Նէեմիայի գիրք

2

ՆԷԵՄԻԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ

1Արտաշէս արքայի քսաներորդ տարուայ Նիսան ամսին այնպէս եղաւ, որ արքան ինձնից խնդրեց։ Ես գինին վերցրի եւ տուեցի թագաւորին. թագաւորը մենակ էր։ 2Երբ նա գինին խմեց, ասաց ինձ. «Ինչո՞ւ է քո դէմքը տխուր եւ տրտում. դրա պատճառը այլ բան չէ, եթէ ոչ քո սրտի չարութիւնը»։ 3Ես խիստ վախեցայ ու թագաւորին ասացի. «Արքա՛յ, դու յաւիտեան ապրած կենաս, ինչո՞ւ իմ դէմքը տխուր եւ տրտում չլինի, որովհետեւ իմ հօր տունն ու քաղաքն է դարձել, եւ նրա դռներն այրուել են կրակից»։ 4Թագաւորն ինձ ասաց. «Դրա համար ի՞նչ ես ուզում խնդրել ինձնից»։ Ես աղօթքի կանգնեցի ու միտքս ուղղելով երկնքի Տէր Աստծուն՝ ասացի թագաւորին. 5«Թո՛ղ քո թագաւորութեան վրայ բարութիւն լինի. եթէ քո ծառան քո առջեւ գտաւ, եւ եթէ դու կամենում ես, ուղարկի՛ր ինձ Հրէաստան՝ իմ հայրերի յիշատակների քաղաքը, եւ ես, ըստ քո հրամանի խօսքի, կը վերաշինեմ այն»։ 6Թագաւորը, որի հարճը նստած էր նրա մօտ, ասաց ինձ. «Դու ե՞րբ տեղ կը հասնես եւ կամ ե՞րբ կը վերադառնաս»։ Թագաւորը գտնուեց եւ ինձ արձակեց։ 7Ես նրանից ժամկէտ խնդրեցի եւ ասացի թագաւորին. «Եթէ քո առջեւ շնորհ գտայ, տո՛ւր ինձ գետի կողմերի իշխաններին ուղղուած մի թուղթ, եւ թող ինձ տանեն՝ մինչեւ հասնեմ Հրէաստան։ 8Մի թուղթ էլ տո՛ւր Ասափին, որ արքունի անտառի պահապանն է, որպէսզի ինձ շինափայտ տայ քաղաքի դռների, պարիսպների եւ տան պատրաստման համար, որի մէջ ես պէտք է մտնեմ»։ Թագաւորն այդ թղթերը տուեց ինձ, որովհետեւ իմ Աստծու ձեռքն իմ նկատմամբ բարի էր։ 9Ես եկայ գետի կողմերի իշխանների մօտ ու նրանց տուեցի թագաւորի թղթերը։ Թագաւորն ինձ հետ ուղարկել էր զօրաւոր առաջնորդներ ու ձիեր։ 10Երբ Սանաբալատ իշխանն ու Ամոնի ծառայ Տուբիան լսեցին այս, նրանք իրենց վատ զգացին, որ Իսրայէլի բարօրութեան եւ կարիքների համար ես մարդիկ եմ փնտռել։ 11Եկայ ու այնտեղ մնացի երեք օր։ 12Գիշերը ես վեր կացայ, ինձ հետ նաեւ՝ սակաւաթիւ մարդիկ։ Ես մարդկանց չպատմեցի, թէ ինչ դրեց իմ սրտում, որ անեմ Իսրայէլի համար։ Ինձ հետ չկար ուրիշ գրաստ, բացի այն գրաստից, որի վրայ նստած էի։ 13Ես դուրս եկայ Հեղեղատի դռնով, անցայ Թզենու հողամասի եզրով եւ գնացի մինչեւ Աղբանոցի դուռը։ Ես ճնշւում էի, որ Երուսաղէմի պարսպի մէջ կային ճեղքեր, որ նրանք մաքրել էին, եւ որ նրա դռներն այրուած էին կրակից։ 14Ես անցայ Աղբիւրի դռնով՝ Թագաւորի ջրաւազանի մօտով։ Այնտեղ տեղ չկար, որ ես իմ գրաստին հեծած՝ կարողանայի անցնել։ 15Հեղեղատի մօտով, գիշերը ելայ դէպի վեր՝ պարսպի կողմը՝ ճնշուելով պարսպի ճեղքերից, հասայ Ձորի դռան մօտ, ապա վերադարձայ։ 16Պահապանները չիմացան, թէ ինչու էի գնացել կամ ինչ էի անում. ես ոչինչ չէի ասել նաեւ հրեաներին, քահանաներին, անուանի մարդկանց, զօրապետներին եւ ուրիշներին, որոնք այդ ժամանակ գլխաւորում էին գործերը։ 17Նրանց ասացի. «Տեսէ՛ք այն չարիքները, որոնց մէջ ենք այժմ, տեսէ՛ք, ինչպէ՜ս Երուսաղէմն անապատ է դարձել, եւ հրկիզուել են նրա դռները։ Եկէ՛ք շինենք Երուսաղէմի պարիսպները, եւ այլեւս նախատինքի մէջ չլինենք»։ 18Ես նրանց պատմեցի, որ Տիրոջ ձեռքն իմ նկատմամբ բարի էր, ասացի նաեւ թագաւորի խօսքերը, որ նա ասել էր ինձ։ Նրանց ասացի. «Այժմ եկէ՛ք ելնենք եւ վերաշինենք պարիսպը»։ 19Եւ նրանց ձեռքերը զօրացան այդ բարի գործերի համար։ Լսելով այդ մասին՝ Սանաբալատը, Ամոնի ծառայ Տուբիան եւ Գեսամ Արաբացին ծաղրում էին մեզ. նրանք եկան մեզ մօտ ու մեզ ասացին. «Ի՞նչ են այդ բաները, որ դուք անում էք։ Ի՞նչ է, դուք ուզում էք թագաւորի դէմ ապստամբե՞լ»։ 20Ես նրանց պատասխանեցի ու ասացի. «Երկնքի եւ երկրի Աստուածը յաջողութիւն տուեց մեզ, մենք նրա սուրբ ծառաներն ենք ու վերաշինում ենք այս քաղաքը, բայց ձեզ համար Երուսաղէմում չկայ բաժին, յիշատակ ու արդարութիւն»։

Էջմիածին · HYEJB1994