Նաում մարգարեյի գիրք

2

1Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով. 2քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ 3Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ 4Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ 5Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ 6Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։ 7Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։ 8Նինուէի ջրերը նման էին աւազանի ջրերի. նրանք փախան քեզնից եւ տեղ չբռնեցին։ 9Չկար մէկը, որ հսկէր.յափշտակում էին արծաթը, յափշտակում էին ոսկին, եւ նրա զարդեղէնին չափ չկար։ Ծանրացան աւելի քան նրա բոլոր ցանկալի սպասքները։ 10Սրտի սոսկում, թօթափում եւ ձգտում, ծնկների թուլացում, ցաւ ամէն մէջքի վրայ, եւ բոլորի երեսները սեւացան պուտուկի նման։ 11Ո՞ւր են առիւծների որջերն ու նրանց կորիւնների որսերը, ո՞ւր գնաց մտաւ առիւծը. չկար մէկը, որ վախեցնէր առիւծի կորիւնին։ 12Առիւծը բաւական որս արեց իր կորիւնների համար, որս խեղդեց իր կորիւնների համար, իր բոյնը լցրեց որսով եւ իր որջը՝ յափշտակուած բաներով։ 13«Ահա ես քո դէմ եմ, - ասում է Ամենակալ Տէրը, - ծխով կ՚այրեմ քո զօրքերը, սուրը կ՚ուտի քո առիւծներին, երկրից կը վերացնեմ քո որսը, եւ այլեւս չեն լսուի քո գործերը»։

Էջմիածին · HYEJB1994