Նէեմիայի գիրք
11
ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿՈՒԱԾ
ՀՐԵԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
1Ժողովրդի իշխանները նստեցին Երուսաղէմում ու վիճակ գցեցին, որ տասից մէկը, ում էլ ընկնի վիճակը, մնայ սուրբ քաղաք Երուսաղէմում, իսկ մնացեալ իննը գնան միւս քաղաքները։ 2Ժողովուրդն օրհնեց այն մարդկանց, ում վիճակուեց մնալ Երուսաղէմում։
3Սրանք են երկրի իշխանները, քահանաները, ղեւտացիները, նաթանացիները եւ Սողոմոնի ծառաների որդիները, որոնք բնակուեցին Երուսաղէմում։ 4Ովքեր մնացին Երուսաղէմում, Յուդայի ազգից եւ Բենիամինի ազգից էին։ Յուդայի որդիներից սրանք են. Օզիայի որդի Աթեէն, Զաքարիայի որդին, Սամարիայի որդին, Սափատիայի որդին, Մանէելի որդին։ 5Փարէսի ու Մալասիայի որդիներից՝ Բարուքի որդին, Ալազի որդին, Օզիայի որդին, Ադիայի որդին, Յովարիբի որդին, Զաքարիայի որդին, Ելոնի որդին։ 6Փարէսի բոլոր որդիները, որոնք մնացին Երուսաղէմում, չորս հարիւր վաթսունութ զօրաւոր այրեր էին։
7Սրանք են Բենիամինի որդիները. Մեսելոմի որդի Սելոնը, Յովադի որդին, Փադայի որդին, Կոլիի որդին, Մաասայի որդին, Աթիէլի որդին, Յեսուի որդին։ 8Ապա՝ Դեբէին, Սելէին. բոլորը՝ ինը հարիւր քառասունութ մարդ։ 9Զեքրիի որդի Յովէսը առաջնորդ եւ վերակացու էր նրանց վրայ, իսկ Ասանի որդի Յուդան քաղաքի երկրորդն էր։
10Քահանաներից սրանք են. Յովարիբի որդի Ագդիդը, Իաքինը, 11Սարիան, Ելքիայի որդին, Մեսուլամի որդին, Սադոկի որդին, Մարաւոթի որդին եւ Ետոբի որդին։ Սրանց տները Տիրոջ տաճարի մօտ էին։ 12Սրանց եղբայրներն էին, որ անում էին Տիրոջ Տան սպասաւորութեան գործը. բոլորը՝ ութ հարիւր քսաներկու մարդ։ Նաեւ՝ Ամասիայի որդի Փալայիայի որդի Երոմի որդի Ադային, Զաքարիայի որդին, Փասէուրի որդին, Մելքիայի որդին 13եւ նրանց եղբայրները՝ տոհմերի իշխանները, բոլորը՝ երկու հարիւր քառասուներկու մարդ։ Նաեւ՝ Եզրիէլի որդի Ամասիան 14եւ ամէն ինչով զօրաւոր նրա եղբայրները քսանութ հոգի էին։ Նրանց առաջնորդն ու վերակացուն էր Զեքրիէլը, որ մեծ իշխաններից էր։
15Ղեւտացիներից՝ Ասուբի որդի Սամէիան եւ Եզրոմի որդին։ 17Մաթանացիներից՝ Միքայի որդին, Յորէբի որդին եւ Սամուի որդիները՝ երկու հարիւր եօթանասունչորս մարդ։
19Դռնապաններից՝ Ակուբը, Տելամին եւ նրա եղբայրները՝ հարիւր եօթանասուներկու մարդ։ 22Ղեւտացիների առաջնորդներն ու վերակացուները, որոնք մնացին Երուսաղէմում, սրանք են. Բանիի որդի Ազան, Ասաբիայի որդին, Մատթանի որդին եւ Միքայի որդին, որոնք Ասափի որդիներից էին։ Սրանք երգիչներ էին եւ մնացին Տիրոջ Տան մօտ, 23որովհետեւ թագաւորը հրաման էր տուել նրանց այնտեղ լինել եւ անխափան սպասաւորել։ 24Իսկ Մեսիզաբիւլի որդի Փաթաւան, որը Յուդայի որդի Զարեհի որդիներից էր եւ թագաւորի մօտ ամէն ինչում վստահուած պաշտօնեայ, 25բնակւում էր իր ագարակում։ Յուդայի որդիներից, որոնք հաստատուեցին Կարիաթարբայում, Յեսուն եւ Բերսաբէէն էին։ Իսկ միւսները բնակւում էին Լաքիսում 30եւ իրենց ագարակներն ունէին Բերսաբէէի շրջակայքում։ 31Բենիամինի որդիները հաստատուեցին Գաբայից մինչեւ Մաքմաս։ 36Ղեւտացիների բաժինը Յուդայի եւ Բենիամինի գաւառներում էր։
Էջմիածին · HYEJB1994