Նէեմիայի գիրք
12
ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԵՒ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ
1Սրանք են այն քահանաներն ու ղեւտացիները, որոնք եկան Սաղաթիէլի որդի Զորոբաբէլի եւ Յովսեդեկի որդի Յեսուի հետ. Սարայիան, Երեմիան, Եզրան 2Ամարիան, Մալուքը, Ատտուսը եւ Սեքենիան։ 3Սրանք էին քահանաների եւ նրանց եղբայրների առաջնորդները Յեսուի օրերին։ 8Իսկ Յեսուի օրերի ղեւտացիները սրանք էին. Յեսուն, Բանուին, Կադմիէլը, Սարաբիան, Յուդան, Մաթանիան եւ նրանց եղբայրները, որոնք սպասաւորում էին տաճարում՝ ըստ նշանակուած օրերի։ Յովակիմի որդին էր Ելիասիբը, 9Ելիասիբի որդին՝ Յովադէն, Յովադէի որդին՝ Յովնաթանը, եւ Յովնաթանի որդին՝ Յատդուսը։ Յովակիմի օրերին իր եղբայրները տոհմերի իշխաններ եւ քահանաներ էին. դրանք էին՝ Սարիան, Եմարիան, Երեմիան, Անանիան, Ազարիան, Եզրան, Մեսուլամը, Ամարիան, Յովնանը եւ Մալուքը։ 22Ելիասիբի օրերի ղեւտացիներն էին՝ Յոդան, Յովան, Յովնանը եւ Իդուան, որոնք գրուած էին որպէս տոհմերի իշխաններ։ Այս բոլորը քահանաներ էին Դարեհի թագաւորութեան ժամանակ։ 23Ղեւիի որդիները տոհմերի իշխաններ էին՝ գրուած ազգահամարի մատեանում մինչեւ Ելիասիբի որդի Յովնանը։ 24Ղեւտացիների իշխաններն էին՝ Ասաբիան, Արաբիան եւ Յեսուն։ Կադմիէլի որդիները եւ նրա եղբայրները նշանակուած էին նրա մօտ, օրհնելու եւ սաղմոս ասելու, 25ըստ հերթական օրերի, ամբողջ օրը, իրենց ժողովների ժամանակ՝ դռնապանների հետ միասին, ինչպէս հրամայել էր Աստծու մարդ Դաւիթը։ 26Սրանք սպասաւորում էին Յոսեդեկի որդի Յեսուի որդի Յովակիմի օրերին եւ Նէեմիի ու Եզրաս քահանայի՝ Տիրոջ օրէնքների մեկնիչի օրերին։
ՊԱՐՍՊԻ ՆԱՒԱԿԱՏԻՔԸ
27Երուսաղէմի պարսպի նաւակատիքի ժամանակ ղեւտացիներին փնտռեցին իրենց բնակութեան տեղերում, որպէսզի նրանց բերեն Երուսաղէմ եւ նաւակատիքն անեն ուրախութեամբ ու գոհութեամբ, երգերով ու նուագարաններով, ծնծղաներով ու թմբուկներով, սաղմոսարաններով ու եղջերափողի ձայնով։ 28Բոլոր նրանք, ովքեր պիտի երգէին եւ սաղմոս ասէին, Երուսաղէմի շրջակայ բոլոր կողմերից՝ 29քաղաքներից, գիւղերից եւ իրենց բնակութեան վայրերից հաւաքուեցին՝ Երուսաղէմ գալու եւ պաշտամունքին սպասաւորելու համար։ 30Բոլոր քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին եւ մաքրեցին ժողովրդին ու մեծ պարսպի դռների դռնապաններին։
31Պարսպի վրայ բարձրացրին Յուդայի երկրի իշխաններին։ Նրանց յետեւից երգերով ու նուագարաններով երկշարք գնում էին 32Յոսիան եւ Օզիան, Յուդայի երկրի իշխանների կէսը, 33Ազարիասը, Եզրան, Մոսոլամը, Յուդան, Բենիամինը, Սամէասը եւ Երեմիասը։ 34Քահանաների որդիներից փող էին փչում Յովնանի որդի Զաքարիասը, 35Սամայի որդին, Մաթանիայի որդին, Միքայի որդին, Զաքուրի որդին եւ Ասափի որդին։ 36Իսկ նրանց եղբայրներ Սամէիան եւ Եզրիէլը երգում էին Աստծու մարդ Դաւթի նուագած երգերն ու սաղմոսները։ Եզրասը՝ մեկնիչը, գնում էր նրանց առջեւից՝ պարսպի դռների մօտից։ 37Ովքեր երգում էին՝ գնում էին նրա դիմացից։ Նրանք բարձրացան Դաւթի քաղաքի աստիճաններով, այն սանդուղքով, որը տանում էր Դաւթի ապարանքից վեր, դէպի պարիսպը՝ մինչեւ Եփրեմի Ջրի դուռը, որը արեւելեան կողմն էր։ 39Նրանք գնում էին դէպի Եքթիերան դուռը, դէպի Անամայէլի աշտարակը, մինչեւ Ջրաւազանի դուռը։ Երգերի ձայնը լսւում էր ամենուր՝ մինչեւ հեռաւոր վայրերը, որովհետեւ Եզրասը հրամայել էր կանգնել պարսպի բոլոր դռների վրայ եւ երգել։ 43Այն օրը մեծամեծ զոհեր մատուցեցին եւ շատ ուրախ եղան, որովհետեւ Աստուած նրանց մեծ ուրախաութիւն էր տուել։ Ուրախ էին նաեւ նրանց կանայք ու նրանց որդիները։ Նրանց ուրախութիւնը լսելի եղաւ Երուսաղէմից մինչեւ հեռաւոր տեղեր։
44Այդ օրը գանձատան վրայ մարդիկ նշանակուեցին, որպէսզի վերցնեն առաջին բերքի բաժինն ու տասանորդները եւ այն ընծաները, որ հաւաքել էին քաղաքի իշխանաւորներն այնտեղ քահանաների եւ ղեւտացիների համար, ինչպէս հրամայուած էր Մովսէսի օրէնքով։ Արդարեւ, մեծ ուրախութիւն էր Յուդայի երկրում եւ քահանաների ու ղեւտացիների մէջ, որոնք հոգ էին տանում Աստծու ծառայութեան եւ նրա սրբութիւնների պահպանման համար։ Երգիչները, սաղմոսասացները եւ դռնապանները եւս անում էին այնպէս, ինչպէս սահմանել էին Դաւիթն ու նրա որդի Սողոմոնը, 45որովհետեւ այս մարդիկ էին սաղմոսներ երգում, նուագում եւ Աստծուն փառաբանում Դաւթի օրերից, երբ երգիչների իշխանն ու առաջնորդն էր Ասափը։ 46Զորոբաբէլի ու Նէեմիի օրերին ամբողջ Իսրայէլը, ըստ սահմանուած կարգի, մաս եւ բաժին էր տալիս երգիչներին եւ դռնապաններին, իսկ սուրբ ընծաները՝ ղեւտացիներին. ղեւտացիներն էլ Ահարոնի որդիներին էին տալիս իրենց բաժինը։