Միքիա մարգարեյի գիրք
2
ԸՆԴԴԷՄ ՉԱՐԱՇԱՀՈՂՆԵՐԻ
1Իրենց շահը մտածեցին, չարիք են խորհում իրենց անկողիններում եւ առաւօտ կանուխ կատարում են այն, քանի որ իրենց ձեռքը չբարձրացրին դէպի Աստուած։
2Աչք էին տնկում հանդերին, յափշտակում որբերին, բռնագրաւում տները, յափշտակում էին մարդուն եւ նրա տունը, մարդուն եւ նրա ժառանգութիւնը։
3Այդ պատճառով այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես մտածում եմ չարիք բերել այդ ազգի վրայ, ուստի վեր մի՛ ցցէք ձեր վզերը եւ գլուխներդ բարձր մի՛ քայլէք, քանի որ վատ ժամանակ է»։
4Այն օրը ձեր մասին առակ կը յօրինեմ, ողբ կը հնչեցնեն, կ’ողբան եւ կ’ասեն. “Ամբողջութեամբ թշուառացանք, իմ ժողովրդի բաժին հողը լարով չափուեց, եւ մէկը չկար, որ արգելէր այդպէս անել, մեր հանդերը բաժանուեցին”։
5Դրա համար չի գտնուի մէկը, որ վիճակով լարաբաժին գցի ժողովում։
ՄԱՐԳԱՐԷԻ ՊԱՏԳԱՄԻՆ ՀԱԿԱԴՐՈՒՈՂՆԵՐԸ
6Լաց մի՛ եղէք արցունքներով, եւ թող լաց չլինեն նրա վրայ, քանի որ նա չի մերժի նախատինքները։
7Նա ասաց, թէ Իսրայէլի տունը բարկացրեց Տիրոջ հոգին. եթէ սա լինի նրա ընթացքը, լաւ չեն լինի Տիրոջ խօսքերը նրա հետ. իմ ժողովուրդը ուղիղ չի գնում ինձ հետ։
8Թշնամութեամբ հակառակ կանգնեց իր խաղաղութեանը։ Նրան մորթազերծ կ’անեն՝ բառնալու յոյսը եւ վերացնելու պատերազմի կսկիծը։
9Այդ պատճառով իմ ժողովրդի առաջնորդները դուրս կ’ընկնեն իրենց ճոխ տներից. նրանք իրենց չար ընթացքի համար մերժուեցին։ Մօտենանք յաւիտենական լեռներին։
10Ոտքի՛ կանգնիր եւ գնա՛, քանի որ դու հանգիստ չունես այնտեղ, պղծութեան պատճառով սաստիկ ապականուեցիք, հալածուեցիք առանց որեւէ մէկի հալածանքի։
11Սա սուտ դուրս եկաւ, քո մէջ գինի եւ արբեցութիւն կաթեց, եւ այդ կաթումից բաժին կ’ընկնի նաեւ այս ժողովրդին։
12Կը հաւաքուի Յակոբը բոլորով հանդերձ, ամբողջովին կ’ընդունի Իսրայէլի մնացորդներին. ես նրանց միասին կը վերադարձնեմ ինչպէս նեղութեան մէջ գտնուող ոչխարներ, ինչպէս հօտերը իրենց մակաղատեղի մէջտեղում։ Նրանք մարդկանց կողմից դէպի խրամատները կ’առաջնորդուեն,
13քանի որ նրանց աչքի առաջ խրամատ բացեցին, նրանք անցան դռնով եւ դուրս ելան դրա միջից։ Թագաւորը նրանց առաջ ացաւ, եւ Տէրը կ’առաջնորդի նրանց։
Էջմիածին · HYEJB1994