Նէեմիայի գիրք
6
ՊԱՐՍՊԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ԱՒԱՐՏԸ
1Երբ Սանաբալատն ու Տուբիան եւ արաբացիների երկիրն ու մեր թշնամիներից ուրիշ շատերը լսեցին, թէ շինեցի պարիսպը, եւ նրա մէջ քանդուած տեղ չմնաց, թէեւ այն ժամանակ դռները դեռեւս պատրաստուած չէին, 2Սանաբալատն ու Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մօտ եւ ասացին. «Ե՛կ եւ միասին հաւաքուենք Օնոյի դաշտավայրի մի գիւղում»։ 3Նրանք ուզում էին չարիք նիւթել իմ դէմ։ Ես նրանց մօտ պատգամաւորներ ուղարկեցի ու ասացի. «Այս գործը, որ ես անում եմ, մեծ գործ է, եւ չեմ հասցնում իջնելու ձեզ մօտ, որպէսզի գործս չընդհատուի. ձեզ մօտ կ’իջնեմ, երբ աւարտեմ»։ 4Նրանք բազում անգամ մարդ ուղարկեցին ինձ մօտ, իսկ ես նրանց տուեցի նոյն պատասխանը։
5Սանաբալատն ինձ մօտ ուղարկեց իր ծառաներից մի պատանու, որն իր ձեռքին բռնել էր մի բաց նամակ, 6որի մէջ գրուած էր այսպէս. «Բոլոր ժողովուրդների մէջ լուր է տարածուել, որ դու եւ բոլոր հրեաները ուզում էք ապստամբել թագաւորի դէմ. եւ դու դրա համար ես շինում այդ պարիսպն ու ամրացնում նրա աշտարակները, որովհետեւ ուզում ես թագաւոր դառնալ. 7այդ պատճառով դու քեզ համար մարգարէներ կարգեցիր, որովհետեւ ուզում ես Երուսաղէմում թագադրուել եւ թագաւորել Հրէաստանի վրայ։ Արդ, գուցէ այս խօսքերը պատմեն թագաւորին. արի՛ եւ երկուսս էլ մտածենք սրա մասին»։ 8Ես մարդ ուղարկեցի նրա մօտ ու ասացի. «Այդ խօսքերը, որ դու ասում ես, ոչ թէ ուրիշ տեղից են, այլ՝ քեզանից, քո սրտից ես ասում այդ»։ 9Արդարեւ, բոլորը զարհուրեցնում էին մեզ ու ասում. «Նրանց ձեռքերը կը թուլանան, եւ իրենց գործը չեն կատարի։ Արդ, ես զօրացրի իմ ձեռքերը, եւ գործը գլխովին պիտի աւարտեմ»։ 10Ես մտայ Մետաբելի որդի Գալայիայի որդու՝ Սեմէի տունը։ Նա փակուել էր իր տանը եւ ինձ ասաց. «Հաւաքուենք Տիրոջ Տանը, ամրանանք նրա մէջ, փակենք նրա դռները, գուցէ թշնամիները գիշերը գալով սպանեն մեզ»։ 11Ես ասացի. «Ո՞վ է այն մարդը, որից ես փախչեմ, եւ կամ կա՞յ ինձ նման մի մարդ, որ Տիրոջ Տուն մտնի եւ կարողանայ ապրել»։ 12Ես հասկացայ, որ նա Աստծու ուղարկածը չէ, եւ մարգարէի խօսքը իմ մասին չէր։ 13Տուբիան եւ Սանաբալատը վարձկաններ ու բազում այլ մարդիկ հանեցին իմ դէմ, որպէսզի վախենամ եւ մտնեմ Տիրոջ Տուն, մեղք գործեմ, եւ իմ անունն արատաւորեն։ 14Թող Աստուած ըստ իրենց նենգութեան յիշի Տուբիային ու Սանաբալատին, որոնք չար բան մտածեցին իմ մասին եւ ստիպում էին սուտ մարգարէանալ, որպէսզի զարհուրեցնեն ու վախեցնեն ինձ։
15Պարիսպն աւարտուեց Իլուլ ամսի քսանհինգին՝ յիսուներկու օրուայ ընթացքում։ 16Երբ մեր բոլոր թշնամիները եւ մեր շուրջը եղած բոլոր ժողովուրդները լսեցին այդ, զարհուրեցին, եւ նրանց վրայ ահ ու մեծ երկիւղ ընկաւ. նրանք իմացան, որ մեր գործի կատարումն Աստծուց էր։
17Այն օրերին հրեաների կողմից մեծ պատուով նամակ է ուղարկւում Տուբիային. Տուբիան գալիս է նրանց մօտ, 18քանզի նրանք իրար հետ ընտանեկան մեծ կապեր ունէին։ Տուբիան Երայի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Յովնաթանը կին առաւ Բարաքիայի որդի Մեսոլոմի դստերը։ 19Նրա խօսքերն ինձ էին բերում, իսկ իմ խօսքերը յայտնում էին նրան։ Տուբիան ինձ վախեցնելու համար բազմաթիւ նամակներ էր տուել։