Նէեմիայի գիրք

1

ՆԷԵՄԻԻ ԳԻՐՔԸ

ԱՔԱԼԻԱՅԻ ՈՐԴԻ

ՆԷԵՄԻԻ ԽՕՍՔԵՐԸ

ՆԷԵՄԻԻ ԱՂՕԹՔԸ

ԵՒ ՕԳՆՈՒԹԵԱՆ ԽՆԴՐԱՆՔՆ ԱՍՏԾՈՒՑ

1Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Քասղեւ ամսին այնպէս եղաւ, որ ես Աբիրայի մայրաքաղաք Սուսայում էի։ 2Ինձ մօտ եկան իմ եղբայրներից մէկը եւ Յուդայի երկրի մի քանի մարդիկ։ Ես նրանց հարցրի Երուսաղէմի եւ կենդանի մնացածների մասին, որոնք փրկուել ու վերադարձել էին գերութիւնից։ 3Նրանք ասացին ինձ. «Գերութիւնից փրկուածներն այնտեղ՝ իրենց աշխարհում, մեծ նեղութեան ու նախատինքների մէջ են. իսկ Երուսաղէմի պարիսպները մնում են նոյն ձեւով քանդուած ու աւերուած, նրա դռներն էլ՝ հրկիզուած»։

4Երբ ես լսեցի այս խօսքերը, նստեցի, լալիս էի, օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղօթքի կանգնեցի երկնքի Տէր Աստծու առջեւ 5ու ասացի. «Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ զօրաւոր ես, մեծ եւ ահարկու, պահում ես նրանց ուխտերն ու ողորմութիւնները, ովքեր սիրում են քեզ եւ ենթարկւում քո օրէնքներին։ 6Թող քո ականջները լսեն, եւ քո աչքերը՝ տեսնեն։ Այժմ լսի՛ր եւ տե՛ս քո ծառայի աղօթքները, որ այսօր ես մատուցում եմ քեզ քո ծառաների՝ իսրայէլացիների համար, մեզ համար, որ մենք, մեր գործած մեղքերի պատճառով մատնուեցինք նեղութեան. ես եւ իմ հօր տունը գործեցինք, 7որովհետեւ անիրաւօրէն յանցանք գործեցինք եւ չպահեցինք քո օրէնքները, հրամաններն ու հրահանգները, որ քո ծառայ Մովսէսի միջոցով պատուիրեցիր մեզ։ 8Տէ՛ր, յիշի՛ր քո խօսքը, որ պատուիրեցիր քո ծառայ Մովսէսին եւ ասացիր. “Եթէ դուք չպահէք իմ օրէնքները, ես էլ ձեզ կը ցրեմ հեթանոսների մէջ, 9իսկ եթէ դառնաք եւ պահէք իմ օրէնքներն ու կատարէք դրանք, եթէ դուք մինչեւ երկրի ծագերն էլ ցրուած լինէք, ես այնտեղի՛ց էլ ձեզ կը ժողովեմ եւ կը բերեմ այն տեղը, որ ընտրել եմ եւ որի մէջ ապրում է իմ անունը”։ 10Եւ արդ, սրանք քո ծառաներն ու ժողովուրդն են, որոնց փրկեցիր քո մեծ զօրութեամբ եւ բարձր բազկով. 11բաց մի՛ թող նրանց քո ձեռքից, այլ քո ականջները թող բաց լինեն քո ծառաների աղօթքների համար եւ անսան նրանց աղաչանքներին, ովքեր երկնչում են քո անունից։ Եւ այսօր յաջողութի՛ւն տուր քո ծառայի խնդրանքներին, եւ թող ես գթութիւն գտնեմ այս մարդու առջեւ։ Այդ ժամանակ ես թագաւորի տակառապետն էի»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն