Նէեմիայի գիրք
10
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒԽՏ Է ԱՆՈՒՄ ՊԱՀԵԼՈՒ ՕՐԷՆՔԸ
1Ահա սրանք են, որ կնքում են քեզ ուղղուած այս հաւատարմութեան գիրը. Աքալիայի որդի Նէեմիան եւ Սեդեկիայի որդի Սարերան. 2Ազարիան, Երեմիան, 3Փասուրը, Ամարիան, Միքիան, 4Ատտուսը, Ասաբանիան, Մալուքը, 5Եմաթը, Մերամոթը, Աբդիան, 6Դանիէլը, Կանաթոնը, Բարուքը. 7Մեսուլամը, Աբիան, Միամինը, 8Մադիան, Բելգեէն, Սեմէին։ Սրանք բոլորը քահանաներ են։
9Ղեւտացիները. Ազանիայի որդի Յեսուսը, Ենադադի որդիներից Բանիան, Գալմիէլը 10եւ նրա եղբայրներ Սեբանիան, Օգուիան, Կալիտանը, Փելիմանը, 11Միքան, Ռոբան, Սեբին, 12Զաքուրը, Սարաբիան, Սատանիան, Սեբանիան, 13Օդուիան, Բանուէի որդիները։
14Ժողովրդի իշխանները. Փորխը, Փարադմովաբը, Ելամը եւ Զատթուրան։ 15Բանիայի որդիները. 16Ազուրաթը, Բերային, Ադոնիան, 17Բագուն, Եդինատերը, 18Եզեկիան, Ազուրայիդան, 19Ասամը, Բեսէին, 20Արիփը, Անաթոթը, Նորան, 21Մադափէսը, Մեսուղամը, Եզրը, 22Մենոզաբէէլը, Զադուկը, Եդոքը, 23Փալիտան, Անանը, Անիան, 24Ասէէն, Անանիասը, 25Ռայումը, Էսաբանանը, Մայալուան, 26Այիան, Էնանը, Աւնանը. 27Մալուսը եւ Ռէումը։
28Նաեւ մնացեալ ժողովուրդը, քահանաներն ու ղեւտացիները, դռնապանները, երգիչները, նաթանացիները եւ մենք բոլորս, որ լսում ենք մեր Տէր Աստծու օրէնքները, այսօր քո առջեւ վկայութիւն ենք տալիս հաւատարմութեան այս գրին՝ տղամարդիկ եւ կանայք, իրենց որդիներն ու դուստրերը։ 29Եւ նա, ով երբեւէ զանց կ’առնի քո օրէնքները, այսօր քո առջեւ երդմամբ հաստատում ենք, որ նա նզովքների եւ անէծքների կ’ենթարկուի, նա, ով չի պահի քո օրէնքները, որ տրուեցին քո ծառայ Մովսէսի միջոցով։ Իսկ մենք մեր ամբողջ կամքով կը պահենք եւ կը կատարենք Տէր Աստծու բոլոր պատուիրանները եւ նրա օրէնքներն ու հրամանները։ 30Մեր դուստրերին կնութեան չենք տայ օտար ժողովուրդների տղաներին, եւ հեթանոսների դուստրերին էլ չենք բերի մեր որդիների համար։ 31Այս երկրի ժողովուրդները շաբաթ օրը մեզ մօտ վաճառելու ապրանք չեն բերի. շաբաթ օրը բան չենք գնի նրանցից, որովհետեւ դա սուրբ օր է, եւ սուրբ կը պահենք եօթներորդ օրը։ 32Տարէցտարի ողորմութիւն կը տանք երկդրամեանի երրորդ մասը, որպէս Աստծու Տան հարկ. 33նաեւ՝ սուրբ սեղանի առաջաւորաց հացը, ժամանակ առ ժամանակ տրուող զոհերն ու ողջակէզները, տարեկան տօներին, շաբաթ օրերին, ամսամուտներին, նաւակատիքներին ու սրբութիւններին եւ մեղքի համար տրուող բոլոր ընծաները, որ Իսրայէլի քաւութեան եւ մեր Տէր Աստծու տաճարի գործերի համար են։
34Վիճակ կը գցենք նաեւ փայտ ընծայելու համար, որ տրւում է քահանաներին ու ղեւտացիներին։ Ժամանակ առ ժամանակ, ամէն տարի ժողովուրդը մեր Աստծու Տուն՝ մեր հայրերի Տուն կը բերի այդ փայտը՝ վառելու համար մեր մեր Տէր Աստծու զոհերի սեղանի վրայ, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ։ 35Ամէն տարի մեր Տէր Աստծու Տան համար կը տանք մեր երկրի առաջին բերքն ու մեր ծառերի պտուղները, 36մեր անդրանիկ որդիների երկդրամեաններն ու մեր անասունների առաջնածինները, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ. մեր արջառների ու մեր հօտերի առաջնածինները կը բերենք մեր Աստծու Տուն՝ մեր քահանաների ու ղեւտացիների համար, որոնք սպասաւորում են Տիրոջ Տանը։ 37Կը բերենք նաեւ ցորենի առաջին բերքը եւ ծառերի առաջին պտուղները, գինին ու ձէթը Աստծու Տան գանձատուն, քահանաների մօտ, իսկ ղեւտացիները կը շրջեն ու լիովին կ’առնեն մեր երկրի բոլոր տասանորդները։ 38Ահարոնի որդիներից մի քահանայ կը լինի, որը կը վերցնի տասանորդը ղեւտացիներից, իսկ ղեւտացիներն էլ կը վերցնեն այդ տասանորդների տասանորդը եւ կը տան քահանայապետին մեր Աստծու Տան՝ Տիրոջ տաճարի գանձատան համար. 39որովհետեւ ղեւտացիների որդիներն ու սպասաւորները դրանք պէտք է մուծեն ամբարների մէջ, այն տեղերում, ուր գտնւում է սրբարանի սպասքը։ Այդ բոլորը կը լինի քահանաներինը, դռնապաններինը եւ սաղմոսների երգիչներինը. նրանց ուտելիքը երբեք չի պակասի մեր Աստծու Տնից. եւ նրանք չեն խափանի Տիրոջ Տան սպասաւորութիւնը։