Նէեմիայի գիրք

5

ՆԷԵՄԻՆ ՀՐԱՒԻՐՈՒՄ Է ՄԵԾ ԺՈՂՈՎ

1Այն ժամանակ մեծ աղաղակ սկսուեց ժողովրդի մէջ, կանանց ու տղամարդկանց միջեւ՝ ամէն մարդ իր եղբօր դէմ։ 2Նրանք ասում էին. «Մեր որդիների եւ մեր դուստրերի կերակուրը վերջացաւ, գնանք, մի բան գնենք, որ ապրենք»։ 3Իսկ ոմանք ասում էին. «Մեր դաշտերն ու մեր այգիները գրաւի դնենք, ցորեն առնենք եւ ուտենք»։ 4Կային ոմանք, որ ասում էին. «Մեր ունեցուածքը ծախեցինք, ու արծաթ առանք եւ տուեցինք թագաւորի հարկը։ 5Հիմա մեր մարմիններն այնպիսին են, ինչպիսին մեր եղբայրների մարմիններն են, եւ մեր որդիները՝ ինչպէս նրանց որդիներն են։ Արդ, ինչո՞ւ մեր որդիներին տուեցինք ստրկութեան, մեր դուստրերը տարուած են բռնութեան, եւ մեր ձեռքին չկայ ճար, որով փրկենք նրանց»։

6Երբ ես լսեցի աղաղակն ու նրանց խօսքերը, խիստ նեղսրտեցի. 7ինքս ինձ խորհեցի, նախատեցի նրանց անուանի մարդկանց ու իշխաններին եւ ասացի նրանց. «Դո՞ւք էք ձեր եղբայրներից հարկ պահանջում»։ Նրանց հրամայեցի մեծ ժողովի հաւաքուել 8ու ասացի նրանց. «Մենք կը փրկենք մեր հրեաներին, որոնք վաճառուեցին հեթանոսներին, բայց դա մենք չիմացանք. հիմա՞ էլ էք դուք վաճառում նրանց»։ Նրանք լռեցին ու պատասխան տալ չկարողացան։ Ես ասացի. 9«Լաւ չէ այդ գործը, որ դուք անում էք, որովհետեւ Աստծուց չէք վախենում. այդ է պատճառը, որ մենք չազատուեցինք հեթանոսների ու մեր թշնամիների նախատինքից։ 10Ես ասում եմ իմ եղբայրներին ու ծանօթներին. “Թէ՛ ես եւ թէ՛ դուք փրկանքի համար կը տանք արծաթ ու բերք, որ ուզում են հարկահանները, 11եւ կը վերադարձնենք դրանց դաշտերը, այգիները, ձիթենիներն ու տները. թող մեր արծաթով գնեն ու դրանց համար բերեն ցորեն, եւ ձէթ”»։ 12Եւ իշխաններն ու այլ մեծամեծներն ասացին. «Կը վերադարձնենք եւ դրանցից ոչինչ չենք պահանջի, կ’անենք այդպէս, ինչպէս հրամայում ես»։ Ես կանչեցի քահանաներին ու նրանց երդուեցրի, որ անեն այս բանը. 13ես իմ վերարկուն ուժգին թափ տուեցի ու ասացի. «Թո՛ղ այսպէս թափ տայ ամէն մարդու, որ չի պահի այս խօսքը. թո՛ղ այսպէս նա իր տնից ու իր կալուածքներից դատարկուած եւ իր կեանքից թօթափուած լինի»։ Եւ հաւաքուած ամբողջ ժողովուրդն ասաց՝ Ամէն։ Նրանք օրհնեցին Տիրոջը, եւ ամբողջ ժողովուրդը կատարեց այս ասուած խօսքերը։

14Այն օրից սկսած, երբ ես պատուիրեցի, որ Յուդայի իշխանները չիշխեն նրանց, - դա Արտաշէս արքայի քսաներորդ տարուց մինչեւ երեսուներկուերորդ տարին էր, - տասներկու տարի ես եւ իմ եղբայրները եղանք իշխաններ. մենք որեւէ մէկի ունեցուածքը բռնի չկերանք եւ չխմեցինք։ 15Իսկ նախկինում բռնութիւն գործադրած իշխանների հարկը ծանրացրի եւ նրանցից առայ , գինի եւ այլ բաներ, ինչպէս նաեւ՝ քառասուն դիդրաքմա , որը վերադարձրի իրենց տէրերին, նրանց հեռացրի ժողովրդի իշխանութիւնից ու Աստծու երկիւղի պատճառով ես չեղայ նրանց նման։ 16Իսկ պարսպի գործը յաջող էր ընթանում, եւ ես որեւէ մէկի վրայ չբռնացայ՝ դաշտեր կամ այգիներ առնելով. բոլորն էլ անխափան աշխատում էին պարսպի շինութեան վրայ։ 17Հրեաներից հարիւր մարդու եւ մեր շրջակայքում գտնուող այլազգիներից նրանց համար, ովքեր մեզ մօտ էին գալիս, ես ծախսեր էի անում ու նրանց մասնակից դարձնում իմ ճաշին։ 18Օրական մի արջառ, վեց ընտիր ոչխար ու մի ուլ. այս էր իմ մէկ օրուայ ծախսը. տասն օրը մէկ անգամ բոլորին անխնայ գինի էի տալիս ըմպելու. ես ոչ ոքից բռնի հաց չառայ, քանզի գիտէի, որ ժողովրդի գործը ծանր է։ 19Թող Աստուած ինձ յիշի այն ամենի համար, ինչ ես արեցի իմ ամբողջ ժողովրդին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն