Ղևտացիների գիրք

7

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ

1«Յանցանքի համար խոյ զոհաբերելու կարգը հետեւեալն է. դա սրբութիւնների սրբութիւն է։ 2Այնտեղ, ուր ողջակէզներն են մորթում, Տիրոջ առաջ պէտք է մորթեն նաեւ յանցանքի համար զոհաբերուող խոյը։ Նրա արիւնը շուրջանակի թող թափեն ողջակէզների զոհասեղանի յատակին։ 3Քահանան թող առնի նրա ամբողջ ճարպը, դմակը, ճարպաթաղանթը, փորոտիքի ամբողջ ճարպը, 4պոկի որովայնում գտնուող երկու երիկամները, դրանց վրայի ճարպն ու լեարդի բլթակը երիկամներով հանդերձ։ 5Քահանան այդ բոլորը թող դնի զոհասեղանին իբրեւ Տիրոջը մատուցուող , քանի որ դա յանցանքի քաւութեան համար է։ 6Քահանայի ընտանիքի բոլոր արու անդամները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբութիւնների սրբութիւն է։ 7Յանցանքի համար զոհուող անասունի հետ թող վարուեն այնպէս, ինչպէս մեղքերի համար զոհուող անասունի։ Դրանց կատարման կարգը նոյնը թող լինի։ Զոհաբերուած անասունի մնացորդը թող պատկանի քահանային, որը դրանով քաւութիւն է տալիս։ 8Որեւէ մէկի ողջակէզը մատուցող քահանան թող ստանայ ողջակէզի մորթին։ 9Թոնրի, կասկարայի կամ տապակի մէջ պատրաստուած հացեղէնը, որ զոհաբերւում է, թող պատկանի այն քահանային, որ կատարում է զոհաբերումը, 10իսկ իւղով հունցուած, ինչպէս նաեւ չհունցուած բոլոր զոհաբերումները պիտի հաւասարապէս պատկանեն Ահարոնի որդիներից իւրաքանչիւրին»։

ՓՐԿՈՒԹԵԱՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄ

11«Փրկութեան համար Տիրոջը մատուցուելիք զոհաբերութեան կարգը այս է. 12եթէ գոհութեան համար է մատուցւում այն, որպէս գոհութեան զոհաբերում թող մատուցեն իւղով հունցուած ընտիր ալիւրի կարկանդակ, վրան իւղ քսած բաղարջ եւ իւղով հունցուած ընտիր ալիւր։ 13Փրկութեան համար գոհութեան այս զոհաբերութեան հետ ընծայ թող մատուցեն նաեւ բաղարջ կարկանդակներ։ Տիրոջը մատուցուող բոլոր զոհաբերութիւնների մի մասը 14փրկութեան համար արիւն հոսեցնող քահանային թող պատկանի։ Նրան թող պատկանի նաեւ փրկութեան համար մատուցուող գոհութեան զոհի միսը, 15որը պիտի ուտուի նույն օրը, երբ զոհ է մատուցւում. Յաջորդ օրուայ համար դրանից բան չպէտք է մնայ։

16Եթէ մէկը կամովին է խոստանում Տիրոջ համար զոհ մատուցել, ապա զոհի միսը թող ուտուի զոհի մատուցման օրը եւ յաջորդ օրը, իսկ զոհի մսի այն մասը, որ կը մնայ 17մինչեւ երրորդ օրը, կրակով թող այրուի։ 18Եթէ նա իր փրկութեան համար զոհաբերած անասունի մսից ուտի երրորդ օրը, մատուցուածը ընդունելի զոհաբերութիւն չի լինի, քանի որ դա ապօրինի է ու պիղծ։ Ով ուտի դրանից, գործած կը լինի։ 19Այն միսը, որ կը դիպչի որեւէ աղտեղութեան, թող չուտուի, այլ կրակով թող այրուի։ Միայն մաքուր մարդն ունի միս ուտելու։

20Տիրոջը մատուցուած փրկութեան զոհից ճաշակած մարդը պիտի կորչի իր ժողովրդի միջից։ 21Նա, ով կը դիպչի որեւէ պիղծ բանի՝ մարդու պղծութեան կամ պիղծ անասունների եւ կամ ամէն մի գարշելի բանի, եւ ապա կ’ուտի Տիրոջը մատուցուած փրկութեան զոհի մսից, այդ մարդը կը կորչի իր ժողովրդի միջից”»։

22Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 23«Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ եւ ասա՛. “Արջառի, ոչխարի ու այծի ճարպ պիտի չուտէք։ 24Սատկած ու գազանի յօշոտած անասունների ճարպը թող օգտագործուի ամէն ինչի համար, բայց ոչ ուտելու համար։ 25Ով որ ուտի Տիրոջը զոհաբերուած անասունների ճարպից, կը կորչի իր ժողովրդի միջից։

26Ձեր բոլոր բնակարաններում թռչունների եւ ամէն տեսակ անասունների արիւնը պիտի չուտէք։ 27Արիւն ուտող ամէն ոք կը կորչի իր ժողովրդի միջից”»։

28Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. 29«Իսրայէլի որդիներին ասա՛. “Ով որ փրկութեան զոհ կը մատուցի Տիրոջը, նա իր փրկութեան զոհից Տիրոջը մաս պիտի հանի։ 30Նա իր ձեռքով պիտի զոհը մատուցի Տիրոջը. կրծքի ճարպն ու լեարդի բլթակը պիտի դնի Տիրոջ առաջ, 31իսկ քահանան այն պիտի հանի զոհասեղան, կուրծքը պիտի տրուի Ահարոնին ու նրա որդիներին։ 32Բացի այդ, ձեր փրկութեան զոհերի աջ թեւը որպէս հասանելի կը տաք քահանային։ 33Ահարոնի որդիներից ով որ փրկութեան արիւն ու ճարպ է մատուցում, նրան էլ բաժին թող հասնի աջ թեւը։ 34Որովհետեւ Իսրայէլի որդիներից ես առայ ձեր փրկութեան համար ինձ մատուցուած անասունների կուրծքն ու թեւը եւ դրանք տուեցի Ահարոնին ու նրա որդիներին։ Դա Իսրայէլի որդիների համար յաւիտենական կարգ թող լինի”»։

35Ահարոնի ու նրա որդիների քահանայ օծուելու օրը Տիրոջը նուիրաբերուող ընծաներից իրենց հասանելիք բաժինը այս է։ Այս է պատուիրել Տէրը, որ տրուի նրանց, 36երբ Իսրայէլի որդիների միջից քահանայ օծեց նրանց։ Դա նրանց մէջ յաւիտենական կարգ է սերնդից սերունդ։ 37Այս է ողջակէզների, մեղքերի, յանցանքների ու փրկութեան համար զոհեր մատուցելու կարգը։ 38Այսպէս պատուիրեց Տէրը Իսրայէլի որդիներին Սինա լերան վրայ այն օրը, երբ նա Սինայի անապատում կարգադրեց Տիրոջ համար զոհեր մատուցել։

Էջմիածին · HYEJB1994