Նէեմիայի գիրք
13
ՆԷԵՄԻԻ ԿԱՏԱՐԱԾ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
1Այն օրերին Մովսէսի գիրքը կարդացին ի լուր ժողովրդի։ Նրա մէջ այսպէս էր գրուած. «Թող ամոնացին եւ մովաբացին յաւիտեան չմտնեն Աստծու ժողովարան, 2որովհետեւ նրանք հացով եւ ջրով ընդառաջ չելան իսրայէացիներին, այլ վարձեցին Բաղաամ գուշակին՝ նրանց անիծելու համար, իսկ մեր Աստուածն անէծքը դարձրեց օրհնութիւն»։ 3Երբ լսեցին այս օրէնքը, հեռացրին իսրայէլացիներին խառնուած բոլոր այլազգիներին։
4Սրանից առաջ Ելիասիբ քահանան էր նշանակուած մեր Աստծու Տան գանձատան վրայ։ Նա Տուբիային տեղ տուեց 5եւ այնտեղ նրա համար մեծ գանձատուն շինեց։ Դա նախկինում այն տունն էր, ուր դնում էին ընծաները, կնդրուկն ու սրբարանի սպասքը եւ ղեւտացիների, երգիչների ու դռնապանների համար որոշուած ցորենի, գինու, ձէթի ու իւղի տասանորդները, ինչպէս նաեւ առաջին բերքի այն բաժինը, որ քահանաների համար էր։
6Երբ այս ամէնն արուել էր, ես Երուսաղէմում չէի, քանի որ Բաբելոնի Արտաշէս թագաւորի երեսուներկուերորդ տարում գնացել էի թագաւորի մօտ։ Շատ օրեր անց ես թագաւորից խնդրեցի 7ու վերադարձայ Երուսաղէմ։ Ես իմացայ այն բոլոր չարութիւնները, որ Ելիասիբն արել էր Տուբիայի պատճառով, որովհետեւ նրան թոյլ էր տուել, որ գանձատուն շինի Տիրոջ տաճարի գաւթում։ 8Այդ բանն ինձ խիստ վրդովեց։ Ես Տուբիայի ամբողջ գոյքը դուրս նետեցի գանձատնից 9եւ հրամայեցի մաքրել Տիրոջ գանձատունը, այնտեղ վերադարձրի Տիրոջ Տան կայքն ու սպասքը, ընծաներն ու կնդրուկը։
10Իմացայ նաեւ ու վերահասու եղայ, որ ղեւտացիների բաժինն իրենց չէր տրուել, եւ նրանք գնացել էին իրենց ագարակները։ Ղեւտացիներն ու երգիչները այնտեղ մշակութիւն էին անում։ 11Ես կռուեցի իշխանաւորների հետ ու ասացի. «Ինչո՞ւ Տիրոջ Տնից պակասեցին ուտելիքները»։ Ես հաւաքեցի տաճարի բոլոր սպասաւորներին ու նրանց կարգեցի իրենց տեղերում։ 12Դրանից յետոյ բոլոր հրեաները Տիրոջ տաճարի գանձատուն էին բերում ցորենի, գինու եւ ձէթի տասանորդները։ 13Ես հրամայեցի դրանք տալ Ելիմ քահանային, Սադոկ գրագրին եւ ղեւտացիներից մէկին՝ Փադայիային, եւ նրանց հետ՝ Զաքուրի որդի Անանին, Մաթանայի որդուն, որովհետեւ նրանք վստահելի էին մթերքներն իրենց եղբայրներին բաժանելու եւ տալու գործում։ 14Թող Աստուած ինձ յիշի այս ամենի համար եւ ինձնից չհեռացնի իր ողորմութիւնը, որովհետեւ ես այս բոլորն արեցի Իսրայէլի Տէր Աստծու Տան համար։
15Այն օրերին տեսայ, որ Հրէաստանում շաբաթ օրով հնձաններ էին տրորում, հնձած խրձեր էին բերում Երուսաղէմի դռներով. գրաստներին բարձել էին գինու, խաղողի եւ թզի բեռներ եւ շաբաթ օրով բեռները բերում էին Երուսաղէմ։ Ես վկաներ բռնեցի, որ նրանք շաբաթ օրը վաճառք են անում։ 16Ովքեր ձուկ եւ ամէն տեսակ ապրանք էին բերում, նստում էին վաճառքի տեղերում, եւ հրեաները շաբաթ օրը Երուսաղէմի մէջ գնումներ էին կատարում։ 17Ես նախատեցի Երուսաղէմում եղած հրեաներին ու Յուդայի երկրի իշխանաւորներին եւ ասացի նրանց. «Այս ի՞նչ անօրէնութիւն էք գործում դուք. պղծում էք սուրբ շաբաթի օրերը։ 18Մի՞թէ այսպէս չարեցին ձեր հայրերը, եւ Աստուած նրանց եւ այս քաղաքի վրայ բերեց այս բոլոր չարիքները։ Արդ, դուք ինչո՞ւ էք աւելացնում Տիրոջ բարկութիւնն Իսրայէլի վրայ եւ պղծում սուրբ շաբաթի օրը»։
19Երբ ես կանգնեցրի Երուսաղէմի դռները, շաբաթ օրից առաջ հրամայում էի փակել դռները եւ թոյլ չէի տալիս բացել, մինչեւ որ անցնէր շաբաթ օրը։ Նաեւ պահապան զինուորներ նշանակեցի, որպէսզի շաբաթ օրը որեւէ մէկը չկարողանայ բեռով մտնել Երուսաղէմի դռներով։ 20Մէկ-երկու անգամ բոլոր վաճառողները գիշերեցին Երուսաղէմից դուրս։ 21Ես ասացի նրանց. «Ինչո՞ւ էք դուք քնում պարսպից դուրս. եթէ էլի տեսնեմ այդ անօրէնութիւնը, հրաման կը տամ, որ դուք չգաք մեր շաբաթներին եւ չմտնէք այս քաղաքը»։ 22Ղեւտացիներին, որոնք մաքրուած էին, ասացի, որ գան ու պահպանեն դռները եւ սրբագործեն շաբաթ օրը։ Դրանից յետոյ շաբաթ օրերը չպղծեցին։ Այս բոլորի համար էլ թող Աստուած յիշի ինձ եւ խնայի ինձ ըստ իր մեծ ողորմութեան։
23Այդ օրերին էր դարձեալ, որ ես տեսայ հրեաների, որոնք ազոտացի, ամոնացի եւ մովաբացի կանայք էին առել։ 24Նրանց որդիներն ու կանանցից ոմանք խօսում էին ազոտերէն, իսկ հրէերէն խօսել չգիտէին։ 25Ես նրանց նախատեցի, նզովեցի ու նրանցից շատերին ծեծեցի։ Աստծու անունով նրանց երդուեցրի, որ իրենց դուստրերին կնութեան չտան նրանց որդիներին եւ նրանց դուստրերին էլ չբերեն իրենց որդիների համար։ Նրանց ասացի. 26«Միթէ այդ պատճառով չէ՞ր, որ մեղանչեց Սողոմոն թագաւորը։ Մեր բոլոր թագաւորներից ո՞վ էր նրա նման իմաստուն. նա սիրելի էր Աստծուն, եւ Աստուած նրան դրեց թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ։ Բայց Աստծուն սիրելի եւ իմաստուն այսպիսի մեծ թագաւորին այլազգի կանայք խոտորեցրին ու գցեցին մեղքի մէջ։ 27Արդ, չլսե՛մ, թէ ձեզանից մէկն այսպիսի մեծ չարիք գործի՝ Աստծու առջեւ մեղանչի եւ այլազգի կին առնի»։
28Յովիդիայի եւ Ելիասիբ մեծ քահանայի որդիների մասին լսեցի, թէ նրանցից մէկի կինը Սանաբալատի դուստրն է, եւ նրան հալածելով՝ հեռացրի ինձանից։ 29Թող Աստուած նրանց յիշի իրենց ժառանգութեան եւ քահանայական ուխտի մէջ։ 30Ես ղեւտացիներին մաքրեցի բոլոր այլազգիներից եւ, ըստ ծառայութեան օրերի ու կարգի, նշանակեցի նրանց՝ քահանաներին եւ ղեւտացիներին, իւրաքանչիւրին իր գործին։ 31Նաեւ կարգադրեցի, որ իր ժամանակին բերեն ողջակէզների համար պատրաստի ամբողջ փայտը եւ առաջին բերքի իրենց բաժինը։ Թող մեր Աստուածն ինձ յիշի արդարութեամբ արած իմ բոլոր բարի գործերի համար, Նա, որ օրհնուած է յաւիտեան. ամէն։