Միքիա մարգարեյի գիրք
7
ՄԱՐԳԱՐԷԻ ՈՂԲԸ
1Վա՛յ ինձ, որովհետեւ նմանուեցի հնձի ժամանակ մնացած հասկերը հաւաքողի եւ այգեկութի ժամանակ ճռաքաղ անողի, բայց ողկոյզ չկար առաջին բերքից, որից ուտում էի։
2Վա՛յ ինձ, որովհետեւ երկիւղածութիւնը վերացաւ երկրից, եւ մարդկանց մէջ չկայ մէկը, որ ուղիղ լինի. բոլորը արեամբ են դատում, իւրաքանչիւրը սաստիկ նեղում է իր ընկերոջը, եւ իրենց ձեռքը չարիք անելու սովոր են դարձնում։
3Իշխանը նուէր է խնդրում, իսկ դատաւորը խաղաղութեան խօսքեր է ասում իրեն պէտք եղած ձեւով։
4Ես կը հանեմ նրանց միջից այն բարութիւնը, որը ցեցի նման ուտում եւ պտտւում է կանոնի վրայ դատաքննութեան օրը։ Վա՛յ, վա՛յ, եկաւ հասաւ քո վրէժխնդրութիւնը. արդ, թող լաց լինեն նրանք։
5Մի՛ հաւատացէք սիրելիներին, մի՛ ապաւինէք իշխաններին, զգո՛յշ եղիր քո անկողնակցից, որ որեւէ բան չպատմես նրան,
6որովհետեւ որդին անարգում է հօրը, եւ դուստրը կը կանգնի իր մօր դէմ, հարսը՝ իր ընկերոջ դէմ, եւ մարդու թշնամին իր իսկ ընտանիքը կը լինի։
7Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ։
ԺՈՂՈՎՐԴԻ ՅՈՅՍՆ ՈՒ ԱՂՕԹՔԸ
8Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը։
9Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը։
10Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»։ Իմ աչքերը կը տեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը։
11Աղիւսի ծեփի օր եւ քո ջնջման օր կը լինի այն օրը. այդ օրը կը մերժի քո իրաւունքները։
12Քո քաղաքները կ’ենթարկուեն ասորեստանցիների պաշարման եւ աւարին։ Քո ամուր քաղաքները կը բաժանուեն Տիւրոսից մինչեւ գետը, ծովից ծով եւ լեռից լեռ։
13Եւ երկիրը ապականուի իր բնակիչներով հանդերձ՝ իր գործերի պտուղի պատճառով։
14Արածացրո՛ւ քո ժողովրդին քո ցեղերի գաւազանով, նաեւ քո ժառանգութեան ոչխարի հօտերը, որոնք առանձին բնակւում են Կարմէլի անտառում, թող նրանք արածեն Բասանում եւ Գաղաադում մշտապէս։
15Եւ ինչպէս Եգիպտացիների երկրից քո ելքի օրերին, ես հրաշքներ ցոյց պիտի տամ նրանց։
16Պիտի տեսնեն հեթանոսներն ու պիտի ամաչեն իրենց ամբողջ զօրութիւնից, ձեռքները պիտի դնեն իրենց բերանների վրայ, եւ նրանց ականջները պիտի խլանան։
17Նրանք պիտի լիզեն հողը ինչպէս օձերը, որ սողում են երկրի վրայ։ Պիտի խռովուեն իրենց պաշարման մէջ, մեր Տէր Աստծուց պիտի սարսափեն եւ պիտի վախենան քեզնից։
18Ո՞վ է Աստուած քեզ նման, որ վերացնում է անօրէնութիւնը, զանց է առնում իր ժառանգութեան երկրի մնացորդների անիրաւութիւնը եւ գործի չի դնում իր բարկութիւնը, քանի որ ողորմութիւն է կամենում։
19Նա պիտի դառնայ ու գթայ մեզ, պիտի թաղի մեր մեղքերը եւ ծովի խորքը պիտի նետի մեր բոլոր անօրէնութիւնները։
20Ճշմարտութիւն պիտի տայ Յակոբին, ողորմածութիւն՝ Աբրահամին, ինչպէս որ երդումով խոստացել էր մեր հայրերին սկզբից ի վեր։
Էջմիածին · HYEJB1994