Նէեմիայի գիրք
4
ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԽԱՓԱՆԵԼ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
1Երբ Սանաբալաթը լսեց, թէ շինում են պարիսպը եւ կանգնեցնում նրա աշտարակները, վատ զգաց իրեն, զայրացաւ եւ սաստիկ ծաղրում էր հրեաներին։ 2Նա ասում իր եղբայրների առաջ. «Ա՞յս է ձեր զօրութիւնը, ո՛վ սամարացիներ, այդ ինչպէ՞ս են հրեաները շինում ու ամրացնում իրենց քաղաքը»։ 3Նրանց տեսութեան եկած Տուբիա Ամանացին ասում էր. «Ո՛չ, չեն կարող շինել, զոհեր մատուցել կամ ուտել զոհաբերուած ընծաներն իրենց տեղում. միթէ այժմ աղուէսները չե՞ն ելնի ու քանդի նրանց պարսպի քարերը»։ 4Այն ժամանակ մենք ասացինք. «Լսի՛ր մեզ, Տէ՛ր Աստուած մեր, քանզի մենք արժանացանք արհամարհանքի ու թշնամանքի. նրանց նախատինքները շո՛ւռ տուր իրենց գլխին, մատնի՛ր նրանց իրենց գերեվարողների թշնամանքին, 5եւ թող չծածկուեն նրանց անօրէնութիւնները»։
7Երբ Սանաբալաթն ու Տուբիան, արաբացիներն ու ամոնացիները լսեցին, թէ յաջողուեց Երուսաղէմի պարսպի շինարարութիւնը, եւ թէ մենք սկսեցինք ամէն տեղ գործը երեւացնել, դա վատ թուաց նրանց, 8եւ բոլորը հաւաքուեցին՝ միասին գալու եւ պատերազմելու Երուսաղէմի դէմ։ 9Մենք աղօթքի կանգնեցինք մեր Տէր Աստծու առջեւ եւ, թշնամիների պատճառով, մեզ վրայ պահակներ նշանակեցինք ցերեկն ու գիշերը։ 10Հրէաստանի մարդիկ ասացին. «Այսպէս չենք կարողանայ պատերազմել եւ միաժամանակ կառուցել. թող ոմանք զինուած կանգնեն պատրաստ, իսկ ոմանք՝ կառուցեն»։ 11Իսկ մեզ նեղողներն ասում էին. «Չենք թողնի, որ նրանք իմանան, ոչ էլ՝ տեսնեն, թէ ինչպէս ամէն տեղից ելնելով կը մտնենք նրանց մէջ, կը կոտորենք նրանց ու կը խափանենք նրանց գործը»։ 12Երբ տարբեր տեղերում բնակուող հրեաներն եկան եւ մեզ ասացին, թէ ամէն տեղից յարձակուելու են մեզ վրայ, 13ես ցածր տեղերում, պարսպի ետեւում, յարկերի ներքոյ կանգնեցրի մարդկանց՝ իրենց զէնքով, գեղարդով ու աղեղով հանդերձ։ 14Ես վեր կենալով՝ ասացի կազմ ու պատրաստ կանգնած մարդկանց, նրանց զօրապետներին եւ նրանց, որ տարբեր տեղերի պահապաններն էին. «Նրանցից մի՛ վախեցէք, յիշեցէ՛ք մեր մեծազօր եւ ահարկու Աստծուն եւ պատերազմեցէ՛ք ձեր եղբայրների, կանանց ու որդիների, դուստրերի եւ ձեր տների համար»։
15Երբ մեր թշնամիները լսեցին, թէ մենք իմացել եւ զինուել ու պատրաստուել ենք, Աստուած ցրեց նրանց մտադրութիւնը, եւ մենք բոլորս վերադարձանք պարսպի նորոգման աշխատանքին, եւ ամէն մարդ անցաւ իր գործին։ 16Եւ այդ օրից սկսած մարդկանց կէսը աշխատանք էր կատարում, իսկ միւս կէսը զինուած էր թշնամու դէմ. ամէն մարդ գեղարդը, վահանն ու աղեղն իր ձեռքին՝ պատրաստ կանգնած էր իր եղբօր թիկունքին, որը շինում էր պարիսպը։ 17Լինում էր ժամանակ, երբ, զէնքը մի ձեռքին, օգնում էր իր եղբօրը, իսկ միւս ձեռքով եղբօրը տալիս էր խիճը կամ շաղախը։ 18Ամէն շինարար իր մէջքին ունէր սուսեր եւ իր ազդրի վրայ՝ միասայրի սուր. եւ այդպէս շինում էին Երուսաղէմի պարիսպը։ Եղջերափող փչողը կանգնած էր նրանց մօտ։ 19Ես ասացի զինուած ու պատրաստ կանգնած մարդկանց եւ նրանց իշխաններին. «Այս գործը մեծ եւ ընդարձակ է, իսկ մենք ցրուած ենք պարսպի երկարութեամբ, 20հեռու ենք իրարից՝ ամէն մէկն իր եղբօրից։ Արդ, տարբեր տեղերում փողհարներ նշանակենք, եւ երբ մէկը որեւէ տեղից լսի եղջերափողի ձայնը, թող բոլորն այնտեղ հաւաքուեն, եւ մեր Աստուածը մեր թշնամիների դէմ կը պատերազմի մեզ համար»։
21Եւ այդպէս մարդկանց կէսն աշխատում էր, իսկ միւս կէսը զէնքերը պատրաստ բռնած՝ հսկում էր առաւօտը բացուելուց մինչեւ աստղերի երեւալը։ 22Ես ասացի ժողովրդին. «Եկէ՛ք բնակուենք այս Երուսաղէմ քաղաքի մէջ եւ գիշերը պահակներ դնենք մեր շուրջը, իսկ ցերեկը աշխատենք»։ 23Ես կանգնեցի, եւ ինձ պահպանող մարդիկ կանգնեցին իմ շուրջը։ Մեզանից որեւէ մէկը չէր հանում իր զգեստները եւ ոչ էլ ձեռքից ցած դնում իր զէնքը։