Նէեմիայի գիրք

9

ՄԵՂՔԵՐԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆԸ

1Նոյն ամսի քսանչորսին իսրայէլացիները հաւաքուեցին ու սկսեցին ծոմ պահել, քուրձ հագան ու մոխիր լցրին իրենց գլուխներին։ 2Իսրայէլացիները զատուեցին բոլոր այլազգիներից ու քաւեցին իրենց եւ իրենց հայրերի մեղքերը։ 3Նրանք կանգնած էին իրենց տեղերում՝ ըստ սահմանուած կարգի։ Եզրասը կարդում էր Տէր Աստծու Օրէնքի գիրքը, եւ ամբողջ ժողովուրդը երկրպագում էր իր Տէր Աստծուն։ 4Նրանք կանգնած էին բարձրադիր մի տեղում։ Եզրասը, ղեւտացիները,Յոսեդեկի որդի Յեսուն, Կադմիէլի որդիները, Սարեբիայի որդի Սաքանիան եւ Անանիայի որդիները բարձրաձայն գոչեցին իրենց Տէր Աստծուն։ 5Ղեւտացի Յեսուն եւ Կադմիէլն ասացին. «Եղբայրնե՛ր, օրհնեցէ՛ք մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից. թո՛ղ օրհնեալ լինի Տիրոջ փառքը, թո՛ղ բարձրանայ նրա օրհնութիւնն ու գոհութիւնը»։ Եզրասն սկսեց օրհնաբանել Տէր Աստծուն եւ ասաց. 6«Դու ես միակ նոյն Տէր Աստուածը, դու ես, որ ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքները եւ նրա բոլոր զօրութիւնները, երկիրը եւ այն ամէնը, ինչ նրա վրայ է, ծովը եւ այն ամէնը, ինչ նրա մէջ է։ Դու ես, որ կենդանութիւն տուեցիր բոլորին, եւ քեզ են երկրպագում երկնքի զօրքերը, քեզ են փառաբանում երկինքների երկինքները, 7որովհետեւ դու ես մեր միակ Տէր Աստուածը։ Դու ընտրեցիր Աբրամին, նրան հանեցիր քաղդէացիների երկրից ու նրա անունը դրիր . 8նրա սիրտը գտար հաւատարիմ քո առջեւ եւ նրա հետ ուխտ դրեցիր՝ յաւիտենապէս տալու նրան եւ նրա զաւակին քանանացիների, ամորհացիների, փերեզացիների, յեբուսացիների եւ գերգեսացիների երկիրը։ Դու հաստատեցիր քո խօսքը, որովհետեւ արդար ես։ 9Դու տեսար մեր հայրերի նեղութիւնները Եգիպտոսում, լսեցիր նրանց աղաղակը Կարմիր ծովի վրայ, 10նրանց համար հրաշքներ գործեցիր Եգիպտոսում՝ Փարաւոնի, նրա բոլոր ծառաների ու նրա երկրի ամբողջ ժողովրդի վրայ, քանզի իմացար, որ նա յոխորտաց քո ժողովրդի վրայ, եւ դու քեզ համար մեծ ստեղծեցիր մինչեւ այսօր։ 11Դու Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առջեւ, եւ նրանք անցան ծովի միջով, ինչպէս ցամաքով. նրանց հալածիչներին քարերի նման ընկղմեցիր խոր ջրերի մէջ. 12ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սիւնով, իսկ գիշերը՝ կրակի սիւնով, որպէսզի լուսաւորես նրանց ճանապարհը, որով գնում էին։ 13Դու իջար Սինայի լերան վրայ ու երկնքից խօսեցիր նրանց հետ, նրանց տուեցիր արդար դատաստաններ ու ճշմարիտ օրէնքներ, հրամաններ եւ , 14քո սուրբ շաբաթները ծանուցեցիր նրանց եւ քո ծառայ Մովսէսի միջոցով նրանց տուեցիր պատուիրաններ, հրամաններ եւ օրէնքներ։ 15Դու երկնքի հացը տուեցիր նրանց՝ կերակրուելու համար, ժայռից բխեցրիր ու խմեցրիր նրանց, ճանապարհ բացեցիր նրանց համար՝ մտնելու եւ ժառանգելու այն երկիրը, դէպի ուր բարձրացրիր քո ձեռքը, որպէսզի այն տաս նրանց։

16Բայց իրենք իսկ՝ մեր հայրերը, գոռոզացան ու անօրինացան, խստացրին իրենց պարանոցները, չլսեցին քո պատուիրանները, 17իրենց աչքերը շեղեցին քո օրէնքներից, չյիշեցին քո հրաշքները, որ դու արեցիր նրանց համար, այլ խստացրին իրենց պարանոցները, իրենց թիկունքները դարձրին դէպի քեզ եւ ուզեցին նորից ստրկութեան վերադառնալ ։ Բայց դու, Տէ՛ր մեր, որ գթած ես եւ ողորմած, համբերատար եւ բազումողորմ, իսպառ չլքեցիր նրանց։ 18Նրանք դարձեալ իրենց համար ձուլածոյ հորթ պատրաստեցին ու ասացին. “Սրա՛նք են այն աստուածները, որ մեզ հանեցին Եգիպտացիների երկրից”։ Նրանք մեծամեծ վիրաւորանքներ հասցրին քեզ, 19բայց դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց չթողեցիր անապատում ու չցրեցիր, նրանցից չհեռացրիր ամպի սիւնը, որ նրանց առաջնորդում էր ցերեկը, նաեւ՝ կրակի սիւնը, որ գիշերը լուսաւորում էր նրանց ճանապարհը, որով գնում էին։ 20Դու քո բարերար Սուրբ Հոգին տուեցիր նրանց՝ իմանալու օրէնքները, մանանան չհեռացրիր նրանց բերանից, ժայռից ջուր տուեցիր նրանց՝ ծարաւը յագեցնելու, 21քառասուն տարի նրանց թափառել տուեցիր անապատում, նրանց հագուստները չմաշուեցին, նրանց կօշիկները չհնացան։ 22Դու նրանց առջեւ հարուածեցիր թագաւորներ ու ժողովուրդներ, եւ նրանք բաժանեցին ու ժառանգութիւն առան նրանց երկիրը՝ Եսեբոն թագաւորի Սեհոն երկիրը եւ Բասանի թագաւոր երկիրը։ 23Դու նրանց որդիներին բազմացրիր ինչպէս երկնքի աստղերը եւ բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր նրանց հայրերին. նրանք ժառանգեցին այն։ 24դու նրանց առջեւ կոտորեցիր քանանացիների երկրի բնակիչներին ու նրանց երկիրը տուեցիր սրանց ձեռքը, կոտորեցիր նրանց թագաւորներին ու երկրի ժողովրդին, ինչպէս որ նրանք էին ցանկացել։ 25Նրանք առան բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ, ժառանգեցին ամէն տեսակ բարիքներով լի տներ, փորուած եւ պատրաստուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ եւ ամէն տեսակ պտղատու ՝ որպէս լիառատ կերակուր նրանց համար։ Նրանք կերան եւ յագեցան, գիրացան ու մեղկացան մեծամեծ բարիքների մէջ, որ դու տուեցիր նրանց։ 26Նրանք հեռացան ու հրաժարուեցին քեզանից, ետ դարձան քո օրէնքներից ու կոտորեցին քո մարգարէներին, որոնք քարոզում էին նրանց, որ դառնան դէպի քեզ, բայց նրանք մեծ չարիքներ գործեցին քո առջեւ։ 27Դրա համար էլ դու նրանց մատնեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք նեղեցին նրանց. նրանք իրենց նեղութեան ժամանակ աղաղակեցին դէպի քեզ, եւ դու երկնքից լսեցիր նրանց, բազում գթութեամբ եւ ողորմութեամբ փրկեցիր նրանց ու նրանց հանեցիր իրենց նեղողների ձեռքերից։ 28Բայց երբ նրանք հանգստացան, նորից սկսեցին քո առջեւ չարիքներ գործել։ Դու նրանց թողեցիր իրենց թշնամիների ձեռքը, որոնք չարչարեցին նրանց։ Նրանք կրկին աղաղակեցին դէպի քեզ, եւ դու երկնքից լսեցիր նրանց, քո բազում ողորմութեամբ փրկեցիր նրանց 29եւ դարձեալ նրանց պատուիրեցիր դառնալ քո օրէնքներին։ Իսկ նրանք, յիմարացած, անմտութեամբ չհնազանդուեցին քո օրէնքներին եւ մեղանչեցին քո այն հրամանների ու պատուիրանների դէմ, որ դու ասել ու հրամայել էիր, թէ՝ մարդկանցից ով որ կատարի քո պատուիրանների պահանջները, կ’ապրի նրանցով։ Բայց նրանք դարձրին իրենց թիկունքները դէպի քեզ, եղան խստապարանոց ու չլսեցին քո խօսքը։ 30Դու նորից համբերատար եղար նրանց նկատմամբ, եւ քո Սուրբ Հոգով ուղարկեցիր մարգարէներին՝ վկայութեան, սակայն նրանք այդպէս էլ չլսեցին։ Դու նրանց մատնեցիր օտար երկրների ժողովուրդների ձեռքը, որոնք շատ տառապանքներ պատճառեցին նրանց։ 31Դու, ըստ քո բազում գթութեան ու ողորմութեան, նրանց իսպառ չթողեցիր եւ մերժելով չհեռացրիր քեզանից, քանզի դու հզօր ես, գթած եւ ողորմած, համբերատար ու բազումողորմ։

32Այժմ, Տէ՛ր Աստուած մեր, դու, որ զօրաւոր ես ու մեծ, ամենակալ եւ ահարկու, արդար եւ ճշմարիտ, պահի՛ր քո ուխտն ու ողորմութիւնը եւ նայի՛ր մեր եւ մեր թագաւորների, մեր իշխանների, մեր քահանաների, մարգարէների եւ մեր բոլոր հայրերի տառապանքներին ու նեղութիւններին, նայի՛ր քո ժողովրդին, որին տառապեցրին, եւ մինչեւ այսօր մեզ վրայ բռնանում են Ասորեստանի թագաւորները։ 33Դու արդար ես ամէն ինչում, որ մեզ վրայ բերեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ ճշմարտութեամբ արեցիր այդ բոլորը, 34քանի որ մեղանչեցինք թէ՛ մենք, թէ՛ մեր իշխանները, թէ՛ մեր քահանաներն ու մեր հայրերը, եւ քո պատուիրանները չկատարեցինք, չանսացինք քո օրէնքներին ու վկայութիւններին, որ յիշեցնում էիր մեզ։ 35Դու մեզ տուեցիր քո գթութիւնները եւ բազում բարութիւնները, տուեցիր մեզ այս լայն, ընդարձակ ու պարարտ երկիրը, բայց մենք քեզ ծառայել չիմացանք, մեր սիրտը շրջեցինք քո օրէնքներից եւ մեր մեղքերի պատճառով մատնուեցինք գերութեան։ 36Եւ ահա այսօր ստրկութեան մէջ ենք, մենք եւ այս երկիրը, որ տուեցիր մեր հայրերին՝ ազատօրէն ուտելու նրա բերքն ու բարիքները։ 37Արդ, այսօր օտար թագաւորներ են տիրում մեզ վրայ եւ ուտում են այս երկրի բարիքները մեր մեղքերի պատճառով, իսկ մենք, ստրկութեան մէջ ընկած, հարկ ենք տալիս. նրանք մեզ ու մեր անասունների հետ վարւում են այնպէս, ինչպէս որ կամենում են։ Այսօր մենք նեղութեան ու մեծ վշտերի մէջ ենք մեր մեղքերի պատճառով։ 38Արդ, այս ամենի համար մենք ուխտ ենք դնում եւ հաւատարիմ կը մնանք մեր ուխտին. հաւատում ենք քո օրէնքներին ու կատարում ենք դրանք։ Այս խօսքերը գրով հաստատում ու կնքում ենք մենք, մեր բոլոր իշխանները, մեր ղեւտացիները եւ մեր քահանաները»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն