Թվոց գիրք
11
ԱՅԴ ՎԱՅՐԸ ԿՈՉՈՒԵՑ ՀՐԱՅՐԵԱՑ
1Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը։ 2Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց։ 3Այդ վայրը կոչուեց Հրայրեաց, որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել։
4Նրանց մէջ գտնուող խառնամբոխը սկսեց շատ պահանջներ ներկայացնել։ Իսրայէլացիները նստած լաց էին լինում եւ ասում. «Ո՞վ մեզ ուտելու միս կը տայ։ 5Մենք յիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը։ 6Եւ արդ, մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում»։ 7Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր։ 8Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում։ Նա քաղցր էր իւղով ու մեղրով պատրաստուած խորիզի նման։ 9Երբ գիշերը բանակատեղիի վրայ ցօղ էր իջնում, մանանան էլ նրա վրայ էր իջնում։
ՄՈՎՍԷՍՆ ԸՆՏՐՈՒՄ Է ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ
10Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ։ Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին չարագուշակ երեւաց։ 11Մովսէսը հարցրեց Տիրոջը. «Տէ՜ր, ինչո՞ւ չարչարեցիր ինձ՝ քո ծառային, ինչո՞ւ քո առաջ շնորհք չգտայ, եւ այս ժողովրդի բարկութիւնն ինձ վրայ թափեցիր։ 12Միթէ ե՞ս յղացայ այս ամբողջ ժողովրդին կամ թէ ե՞ս ծնեցի նրան, որ ինձ ասում ես, թէ՝ “Առ նրան քո գիրկը, ինչպէս դայեակն է իր գիրկն առնում ծծկեր երեխային, որպէսզի նրան տանեմ այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին”։ 13Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։ 14Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա։ 15Եթէ այդպէս ես վարուելու ինձ հետ, սպանի՛ր ինձ միանգամից, եթէ դա հաճելի է քեզ, եթէ շնորհ գտայ եւ ողորմութիւն քո կողմից, որպէսզի չտեսնեմ իմ չարչարանքները»։ 16Տէրը պատասխանեց Մովսէսին. «Իսրայէլացի ծերերի միջից ինձ համար հաւաքի՛ր եօթանասուն տղամարդ, որոնց ճանաչում ես իբրեւ ժողովրդի մէջ ամենածեր մարդիկ եւ իսրայէլացիների գրագիրներ։ Նրանց կը բերես վկայութեան խորան, եւ նրանք այնտեղ կը կանգնեն քեզ հետ։ 17Ես կ’իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ եւ քեզ տուածս ոգուց կ’առնեմ ու կը դնեմ նրանց մէջ։ Նրանք ի վիճակի կը լինեն կրելու այդ ժողովրդի յանդգնութեան բեռը. եւ դու միայնակ չես կրի դա։ 18Ժողովրդին կ’ասես. “Մաքրուեցէ՛ք վաղուայ համար, որ միս ուտէք, որովհետեւ լաց լինելով Տիրոջ առջեւ՝ ասում էիք. “Ո՞վ մեզ միս կը տայ ուտելու։ Մեզ համար լաւ էր Եգիպտոսում”։ Տէրը ձեզ միս կը տայ ուտելու, եւ դուք միս կ’ուտէք։ 19Կ’ուտէք ոչ թէ մէկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր, 20այլ կ’ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մէջ է, լաց լինելով նրա առջեւ՝ ասացիք. “Մեր ինչին էր պէտք Եգիպտոսից դուրս գալ”»։
21Մովսէսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ “Միս տամ նրանց, որ մէկ ամիս ուտեն”։ 22Եթէ անգամ մորթենք բոլոր արջառներն ու ոչխարները, կը բաւարարե՞նք նրանց, կամ եթէ հաւաքուի ծովի ամբողջ ձուկը, կը բաւարարե՞նք նրանց»։ 23Տէրը պատասխանեց Մովսէսին. «Մի՞թէ Տիրոջ ձեռքը ի վիճակի չէ դրան։ Հիմա կը համոզուես, թէ իմ ասածը կը կատարուի՞, թէ՞՝ ոչ»։ 24Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։ 25Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց։ 26Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում։ 27Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում»։ 28Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ պաշտօնեան, ասաց. «Տէր Մովսէս, արգելի՛ր նրանց մարգարէութիւն անել»։ 29Մովսէսը նրան պատասխանեց. «Իմ փոխարէն դու մի՛ նախանձիր նրանց։ Երանի թէ Տէրը ամբո՛ղջ ժողովրդին մարգարէներ դարձնէր՝ իր ոգին տալով նրանց»։ 30Դրանից յետոյ Մովսէսն ու իսրայէլացի ծերերը գնացին բանակատեղի։
ՏԷՐԸ ԼՈՐԱՄԱՐԳԻՆԵՐ Է ՈՒՂԱՐԿՈՒՄ
31Տէրը քամի բարձրացրեց եւ ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջը մէկ օրուայ ճանապարհի երկարութեամբ ու գետնից երկու կանգուն բարձրութեամբ։ 32Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում։ Ամենաքիչ հաւաքողը տաս քոռ հաւաքեց։ Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը։ 33Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց։ 34Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց։ Ցանկութեան գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկաւ դէպի Ասերոթ։
Էջմիածին · HYEJB1994