Մաղաքիա մարգարեյի գիրք
2
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ
1«Եւ արդ, այս է իմ պատուիրանը ձեզ, քահանանե՛ր։ 2Եթէ չլսէք եւ չմտածէք փառք տալ իմ անուան, - ասում է ամենակալ Տէրը, - ձեզ վրայ անէծք կ’ուղարկեմ, կ’անիծեմ ձեր օրհնութիւնները, կը նզովեմ դրանք, քամուն կը տամ ձեր օրհնութիւնները, եւ չեն մնայ ձեր մէջ, քանի որ դրանք չդրեցիք ձեր սրտերում։ 3Ահա ես որոշեցի թիկունքս դարձնել ձեզ, ձեր երեսին շաղ տալ ձեր աղտն ու կեղտը եւ ձեր տօների աղտեղութիւնը. ես այդպէս պիտի վերացնեմ ձեզ։ 4Այն ժամանակ դուք կ’իմանաք, որ ես ուղարկեցի ձեզ այս պատուէրը՝ որ իմ ուխտը ղեւտացիների հետ է, - ասում է Ամենակալ Տէրը։ 5Իմ ուխտը Ղեւիի հետ կեանքի եւ խաղաղութեան ուխտ է, եւ ե՛ս նրան երկիւղ ներշնչեցի՝ վախենալու ինձանից, ակնածելու իմ անունից։ 6Ճշմարիտ օրէնքն էր նրա բերանում եւ անիրաւութիւն չգտնուեց նրա շրթունքներին, նա խաղաղութեամբ եւ ուղիղ ընթացաւ ինձ հետ եւ շատերին անիրաւութիւնից դարձի բերեց։ 7Արդարեւ, քահանայի շրթունքները զգոյշ պիտի վարուեն գերութեան հետ, նրա բերանից պիտի օրէնքներ խնդրեն, քանի որ նա է Ամենակալ Տիրոջ պատգամաբերը։ 8Իսկ դուք խոտորուեցիք ճանապարհից, շատերին թուլացրիք օրէնքը պահելուց եւ ապականեցիք Ղեւիի ուխտը, - ասում է Ամենակալ Տէրը։ 9Ուստի ես ձեզ բոլոր ազգերից լքուած եւ արհամարհուած դարձրի, քանի որ իմ ճանապարհը չպահեցիք, այլ կեղծաւորութիւն էիք անում օրէնքի առաջ։
ՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԵԱՆ ՅՈՐԴՈՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
10Արդարեւ, մէկ չէ՞ ձեր բոլորի հայրը, մէկ Աստուած չհաստատե՞ց ձեզ, ինչո՞ւ էք իւրաքանչիւրդ թոյլ տալիս ձեր եղբօրը՝ պղծելու ձեր հայրերի ուխտը։ 11Լքուեց Յուդայի երկիրը, գարշելի բաներ արուեցին Իսրայէլում եւ Երուսաղէմում, որովհետեւ Յուդայի երկիրը պղծեց Տիրոջ սրբութիւնները նրանց ձեռքով, ում սիրեց, եւ յարեց օտար աստուածներին։ 12Տէրը պիտի կործանի այն մարդուն, որն այդպէս կ’անի մինչեւ որ նա հալածուի Յակոբի տնից եւ դադարի Ամենակալ Տիրոջը զոհեր մատուցելուց։ 13Ինչ որ ես ատում էի, ա՛յն էիք անում. արցունքներով ծածկեցիք իմ սեղանը, տանջանքի լաց ու ողբով։ Արժէ՞ արդեօք վերստին նայել ձեր զոհաբերումին եւ կամ այն ընդունել ձեր ձեռքերից։ 14Դուք ասացիք. «Ինչո՞ւ այդպէս»։ Նրա համար, որ Տէրը ուխտ դրեց քո եւ քո երիտասարդութեան օրերի կնոջ միջեւ, որին թողեցիր. իսկ նա քո ուխտի ամուսինն ու կինն էր։ 15Չէ՞ որ Տէրը ձեզ մէկ մարմին եւ հոգի արեց նրա հետ։ Եւ ասացէք, թէ ուրիշ ի՞նչ է խնդրում Աստուած, եթէ ոչ զաւակ։ Զգո՛յշ վարուեցէք ձեր հոգու հետ. քո երիտասարդութեան օրերի կնոջը մի՛ թող. 16իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը։ Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը։
17Դուք, որ բարկացնում էք Աստծուն ձեր խօսքերով եւ ասում էք՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան»։ Ձեր այն խօսքով, թէ՝ «Ով որ չար գործ է անում, բարի է համարւում Տիրոջ առաջ, բարեհաճ է նրա նկատմամբ։ Էլ ո՞ւր է Արդարութեան Աստուածը»։
Էջմիածին · HYEJB1994