Մաղաքիա մարգարեյի գիրք

1

ՄԱՂԱՔԻԱՅԻ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆՅԸ

ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ԻՍՐԱՅԷԼԻ ՆԿԱՏՄԱՄԲ

1Տիրոջ մարգարէական պատգամը Իսրայէլի մասին իր պատգամաբերի միջոցով։

2Հաստատեցէ՛ք ձեր սրտում, որ ես սիրեցի ձեզ, - ասում է Տէրը. դուք ասում էք. «Ինչով սիրեցիր մեզ»։ «Եսաւը Յակոբի եղբայրը չէ՞ր», -ասում է Տէրը, - ես սիրեցի Յակոբին, բայց Եսաւին ատեցի, 3նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին։ 4Եթէ Եդոմն ասի, թէ՝ ահա կործանուեցինք, դառնանք եւ շինենք աւերուած քաղաքները, այն ժամանակ այսպէս կ’ասի Ամենակալ Տէրը. «Թող նրանք շինեն, իսկ ես կը կործանեմ, եւ նրանց սահմանները կը կոչուեն անօրէնութեան սահմաններ, իսկ ժողովուրդը, որի հետ Տէրը յաւիտեան պիտի մղի, կը կոչուի անօրէն»։ 5Ձեր աչքերը կը տեսնեն, եւ դուք իսկ կ’ասէք, թէ՝ Տէրը բարձրացաւ Իսրայէլի սահմանների վրայ»։

ՏԻՐՈՋ ԲԱՐԵՀԱՃՈՒԹԻՒՆԸ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

6«Որդին փառաւորում է Հօրը, եւ ծառան երկնչում է իր Տիրոջից։ Իսկ արդ, եթէ ես եմ, ո՞ւր է իմ փառքը, իսկ եթէ Տէր եմ, ո՞ւր է իմ պատիւը, - ասում է Ամենակալ Տէրը։ Դուք, քահանանե՛ր, անարգում էք իմ անունը եւ ասում. “Ինչո՞վ անարգեցինք քո անունը. 7դուք իմ սեղանին պիղծ էք մատուցում եւ ասում. “Ինչո՞վ պղծեցինք այն”։ Ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը արհամարհուած է”, եւ ինչ որ դրւում է նրա վրայ, արհամարհում էք։ 8Իսկ եթէ մի կոյր անասուն էք մատուցում, ապա չար գործ չէ՞ դա. եւ եթէ կաղ կամ հիւանդ անասուն էք զոհ մատուցում, ապա զուր գործ չէ՞ դա. լաւ, այն քո իշխանին մատուցիր, տես, թէ կ’ընդունի՞ քեզ, կամ քեզ նկատի կ’առնի՞, - ասում է ամենակալ Տէրը։ 9Իսկ այժմ խնդրեցէ՛ք ձեր Աստծուն եւ հաշտեցրէ՛ք նրան. ձեր ձեռքով եղաւ դա, ապա որեւէ բան կ’առնե՞մ ձեզնից բարեհաճութեամբ, - ասում է Ամենակալ Տէրը։ 10Ձեր առջեւ դռները կը փակուեն, եւ դուք զուր տեղը մի մօտեցէք իմ սեղանին, որովհետեւ յօժարակամ չեմ ձեր նկատմամբ, - ասում է Ամենակալ Տէրը, - եւ զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից։ 11Արեւածագից մինչեւ մայրամուտ իմ անունը փառաւորուած է ազգերի մէջ, եւ ամէն տեղ եւ սուրբ է մատուցւում իմ անուան, որովհետեւ մեծ է իմ անունը հեթանոսների մէջ, -ասում է Ամենակալ Տէրը։ 12Իսկ դուք պղծեցիք այն ձեր այն խօսքով, թէ՝ “Տիրոջ սեղանը պիղծ է, եւ այն կերակուրը, որ դրւում է նրա վրայ, արհամարհուած է”։ 13Ասում էիք, թէ՝ “Դատաժանքով է բերուած”. ես այն քամուն կը տամ, - ասում է ամենակալ Տէրը։ Եւ եթէ գողացուած, կաղ ու նիհար անասուն զոհ մատուցէք ինձ, կ’ընդունե՞մ դրանք ձեր ձեռքից, - ասում է Ամենակալ Տէրը։ 14Թող անիծեալ լինի այն մարդը, որն ունեւոր է, իր հօտի մէջ որձ ունի եւ ուխտ է արել մատուցել, սակայն արատաւորն է մատուցում Տիրոջը։ Մինչդեռ ես յաղթող թագաւոր եմ, - ասում է ամենակալ Տէրը, - եւ իմ անունը յայտնի է ազգերի մէջ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն