Միքիա մարգարեյի գիրք
3
ՄԻՔԻԱՅԻ ԱԶԴԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԻՇԽԱՆՆԵՐԻՆ
1Նա կ’ասի. «Լսեցէ՛ք, Յակոբի՛ տան իշխան եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ։
2Դուք չէ՞, որ պիտի իմանաք իրաւունքը, դուք, որ ատում էք բարին եւ չարիք էք որոնում, մորթազերծ էք անում նրանց եւ պոկում էք նրանց մարմիններն իրենց ոսկորներից»։
3Նրանք, որ կերան իմ ժողովրդի մարմինը, նրանց մորթը հանեցին վրաներից, նրանց ոսկորները փշրեցին, կտրատեցին նրանց մարմինները, ինչպէս կտրատում են կաթսայում եփելու համար, եւ նրանց միսն այնպէս, ինչպէս պտուկի մէջ եփելու համար։
4Այդպէս էլ կ’աղաղակեն Տիրոջը, եւ նա չի լսի նրանց, երես կը դարձնի նրանցից այդ ժամանակ, քանի որ նրանք իրենց արարքով չարիք գործեցին։
ԸՆԴԴԷՄ ԱՅՆ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ,
ՈՐՈՆՔ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԻՍՐԱՅԷԼԻՆ
5Այսպէս ասաց Տէրը մարգարէների մասին, որոնք մոլորեցնում են իմ ժողովրդին, որոնք խածատում են նրան ատամներով եւ խաղաղութիւն են քարոզում նրան։ Բայց ոչինչ չդրուեց նրանց բերանը, եւ նրա դէմ պատերազմ յարուցեցին։
6Այդ պատճառով ձեր տեսիլքը խաւար գիշեր պիտի դառնայ, ձեր իղձը պիտի նսեմանայ, արեգակը մայր պիտի մտնի մարգարէների վրայ, եւ ցերեկը պիտի խաւարի նրանց վրայ։
7Պիտի ամաչեն երազատեսները, ծաղրուեն գուշակները, եւ բոլորը պիտի բամբասեն նրանց, քանի որ ոչ ոք չի լսելու նրանց։
8Բայց ես լցուեցի Տիրոջ Հոգու զօրութեամբ, արդարամտութեամբ եւ զօրութեամբ՝ պատմելու Յակոբին իր ամբարշտութիւնը եւ Իսրայէլին՝ իր մեղքերը։
ՄԻՔԻԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԻՍՐԱՅԷԼԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ
9Լսեցէ՛ք սա, Յակոբի՛ տան առաջնորդներ եւ Իսրայէլի՛ տան մնացորդներ, որ անարգում էք իրաւունքը եւ շեղում էք բոլոր ուղիղ ընթացողներին,
10որ Սիոնը կառուցում էք արեան վրայ եւ Երուսաղէմը՝ անիրաւութեան։
11Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս, նրա մարգարէները արծաթով էին գուշակութիւններ անում եւ Տիրոջն էին ապաւինում ու ասում. “Արդարեւ, Տէրը մեզ հետ չէ՞. ո՛չ, մեզ վրայ չարիք չի գայ”։
12Դրա համար Սիոնը ձեր պատճառով պիտի հերկուի արօրով, Երուսաղէմը պիտի դառնայ ինչպէս մրգապահների տաղաւար, եւ Տիրոջ տաճարի լեռը՝ մայրիների անտառ։
Էջմիածին · HYEJB1994