Ղևտացիների գիրք

4

ՈՂՋԱԿԷԶՆԵՐ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 2«Խօսի՛ր Իսրայէլիացիների հետ ու ասա՛. “Եթէ մէկն ակամայ է գործում Տիրոջ հանդէպ, Տիրոջ որեւէ պատուիրանի դէմ անում է բաներ, որ չպէտք է կատարէր, բայց կատարում է, 3եւ եթէ նա օծուած է, ապա նրա գործած մեղքը տարածւում է ամբողջ ժողովրդի վրայ։ Իր գործած մեղքը քաւելու համար նա Տիրոջը ոչ արատաւոր զուարակ պիտի մատուցի։ 4Նա զուարակը թող բերի վկայութեան խորանի դռան մօտ, Տիրոջ առաջ, իր ձեռքը թող դնի զուարակի գլխին Տիրոջ առաջ, եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։ 5Օծեալ քահանան իր ձեռքով առնելով զուարակի արիւնից, այն թող տանի վկայութեան խորան։ 6Քահանան իր մատը թող թաթախի արեան մէջ, այդ արիւնից թող եօթն անգամ իր մատով շաղ տայ Տիրոջ առաջ, սրբարանը բաժանող վարագոյրի մօտ։ 7Քահանան Տիրոջ առաջ զուարակի արիւնից թող քսի վկայութեան խորանում գտնուող խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Զուարակի մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին։ 8Նա թող հանի գործուած մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի ամբողջ ճարպը, թող հանի նաեւ փորի ճարպաթաղանթը եւ փորոտիքի ամբողջ ճարպը։ 9Թող պոկի երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը եւ լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։ 10Թող անի այնպէս, ինչպէս վարւում էր փրկութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում. քահանան այս ամէնը թող դնի ողջակէզների զոհասեղանին։ 11Զուարակի մորթը, նրա ամբողջ մարմինը գլխի ու ոտքերի, փորի ու կղկղանքի հետ՝ 12զուարակն ամբողջութեամբ թող հանեն բանակատեղիից դուրս, մի մաքուր տեղ, ուր մոխիրն են թափում, եւ փայտի կրակի վրայ թող այրեն այն։ Զուարակը պէտք է այրուի մոխրակոյտի վրայ։

13Եթէ իսրայէլացի ողջ ժողովուրդն անգիտակցաբար ակամայ մոլորուի, եւ այդ բանը վրիպած լինի ժողովրդի աչքից, եթէ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անի մի բան, որ չպէտք է կատարէր, բայց կատարի, 14իսկ դրանից յետոյ գիտակցի իր կատարած մեղքը, ապա ժողովուրդն իր գործած մեղքը քաւելու համար նախրից ոչ արատաւոր մի զուարակ թող զոհաբերի։ Այն թող բերեն վկայութեան խորանի դուռը, 15ժողովրդի ծերերը Տիրոջ առաջ իրենց ձեռքը թող դնեն զուարակի գլխին եւ զուարակը թող մորթեն Տիրոջ առաջ։ 16Օծեալ քահանան զուարակի արիւնից թող տանի վկայութեան խորան, 17եւ մատը թաթախելով զուարակի արեան մէջ՝ Տիրոջ առաջ եօթն անգամ թող շաղ տայ սրբարանի վարագոյրի դիմաց։ 18Քահանան այդ արիւնից թող քսի վկայութեան խորանում Տիրոջ առաջ դրուած խնկարկութեան սեղանի եղջիւրաւոր անկիւններին, իսկ մնացած արիւնը թող շաղ տայ վկայութեան խորանի դռան մօտ գտնուող ողջակէզների զոհասեղանի յատակին։ 19Ամբողջ ճարպը թող պոկի կենդանուց եւ դնի զոհասեղանին։ 20Այդ զուարակի հետ թող վարուի այնպէս, ինչպէս վարւում էր մեղքերի քաւութեան համար զոհաբերուող զուարակի դէպքում։ Նոյն կերպ թող վարուի նաեւ դրա հետ։ Մեղքերի քաւութեան համար մատուցուող այս զոհաբերութիւնը քահանան է կատարելու, որից յետոյ նրանք մեղքերի թողութիւն կը ստանան։ 21Զուարակն ամբողջութեամբ պէտք է հանեն բանակատեղիից դուրս եւ այրեն այն, ինչպէս նախորդ զուարակն այրեցին, որովհետեւ դա ժողովրդի մեղքերի համար է։

22Եթէ իշխանն է մեղք գործում՝ խախտում է Տէր Աստծու պատուիրաններից մէկնումէկը, այսինքն՝ անում է մի բան, որ չպէտք է կատարէր, բայց ակամայ գործում է այդ մեղքը, 23բայց եւ գիտակցի իր կատարած մեղքը, ապա նա թող զոհաբերի մի նոխազ, արու եւ ոչ արատաւոր։ 24Նա իր ձեռքը թող դնի նոխազի գլխին, թող այն մորթեն այնտեղ, ուր ողջակէզներ են մորթում Տիրոջ առաջ, քանի որ սա մեղքերի քաւութեան է։ 25Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արեան մէջ մատը թաթախելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Նրա մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։ 26Նրա ամբողջ ճարպը թող դնի զոհասեղանին, ինչպէս փրկութեան համար զոհաբերուող կենդանու ճարպն են դնում։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան։ 27Եթէ երկրի ժողովրդից մի մարդ ակամայ մեղք գործի՝ խախտի Տիրոջ պատուիրաններից մէկնումէկը, մի բան, որ չպիտի անէր, եթէ որեւէ յանցանք գործի, 28բայց գիտակցի, որ ինքը մեղք է գործել, իր գործած մեղքը քաւելու համար ոչ արատաւոր մի այծ թող մատուցի որպէս զոհ։ 29Նա ձեռքը թող դնի այծի գլխին, եւ մեղքերի քաւութեան համար զոհաբերուող այծը թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում։ 30Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։ 31Նա թող պոկի ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս փրկութեան համար ողջակիզուող կենդանուց են պոկում, եւ քահանան թող այն հանի զոհասեղան իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշահոտութիւն։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան։ 32Եթէ իբրեւ զոհ ոչխար է մատուցւում, ապա այն ոչ արատաւոր էգ ոչխար թող լինի։ 33Զոհաբերողն իր ձեռքը թող դնի մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու գլխին, եւ այն թող մորթեն այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում։ 34Քահանան մեղքերի քաւութեան համար զոհաբերուող կենդանու արիւնից մատով առնելով՝ թող քսի ողջակէզների զոհասեղանի եղջիւրաւոր անկիւններին։ Մնացած ամբողջ արիւնը թող շաղ տայ ողջակէզների զոհասեղանի յատակին։ 35Նա թող պոկի նրա ամբողջ ճարպն այնպէս, ինչպէս պոկում են փրկութեան համար ողջակիզուող ոչխարի ճարպը։ Քահանան այն թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող ողջակէզ։ Քահանան այդ կերպ քաւութիւն տուած կը լինի նրանց մեղքերին, եւ նրանք իրենց մեղքերի թողութիւն կը ստանան»։

Էջմիածին · HYEJB1994