանայ իր տունը նուիրել Տիրոջը, քահանան թող գին սահմանի՝ նկատի ունենալով տան լաւ կամ վատ վիճակը. ըստ քահանայի սահմանած արժէքի թող գնահատուի այդ տունը։ 15Իսկ եթէ նուիրաբերողը ցանկանայ յետ գնել իր տունը, ապա տան արժէքի վրայ թող աւելացնի դրա մէկ հինգերորդ մասը, եւ տունը կը լինի իրենը։ 16Եթէ մէկն իր կալուածքը հանդիսացող ագարակն է ուխտում նուիրել Տիրոջը, ապա դրա արժէքը թող լինի ըստ դրա վրայ ցանուած սերմի։ Եթէ սերմը մէկ է, ուրեմն թող վճարի յիսուն երկդրամեան արծաթ։ 17Եթէ ագարակը նուիրաբերի ազատագրման տարուայ սկզբին, նրա ամբողջ արժէքը պէտք է հաշուուի։ 18Իսկ եթէ իր հանդը նուիրաբերում է ազատագրման տարուց յետոյ, ապա քահանան պէտք է հաշուի մինչեւ ազատագրման տարին ընկած տարիների համար վճարելիք դրամը եւ դրա համեմատ այն հանի ագարակի արժէքից։

19Եթէ ագարակը նուիրողը ցանկանայ այն յետ գնել, դրա գնի վրայ թող աւելացնի գնահատուածի մէկ հինգերորդ չափով արծաթ, որից յետոյ ագարակը կը լինի իրենը։ 20Իսկ եթէ նուիրաբերողը չցանկանայ յետ գնել իր ագարակը, այլ վաճառի մի ուրիշ մարդու, ապա այն յետ գնելու չունի, 21բայց վաճառուած ագարակը ազատագրման տարում սրբագործուած նուիրաբերում թող լինի Տիրոջը։ Դա քահանային պատկանող սեփականութիւն է։

22Եթէ նա Տիրոջը նուիրաբերի իր կալուածքը չհանդիսացող, այլ դրամով գնած ագարակ, 23քահանան պիտի հաշուի մինչեւ ազատագրման տարին մնացած տարիները, եւ յետ գնել ցանկացողը այդ օրը Տիրոջը պիտի վճարի որոշուած արժէքը։ 24Ազատագրման տարում կալուածքի նախկին տէրը այն յետ պիտի ստանայ։ 25Բոլոր գները պիտի սահմանուեն ըստ սրբազան կշեռքների. մէկ երկդրամեանը քսան թող լինի։

26Քո անասունների բոլոր առաջին ծնունդները Տիրոջն են պատկանում։ Այն ոչ ոք չի կարող նուիրաբերել, քանի որ, լինի դա արջառ թէ ոչխար, պատկանում է Տիրոջը։ 27Եթէ չորքոտանի նուիրաբերի, դրա արժէքի վրայ պէտք է աւելացնի մէկ հինգերորդը, որից յետոյ այն կարող է պատկանել իրեն։ Իսկ եթէ յետ չգնի, ապա թող վաճառի իր արժէքով։ 28Ով որ իր ունեցածից որեւէ բան է նուիրաբերում Տիրոջը՝ մարդուց սկսած մինչեւ անասուն, ագարակից սկսած մինչեւ սեփական կալուածք, իրաւունք չունի այն ուրիշին վաճառելու կամ յետ գնելու։ Նման բոլոր նուիրաբերումները սրբութիւն սրբոց են Տիրոջ համար։ 29Իւրաքանչիւր մարդ, որը, որպէս ուխտ, Տիրոջն է նուիրաբերւում, չի կարող յետ գնուել, այլապէս նա մահուան կը դատապարտուի։

30Հողի բերքի, ծառերի պտուղների մէկ տասներորդ մասը Տիրոջն է պատկանում։ Դրանք Տիրոջն են նուիրաբերւում։ 31Եթէ մէկը ցանկանայ յետ գնել իր տասանորդը, նա պէտք է դրա վրայ աւելացնի դրա արժէքի մէկ հինգերորդ մասը, որից յետոյ տասանորդը կը լինի իրենը։ 32Տասը արջառից ու ոչխարից մէկը, ինչպէս եւ հովուի գաւազանի տակով անցնող տասը անասունից մէկը պատկանում են Տիրոջը։ 33Խտրութիւն թող չլինի լաւի ու վատի միջեւ, եւ լաւը վատով չփոխարինես։ Իսկ եթէ այնուամենայնիւ փոխարինես, ե՛ւ նա, ե՛ւ փոխարինուողը պէտք է նուիրաբերես եւ իրաւունք չպիտի ունենաս դրանք յետ գնելու”»։

34Սրանք են այն պատուիրանները, որ Տէրը Սինա լերան վրայ Մովսէսի միջոցով հաղորդեց իսրայէլացիներին։

Էջմիածին · HYEJB1994