Նէեմիայի գիրք
3
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ
1Ելիասիբ մեծ քահանան եւ նրա եղբայր քահանաները ելան եւ շինեցին Ջրմուղի աւազանների դուռը, մաքրեցին այն ու նորոգեցին նրա փեղկերը եւ պարիսպը կանգնեցրին մինչեւ Անամայէլի աշտարակը՝ 2Երիքովի մարդկանց եւ Զաքուրի ու Ամարի որդիների օգնութեամբ։ 3Եքթիերան դուռը շինեցին Ասանի որդիները. նրանք յարդարելով պատրաստեցին այն իր փականքներով եւ նիգերով։ Նրանց հետ ձեռք-ձեռքի աշխատում էին Ռամոթը եւ Օրիայի որդիները, Ակոսի որդիները, 4սրանց կողքին՝ Մասիզեբէլի որդի Բարաքի որդի Մոսոլամը, սրա կողքին՝ Բաանի որդի Սադոկը, 5սրա կողքին՝ Թեկումադորեմի բնակիչները, բայց սրանց անուանի մարդիկ իրենց պարանոցը նրանց ծառայութեան տակ չդրեցին։
6Հին դուռը նորոգեցին Յուդան՝ Փասեկի որդին, եւ Մեսոլամը՝ Բասոդիայի որդին. սրանք պատրաստեցին այն ու դրեցին նրա փեղկերը՝ իրենց փականքներով ու նիգերով։ 8Նրանց կողքին, ըստ հերթականութեան, աշխատում էր Ռոսէկէիմի որդի Անանիան, որը երուսաղէմացիներին թողեց նորոգման աշխատանքը մինչեւ հրապարակների պարիսպը։ 9Նրանից յետոյ աշխատում էր Երուսաղէմի շրջանի իշխան Ռափիան, 10նրա կողքին՝ Յերոմաքի որդի Յերադիան, իսկ իր տան կողմից, սրա կողքին՝ Սաբանէի որդի Ատտուսը։ 11Պարսպի երկրորդ հատուածի վրայ աշխատում էին Երամի որդի Ելքիասը եւ Փաադմովաբի որդի Ասուբը՝ մինչեւ Թանուրիմի աշտարակը։ 12Սրանց կողքին աշխատում էր Ալոհեմի որդի Սալումը՝ Երուսաղէմի միւս կէսի իշխանը, ինքը եւ իր դուստրերը։ 13Ձորի դռան աշխատանքը յանձն առան Անուն եւ Զանուի բնակիչները. նրանք շինեցին եւ կանգնեցրին դուռը, դրեցին դռնափակերն եւ նիգերը. նրանք վերաշինեցին նաեւ պարիսպը հազար կանգուն երկարութեամբ՝ մինչեւ Մոխրոցի դուռը։ 14Իսկ Մոխրոցի դռան աշխատանքը յանձն առաւ Բեթքարամի շրջանի իշխան՝ Ռեքաբի որդի Մելքիան տեղացիների հետ, որոնք շինեցին, կանգնեցրին դուռը եւ դրեցին նրա փակերն ու նիգերը։
15Ջրաւազանի աղբիւրի պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ թագաւորի իշխան Ադիոնը՝ մինչեւ այնտեղ, ուր աստիճաններն իջնում են Դաւթի քաղաքից։ 16Նրանից յետոյ աշխատում էր Ազբուքի որդի Նէեմասը՝ Բեթսուրի կողմի իշխանը՝ մինչեւ Դաւթի գերեզմանի պարտէզը, մինչեւ Ջրաւազանի առաջացման տեղը, մինչեւ Բեթագաբարին։
17Նրանից յետոյ աշխատում էին ղեւտացիները՝ Բանէի որդի Ռայումը, նրանց կողքին Կէիլի կողմերի իշխան Ասաբիան. 18սրանից յետոյ՝ նրա եղբայրները եւ Կէիլի կողմի իշխան՝ Ադադի որդի Բենային։ 19Սրանից յետոյ Մասփէի իշխան՝ Յեսուի որդի Ազուրը աշխատում էր պարսպի երկրորդ հատուածի վրայ, որ գնում եւ միանում էր աշտարակի անկիւններին։ 20Նրանից յետոյ երկրորդ հատուածի անկիւնից մինչեւ Բեթելիասուբի դուռը, ուր նստում էր քահանայապետը, պարսպի նորոգման աշխատանքը յանձն առաւ Զաբուի որդի Բարուքը։ 21Նրանից յետոյ, երկրորդ հատուածում, աշխատում էր Ակոմի որդի Ուրիայի որդին՝ Մերամոթը, Բեթելիասուբի դռնից մինչեւ պարսպի վերջը։
22Նրանից յետոյ աշխատում էին Աքերի քահանաները։ Սրանցից յետոյ, իրենց տների առջեւ, վերանորոգման աշխատանքը յանձն առան Բենիամինն ու Ասուբը, 23եւ սրանցից յետոյ՝ Ազարիան՝ Անանիայի որդի Մասէայի որդին, իր տան մօտ։ 24Սրանից յետոյ Ենդադի որդի Բանին յանձն առաւ նորոգել պարսպի երկրորդ հատուածը՝ Բեթազարից մինչեւ անկիւնը։ 25Իսկ Ուզայի որդի Փալաքը յանձն առաւ նորոգել շրջադարձի մասը՝ անկեան դիմացը եւ աշտարակը, որ գտնւում էր թագաւորի ապարանքից դուրս՝ գաւթի բանտից վերեւ։ Նրանից յետոյ աշխատում էր Փորոնէի որդի Փաթաւան։ 26Նաթանայիմները, որ բնակւում էին Օփալում, նորոգում էին պարիսպը արեւելեան կողմի Ջրի դռան պարտէզից մինչեւ դրսի կողմի աշտարակը։ 27Սրանցից յետոյ աշխատանքը յանձն էին առել թէկուացիները՝ մեծ աշտարակի դիմացի երկրորդ հատուածից մինչեւ Սոփէլի պարիսպը։ 28Ձիերի դռան վերեւի հատուածից սկսած աշխատում էին քահանաները՝ ամէն մարդ իր տան դիմաց։ 29Նրանից յետոյ աշխատանքը յանձն առաւ Եմերի որդի Սադոկը՝ իր տան դիմաց, նրանից յետոյ՝ Սեքենիայի որդի Սամէիան, որը արեւելեան դռան պահապանն էր, նրանից յետոյ՝ Սելեմիայի որդի Անանիան եւ Սելեփի որդի Անոնը, որոնք աշխատում էին երկրորդ հատուածում։ Անոնից յետոյ աշխատում էր Բարաքայի որդի Մեսոլամը՝ իր գանձատան դիմաց։ 30Նրանից յետոյ պարսպի նորոգման աշխատանքը մինչեւ Բեթանաթան յանձն առաւ Սարեփի որդի Մելքիան։ Իսկ քաղաքի միւս մեծատունները նորոգում էին Մափկաթ դռան դիմացից մինչեւ անկիւնային ելքերը։ 31Ջրաւազանի եւ անկիւնի դռան միջեւ ընկած հատուածի նորոգումը յանձն առան Քելկիան եւ քաղաքի մեծատունները։