Մաղաքիա մարգարեյի գիրք
3
1Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին, եւ նա կը տեսնի իմ ճանապարհները՝ իմ առաջ. եւ յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտռում էք, եւ ուխտի պատգամաբերը, որին կամենում էք դուք։ 2Ահա գալիս է, - ասում է Ամենակալ Տէրը, - ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան, եւ կամ ո՞վ հանիստտ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա պիտի մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարանների օճառ։ 3Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի, կը մաքրի Ղեւիի որդիներին եւ կը հալեցնի նրանց ոսկու նման եւ արծաթի պէս։ Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը։ 4Յուդայի երկրի ու Երուսաղէմի զոհաբերումը հաճելի կը լինի Տիրոջը, ինչպէս վաղնջական օրերին, ինչպէս առաջին տարիներին։ 5Եւ ձեզ վրայ պիտի գամ դատաստանով ու արագ վկայ պիտի լինեմ կախարդների եւ շնացած կանանց դէմ, նաեւ նրանց դէմ, ովքեր սուտ երդում են անում իմ անուամբ, որոնք կտրում են վարձկանի վարձը, որոնք նեղում են այրիներին եւ ծեծում որբերին, որոնք խեղաթիւրում են պանդխտի իրաւունքը եւ որոնք չեն վախենում ինձնից, - ասում է Ամենակալ Տէրը։
ՏԱՍԱՆՈՐԴԻ ՎՃԱՐՈՒՄԸ
6Ահա ես եմ ձեր Տէր Աստուածը եւ չեմ փոխուի։ 7Իսկ դուք, Յակոբի որդիներ, հեռու չէք մնում ձեր հայրերի մեղքերից, խուսափում էք իմ օրէնքներից եւ չէք պահում դրանք։ Դարձէք դէպի ինձ, եւ ես կը դառնամ դէպի ձեզ, - ասում է Ամենակալ Տէրը։ Դուք ասում էք. «Ինչո՞վ դառնան»։ 8Մարդ Աստծուն կը խաբի՞, քանի որ դուք խաբեցիք ինձ եւ ասացիք, թէ՝ «Ինչո՞վ խաբեցինք քեզ»։ 9Չէ՞ որ տասանորդներն ու պտուղները ձեզ մօտ են, եւ դուք չարութեամբ նախանձում եւ խաբում էք ինձ։ 10Տարին աւարտուեց, եւ ամբողջ բերքը հաւաքեցիք մեր շտեմարաններում. ձեր տներում յափշտակութիւն կը լինի, ե՛տ կանգնէք դրանից, - ասում է ամենակալ Տէրը։ Մի՞թէ չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները եւ իմ օրհնութիւնը լիառատ չեմ թափում ձեզ վրայ։ 11Ուշադիր կը լինեմ ձեր կերակուրների նկատմամբ, չեմ ապականի ձեր երկրի բերքը, եւ չի փչանայ ձեր որթատունկը այգում, - ասում է Ամենակալ Տէրը։ 12Բոլոր ազգերը երանի կը տան ձեզ, քանի որ դուք կը լինէք իմ ցանկալի երկիրը, - ասում է Ամենակալ Տէրը։
ԱՍՏՈՒԱԾ ՆԵՐՈՒՄ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
13Ծանր են ձեր խօսքերն ինձ համար, - ասում է Տէրը։ 14Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»։ Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը։ 15Եւ այժմ մենք երանի ենք տալիս ուրիշներին. բարեշէն են բոլոր նրանք, ովքեր անօրէնութիւն են գործում, Աստծու դէմ դուրս եկան եւ ապրեցին»։
16Այսպէս տրտնջացին Տիրոջից երկիւղ կրողները, իւրաքանչիւրն իր ընկերոջ հետ։ Տէրը անսաց, լսեց եւ յիշատակի գիրք գրեց Տիրոջից երկիւղ կրողների առաջ եւ նրանց առաջ, որոնք սարսում են նրա անունից։ 17Եւ Ամենակալ Տէրն ասում է. «Նրանք իմը կը լինեն այն օրը, երբ ես փրկութիւն կ’անեմ, կը փայփայեմ նրանց, ինչպէս հայրն է փայփայում իրեն բարութեամբ ծառայած որդուն։ 18Դուք կը դառնաք եւ կը տեսնէք այն տարբերութիւնը, որ կայ արդարի ու անօրէնի, Աստծուն ծառայածի եւ չծառայածի միջեւ»։
Էջմիածին · HYEJB1994