Միքիա մարգարեյի գիրք
4
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
1Գալիք օրերում յայտնի կը դառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կը բարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կը շտապեն դէպի նա։
2Եւ շատ ազգեր կը գնան եւ կ’ասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծու տունը. մեզ ցոյց կը տան նրա ճանապարհը, եւ մենք կը գնանք նրա շաւիղով»։ Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից։
3Նա դատ կ’անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կը ձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել։
4Իւրաքանչիւրը կը հանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը։
5Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կը գնանք մեր Տէր Աստծու անուամբ մշտապէս։
ԱՍՏՈՒԱԾ ՀԱՒԱՔՈՒՄ Է ՑՐՈՒԱԾՆԵՐԻՆ
6«Այն օրը, - ասում է Տէրը, - կը հաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կ’ընդունեմ նաեւ մերժուածներին,
7բեկուածին զօրեղ կը դարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լերան վրայ կը թագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան։
8Եւ դու՝ ոչխարների հօտի՛ աշտարակ, Սիոնի անշքացա՛ծ դուստր, դէպի քեզ կը գայ ու կը մտնի Երուսաղէմի դստեր՝ Բաբելոնի թագաւորութեան նախկին իշխանութիւնը»։
9Իսկ արդ, ինչո՞ւ չար գործեցիր, միթէ դու թագաւոր չունէի՞ր, կամ կո՞րաւ քո խորհրդատուն, քանի որ սաստկացաւ քո երկունքը ծննդկանի պէս։
10Սիոնի՛ դուստր, երկունքի մէջ ընկի՛ր, զօրացի՛ր եւ մօտեցի՛ր ինչպէս ծննդկան, որովհետեւ հիմա դուրս պիտի գաս քաղաքից, քեզ պիտի բնակեցնեմ դաշտում, դու պիտի հասնես մինչեւ Բաբելոն. եւ քո Տէր Աստուածը այնտեղ կը փրկի քեզ, այնտեղ կ’ազատի քեզ քո թշնամիների ձեռքից։
11Ահա հաւաքուեցին քեզ վրայ բազում ժողուվուրդներ, որոնք ասում էին. «Եկէ՛ք ոտնահարենք նրան, եւ մեր աչքերը թող տեսնեն Սիոնի անկումը»։ 12Նրանք չիմացան Տիրոջ խորհուրդը, եւ նկատի չառան նրա կամքը, քանի որ Նա հաւաքեց նրանց ինչպէս հասկը կալում։
13«Կանգնի՛ր եւ կալսի՛ր նրանց, դո՛ւստր Սիոնի, որովհետեւ քո եղջիւրները երկաթ կը դարձնեմ, քո կճղակները՝ պղինձ, եւ դու կը մանրես բազում ժողովուրդներ, դրանցով ազգեր կը փշրես, նրանց բազմութիւնը կ’ընծայես Տիրոջը եւ նրանց զօրութիւնը՝ ամբողջ աշխարհի Տիրոջը»։
Էջմիածին · HYEJB1994